Տիրան Խաչատրյանի փաստաբանները կալանքի դեմ վերաքննիչ բողոք կներկայացնեն դատարան․ նոր մանրամասներ

Տիրան Խաչատրյանի փաստաբանները կալանքի դեմ վերաքննիչ բողոք կներկայացնեն դատարան․ նոր մանրամասներ

Հունվարի 22-ին Տիրան Խաչատրյանի պաշտպանները գեներալ-լեյտենանտի կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացնեն Վերաքննիչ քրեական դատարան։ Տեղեկությունը «Հրապարակ»-ին հայտնեց Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց՝ իր մասնակցությամբ օրերս ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Նախաքննական մարմինը Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ «խուլիգանություն հոդվածով, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով»։

Միջադեպով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը դեռեւս շարունակվում է։ 
Հարցին՝ արդյո՞ք վարույթը դիտավորությամբ ձգձգելու միտումներ տեսնում եք, թե ոչ, Վարազդատ Հարությունյանն ասաց․ «Դեռեւս վաղ է նման գնահատականներ տալ քանի որ վարույթը գտնվում է նախաքննւթյան փուլում։ Մեր կողմից միջնորդություններ ենք ներկայացրել, սպասում ենք դրանց լուծմանը։ Դրանցով ակնկալվում են որոշակի վարութային գործողություններ»։

Միջադեպի որոշ մասնակիցներ քննչական կոմիտեում արդեն հարցաքննվել են։ 
Միջադեպի ժամանակ պատահաբար թեթեւ մարմնական վնասվածք ստացած քաղաքացին բողոք չի ներկայացրել։ «Այդ մասով Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանք չկա։ 
Մեր կողմից երկուշաբթի օրը կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվելու վերաքննիչ քրեական դատարան»,-ասաց Խաչատրյանի փաստաբանը։

Ավելի վաղ Վարազդատ Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել էր, որ 
Տիրան Խաչատրյանը մեղքը չի ընդունում։ Դատավորը կալանքի որոշման մեջ գրել է, որ կալանքն անհրաժեշտություն է, որպեսզի Տիրան Խաչատրյանը գործի քննությանը չխոչընդոտի, փախուստի չդիմի, չթաքնվի։ Փաստաբանն ասաց՝ դատարանի որոշումը բողոքարկելու են, քանի որ կալանքի երկու հիմքերն էլ իսպառ բացակայում են։

«Գործի հանգամանքները հանրային տիրույթում միակողմանիորեն է ներկայացվում։ Տիրան Խաչատրյանի հետ կապված միջադեպի մասին տեղեկությունները, ոստիկանության կողմից բերման ենթարկելու տեսանյութերը արագ հայտնվել են իշխանական կայքերում եւ այլ կոնտեքստով են մատուցվում։ Տիրան Խաչատրյանը խմած չի եղել, խուլիգանություն չի արել, զենքի գործադրման է գնացել՝ ինքնապաշտպանության համար, կրակել է օդ՝ նպատակ ունենալով նախազգուշացնել ու կախել իր դեմ գործողությունները»,-ասել էր փաստաբանը։

Նա նաեւ հայտնել էր, որ Տիրան Խաչատրյանը որեւէ կերպ չի խուսափել վարույթային գործողություններից, մասնակցել է հարցաքննություններին, փորձաքննություններին, նմուշառումներին։ 

«Ես դատարանում էլ եմ ասել՝ մարդ, ով իր կյանքը չի խնայել հայրենիքի պաշտպանության համար, մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին, վերջին պատերազմին երկու ոտքից վիրավորում է ստացել՝ թշնամու հետ մենամարտի մեջ մտնելու պատճառով՝ ինչպե՞ս է հնարավոր, որ նա քննությունից թաքնվի, կամ՝ փախուստի կդիմի։ Այսպիսի կենսագրական ուղի անցած գեներալ-լեյտենանտի մասին նման վերաբերմունք ունենալը վիրավորում է ու արժեզրկում նաեւ պետության հիմքերը»,-ավելի վաղ ասել էր գեներալ-լեյտենանտի փաստաբանը։