«Դրական ազդակների» սիմֆոնիա

«Դրական ազդակների» սիմֆոնիա

Այո, մեր տարածաշրջանը դարձել է «դրական ազդակների» համերգասրահ: Սկզբում Հայաստանի վարչապետն էր դրական ազդակներ որսում Անկարայից: Հետո Անկարայից արձագանքեցին իրենց հնչեցրած դրական ազդակների հայաստանյան արձագանքին: Եվ երբ ազդակային սիմֆոնիան (ներդաշնակություն) սպառնում էր վերածվել կակաֆոնիայի (աններդաշնակության), ազդակային փոխանցումների խաղին միացավ Բաքուն: Իսկ պատճառը, Նիկոլի կարծիքով, ամենաուժեղ ազդակին՝ Էրդողանի հետ հանդիպման խնդրանքին վերջինիս բացասական պատասխանն էր:

Դրանից հետո Իլհամը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Նիկոլին: Նիկոլն էլ արձագանքեց, որ խնդիր չկա՝ տեղի եւ ժամանակի մասին էլ հոգ կտանեն Մինսկի խմբի համանախագահները․ նրանք ունեն դրա փորձը: Բաքվից կրկին արձագանքեցին, այս անգամ ավելի ցածր՝ ԱԳՆ մամուլի պատասխանատուի մակարդակով, ՀՀ իշխանությանը հիշեցնելով Իլհամի դիրքորոշումը՝ հարաբերությունների հաստատում միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի հիման վրա: Թեեւ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն միջազգայնորեն ճանաչված սահմաններ, եւ դրանց հաստատումը տեւում է տարիներ:  

Այսպես ավարտվեց դրական ազդակների փոխանցումախաղը կամ դրա առաջին փուլը, եթե թուրք-ադրբեջանական տանդեմի ղեկավարությունը չորոշի կրկին լրացուցիչ պայմաններ առաջադրել: Նախկինում նման սովորույթ ուներ Թուրքիան, բայց քանի որ Հայաստանը ղեկավարվում էր ոչ թե «ժողովրդի փրկիչ» Նիկոլի, այլ քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, թուրքական սովորույթը գործնական կիրառում չէր ստանում: Բայց մեր հիմար խելքով 2016-ի քառօրյայի հաղթական Սերժին փոխարինեցինք պարտության կնքահայր Նիկոլով եւ ստացանք 2020-ի խայտառակ պարտությունը: Դրան գումարվեցին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրի, Հայաստանի արեւելյան սահմանային խնդիրները: 

Վերադառնանք ազդակներին, ինչի բովանդակությունը հստակ է. պարտությամբ հպարտացողը պատրաստ է ամեն նվաստացման, միայն թե երկխոսության հնարավորություն ստանա Իլհամից ու Էրդողանից: Սակայն չի ցանկանում գիտակցել, որ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտը կհաղթահարվի միայն մի դեպքում․ եթե մենք վերանանք այստեղից: Որովհետեւ մենք չենք կարող մոռանալ 20-րդ դարասկզբի հայոց կոտորածները Թուրքիայում եւ Ադրբեջանի տարածքում: Դրան գումարած Արցախի մեծ մասի կորուստը: Իսկ նրանք էլ չեն կարող հաշվի չառնել, որ Նիկոլը մնացող չէ, նրա փոխարինողներն էլ առաջնորդվելու են ոչ թե նիկոլական «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» տխմարաբանությամբ, այլ իրականության ադեկվատ ընկալմամբ:
Նիկոլը համառորեն չի ցանկանում գիտակցել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն չեն մուրում թշնամուց: Խաղաղությունը հաստատվում է հավասարազոր գործընկերների միջեւ: Իսկ Իլհամն ու Էրդողանը Նիկոլին նման հնարավորություն տալու դիմաց պահանջում են Սյունիքի միջանցքն եւ Հայաստանի արեւելյան սահմանի «ճշգրտումը»՝ հօգուտ, բնականաբար, Ադրբեջանի: Սահմանի «ճշգրտումն» էլ նշանակելու է Արցախի ամբողջական հանձնումը թշնամուն: Իլհամը միաժամանակ չի մոռանում հիշատակել Արեւմտյան Զանգեզուրը, Իրեւանն ու Գոյչե լիճը: Նիկոլը դեռ համառում է ու չի ցանկանում կատարել արեւմտյան եւ արեւելյան թշնամիների պահանջը: Արդյունքում, ինչպես ինքն է ասում, ստանում է «հրադադարի ռեժիմի մշտական խախտումներ, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի խնդիր, նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանություններ եւ ագրեսիվ հռետորաբանություն»: Եվ ափսոսանքով նշում է, որ երբեմնի կիրթ ու կառուցողական հարեւանը շարունակում է «սրել իրավիճակը՝ խոչընդոտելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար այդքան անհրաժեշտ ամուր եւ հարատեւ խաղաղության հաստատմանը»: 

Նիկոլի փոխարեն մեկ ուրիշը կըմբռներ, որ ազդակային փոխանցումներն էն գլխից եղել են ոչ ներդաշնակ, եւ պետք է ոչ թե «անհոգնել հետեւել տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին», այլ փոխել այն՝ համապատասխանեցնելով իրականությանը: Եվ ոչ թե երեւութական հույս փայփայել, որ «մեր միջազգային գործընկերների ընկալումը մեր այս օրակարգի նկատմամբ շարունակաբար մեծանում է», ինչի արդյունքում ինքը պետք է որ հասնի իր նպատակին:

Եվ որպեսզի այդ մեկ ուրիշը փոխարինի Նիկոլին, մենք պետք է ամեն ջանք ու եռանդ գործադրենք Նիկոլին իշխանությունից հեռացնելու: Միայն դրանից հետո, ամրապնդելով մեր պետականությունն ու պետականության հիմքը՝ բանակը, մտածենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման եւ հարեւանների հետ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին: