ԺՊ-ների միջոցով լծակների վերաբաշխում է տեղի ունենում 

ԺՊ-ների միջոցով լծակների վերաբաշխում է տեղի ունենում 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թ․ ՏԻՄ հերթական ընտրությունների համար քվեարկության 3 օր է սահմանել` հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 եւ դեկտեմբերի 5: Ավելի վաղ որոշված էր ընտրություններն ավարտել մինչեւ նոյեմբերի 14-ը, սակայն ժամկետը հետաձգվեց: Երկարաձգման ֆորմալ պատճառն այն է, որ խոշորացված համայնքները շատ եւ չեն տեղավորվում ավելի վաղ որոշված ժամկետների մեջ, իսկ քաղաքական իմաստն ավելի խորն է` որքան  երկարաձգվում են ընտրությունները, այնքան ավելանում են դրանց վրա ազդելու իշխող քաղաքական ուժի շանսերը:  

«Հրապարակի» հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգան Մուկուչյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ հայտնի է, թե որ համայնքներն են ՏԻՄ ընտրելու հոկտեմբերի 17-ին․ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո, Գյումրի, Գորիս, Տաթեւ, Տեղ, Մեղրի, Դիլիջան: «Հաջորդը նոյեմբերի 14-ն է, որոշումները կլինեն մեր կայքում: Իմ նշած բոլոր համայնքների դեպքում Ընտրական օրենսգրքի պահանջը, որ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի հերթական ընտրությունը նշանակվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ, պահպանվել է: Ոչ մի խախտում չկա: Իմ նշած համայնքների վերաբերյալ որոշումները կայացվել եւ ներկայացվել են սահմանված ժամկետների պահպանմամբ»,- պնդում է Մուկուչյանը: Նա հիշեցնում է, որ ՏԻՄ ընտրություններ նշանակող մարմինը կառավարությունն է` արտահերթ ընտրության դեպքում, եւ մարզպետարանները` հերթականի ժամանակ, ԿԸՀ-ն հետեւում է ժամկետների պահպանմանը:

«Հիմա մենք ունենալու ենք ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական ընտրակարգերով ընտրություններ՝ հերթական, արտահերթ: Յուրաքանչյուրի համար օրենքը տարբեր ժամկետներ է սահմանում: Ասենք, մեծամասնականի համար սահմանված է 70 օր, համամասնական ընտրակարգով ընտրության համար` 60 օր: Համայնքում ընտրություն նշանակելու որոշման մեջ նշվում է նաեւ ընտրակարգը: Այդ ժամկետները սահմանված են այն հաշվով, որպեսզի նշանակման որոշումը լինի ավելի շուտ, որ հնարավոր լինի այդ օրվանից մեկնարկող բոլոր գործառույթներն իրականացնել` հանձնաժողովների ձեւավորում, առաջադրումներ եւ այլն»: 

Բազմաթիվ համայնքների ղեկավարների եւ ավագանու լիազորությունների ժամկետը լրացել է, եւ կառավարությունը, ըստ էության, իր հայեցողությամբ է որոշում՝ թույլատրե՞լ համայնքապետերին՝ շարունակել մնալ պաշտոնի, երկարաձգե՞լ նրանց լիազորությունները, թե՞ դադարեցնել եւ ԺՊ-ներ նշանակել: Օրինակ, ԺՊ-ներ են նշանակվել Արմավիրի Ամբերդ, Արագածոտնի Թալին, Գեղարքունիքի Զոլաքար, Լոռու Գյուլագարակ համայնքներում, Սպիտակ քաղաքում: Կարելի է ասել, որ այս եւ մյուս բոլոր տեղերում տեղական ինքնակառավարումը դադարեցված է, կառավարում է պետությունը: 

Մեր տեղեկություններով, ԺՊ-ների միջոցով այսօր Հայաստանում ՏԻՄ լծակների մեծ վերաբաշխում է տեղի ունենում: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ հին համայնքապետերի փոխարեն նշանակվեն հոգով-սրտով իրեն նվիրված ԺՊ-ներ, որոնք լիարժեք կտիրապետեն վարչական լծակներին եւ կկարողանան ազդել ընտրության ելքի վրա: Ամբողջ Հայաստանից տվյալներ ենք ստանում, որ համայնքների ղեկավարներին կանչում են մարզպետարաններ, առաջարկում, որ խոշորացման ժամանակ ՔՊ-ի ցուցակով առաջադրվեն: Նրանց, ովքեր համաձայնում են, խոստանում են ԺՊ նշանակել, ովքեր` ոչ, հեռացվում են պաշտոնից։ Գեղարքունիքում այս առաքելությունը ստանձնել են մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, որը նախկինում եղել է Գնել Սանոսյանի վարորդը, իսկ այժմ ժամանակավորապես կատարում է մարզպետի պարտականությունները, եւ մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը: 

«Նրանք այս օրերին խոսում են համայնքապետերի հետ: Մարդիկ հիմնականում գլուխները կախ համաձայնում են: Սակայն կան մի քանի հոգի, որոնք որոշել են միահամուռ կարգով մերժել իշխանական այս առաջարկները եւ միանալ ընդդիմությանը»,- ասում է Գեղարքունիքի մեր աղբյուրը: Հասկանալի է, որ այս տեղեկատվությունը հրապարակավ ոչ ոք չի հաստատում, ուստի չենք նշում համայնքների անունները: Մարզպետի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը հերքում է: Տեղեկություններ կան, որ իշխանության ներկայացուցիչն առաջարկում է համայնքապետերին՝ աջակցել ՔՊ-ին, իսկ եթե ոչ` նրանք հեռանում են, ճի՞շտ է` հարցրինք նրան: «Գեղարքունիքում չկա նման բան»: Ոչ մի խոսակցություն Դուք եւ մարզպետարանի քարտուղարը չե՞ք ունեցել նրանց հետ, ոչ մի ճնշում չի՞ եղել: «Ոչ: Չի եղել նման բան: Մեր քարտուղարը նման լիազորություն չունի»: Հարցրինք նաեւ, թե ինչպես, ինչ սկզբունքով է որոշվում՝ նույն համայնքապետի լիազորությունները երկարաձգե՞լ, թե՞ նոր անձի նշանակել որպես ԺՊ:  

«ՏԻՄ մասին օրենքով, դա կատարվում է մարզպետի որոշմամբ: Եթե, օրինակ, հինգ տարի առաջ օգոստոսի 17-ին համայնքի ղեկավարը ստանձնել է այդ պաշտոնը, ու իր պաշտոնավարման ժամկետը լրացել է, մարզպետը նշանակում է նոր ղեկավար, որը կարող է լինել նույն մարդը, կարող է լինել ուրիշը»,- ասաց նա: Նշեց նաեւ, որ մարզպետի պարտականությունները կատարելու ընթացքում ինքը ոչ մի ԺՊ չի նշանակել: 

Գեղարքունիքի մարզում ընտրությունները տեղի են ունենալու փնջային տարբերակով: Դեկտեմբերի 5-ին համայնքապետեր են ընտրելու 4 շրջաններ` Մարտունի, Վարդենիս, Գավառ եւ Սեւան: