Սոնա Վանն ամուսնու՝ Նուբար Ջանոյանի աճյունամոխիրը հանձնեց Բյուրականի հողին (լուսանկարներ)

Սոնա Վանն ամուսնու՝ Նուբար Ջանոյանի աճյունամոխիրը հանձնեց Բյուրականի հողին (լուսանկարներ)

Ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանի հոգին ու աճյունամոխիրը հետմահու հանգրվանեց հայրենի հողում։ Հոկտեմբերի 2-ին նրա տիկնոջ, բանաստեղծ Սոնա Վանի ձեռամբ տեղի ունեցավ Նուբար Ջանոյանի աճյունամոխրի՝ իր սիրելի բյուրականյան հողատարածքին հանձնման արարողությունը։ 

Սոնա Վանն իրեն հատուկ գեղագիտությամբ բարձրարվեստ մի հանդիսություն էր կազմակերպել, հրաժեշտի ձոն, որին ներկա էին Նուբար Ջանոյանի մտերիմները, արվեստագետներ, մտավորականներ, ինչպես նշեց Սոնա Վանը՝ մարդիկ, ովքեր ճանաչել են Նուբարին, նրա գործը, գիրը․ «ում կյանքերին ինչ որ ձեւով դիպչել է Նուբարը եւ վստահ եմ՝ հետք է թողել»։   

Սոնա Վանն ասում է՝ Հայաստան իր այցն այս անգամ երկիմաստ ու իրարամերժ զգացողություններ է առաջացրել, որովհետեւ առաջին անգամ եկել է առանց իր սիրելի Նուբարի՝ կատարելու նրա կտակի վերջին պատգամը․ «Նա ցանկացել էր, որ իր աճյունամոխրի մի մասը հաձնվի օվկիանոսին, իսկ մյուս մասը բյուրականյան այս մեծ տարածքի հողին, որի վրա 10 հազար ծառ ենք տնկել ժամանակին՝ այն հույսով, որ այդ 10 հազար ծառերը իրենց բերքով պետք է նպաստեն 10 հազար հայորդիների երջանկությանը, դա էր նրա նպատակը։ Նա ցանկություն ուներ այստեղ վերադարձնել հին աստվածներին՝ Նեմրութ լեռան վրայի ճիշտ մանրակերտը կառուցել այստեղ՝ ստեղծելով նախաքրիստոնեկան մի քաղաք, որը ցույց կտար, որ մեր պատմությունը սկսում է ոչ թե քրիստոնեությունից հետո, այլ շատ շատ դրանից առաջ»։ 

Սոնա Վանը չի թաքցնում հուզմունքը, ավելին՝ վստահ է, որ ամուսնու հոգին դիտում է այս ամենը վերեւից․ «Անգամ այսօր հագնվել եմ այնպես, ինչպես ինքը կուզեր, որ հագնվեի, թեպետ չէր ցանկանա սեւ քող, որովհետեւ սեւ չէր սիրում։ Նուբարը մեծ երազանքներ ուներ։ Նա մեծ երազող էր եւ միշտ կարողացել է կատարել իր բոլոր երազանքները, բայց ցավոք այս մի երազն անկատար մնաց՝ դեռեւս։ Առաջին անգամ, երբ եկանք Բյուրական, նա նայեց Մասիսներին ու ասաց՝ այստեղ կառուցելու եմ մեր սիրո քաղաքը եւ այստեղ եմ բերելու մեր հին աստվածներին ու նվիրեմ քեզ։ Ասաց, որ դա շատ ընդունված էր հին Հայաստանում, երբ տղամարդիկ քաղաք էին կառուցում իրենց սիրելի կնոջ համար։ Տարածքի ընտրությունը հենց դրանով էր պայմանավորված, որովհետեւ չքնաղ երեւում են Մասիսները, մեծ տարածք է եւ ունի բոլոր հնարավոությունները կառուցելու նման մի քաղաք: Տա Աստված մի օր կառուցվի այդ քաղաքը»։ 

Սոնա Վանը հիշում է՝ իր կյանքի վերջին ժամերին, երբ ամուսինը հրաժարվեց դիալիզից լսում էր Մոցարտ, Հայդեն, Կոմիտաս, իսկ վերջին շունչը տվեց Ֆրենկ Սինատրայի երգի հենց այն տողերի վրա, որտեղ ասում է՝ իմ վերջին շնչի վրա․․․․ «Հենց այդ տողերի վրա հանգեց Նուբարը, կարծես ինչ որ մեկը կորդիանցրել էր այդ ամենը եւ բոլորն ուզում էին ծափ տալ։ Ինքը միշտ ասում էր՝ դու պիտի գրես քո կյանքի հեքիաթը, ինքն իր կյանքի սցենարը գրել էր եւ դրանով ապրեց մինչեւ իր կյանքի վերջին արարը»։  

Մեր մշակույթին խիստ անսովոր մթնոլորտում անցավ աճյունամոխրի հանձման հանդիսավոր արարողությունը, դա ոչ թե թաղման ծես էր, այլ կոչ ապրողաց՝ երգ ու պարով, առանց լաց ու կոծի, խաղաղ սրտով եւ մտքով։ 

Հանդիսության ժամանակ ելույթ ունեցան «Հովեր» երգչախումբը, Երևան Լարային Քառյակը, Սիլվա Յուզբաշյանը, ով ընթերցեց Նուբար Ջանոյանի վերջին նամակը, որ բանաստեղծ Սոնա Վանը ամուսնու մահից հետո բոլորովին վերջերս է գտել՝ ուղղված իրեն եւ ընկերներին։ 

Ներկաները ծառեր տնկեցին, աղավնիներ երկինք ուղարկեցին, իսկ աճյունասափորը ձեռքից ձեռք փոխանցելով հանձնեցին Սոնա Վանին, ով մայրամուտի ցոլքերի ներքո կատարեց ամուսնու վերջին պատգամը, անգամ նրա մահը դարձնելով հեքիաթ ու կյանքի հանդեպ հաղթանակ։