Ինչ պիտի լինի իմ պաշտպանյալի վիճակը, եթե նա մահանա, ով է պատասխան տալու…ահազանգում է փաստաբանը

Ինչ պիտի լինի իմ պաշտպանյալի վիճակը, եթե նա մահանա, ով է պատասխան տալու…ահազանգում է փաստաբանը

Ա Հ Ա Զ Ա Ն Գ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանի վարույթում է գտնվում անբուժելի հիվանդությամբ տառապող կալանավորի գործը: Երկու տարուց ավելի է դատական նիստեր համարյա տեղի չեն ունենում և անընդհատ ձգձգվում են: Կալանավորը  բերվում էր  դատարան և եղել էին դեպքեր, երբ դատական նիստին սպասելիս վատացել է նրա ինքնազգացողությունը: Կալանավորը 2020թ. սեպտեմբերի 10-ին դիմել էր  Ա. Դանիբեկյանին ՝ իր նկատմամբ գրավ կիրառելու, բուժումը շարունակելու խնդրանքով: Դատավոր Ա. Դանիբեկյանը որոշումը հրապարակելու համար մտել էր խորհրդակցական ժամը 12:30-ին, որտեղից դուրս է եկել ժամը 16:30-ին, եւ դատարանում երկարատեւ պահելու, սնունդ ու դեղորայք չընդունելու պատճառով, վատացել էր հիվանդ կալանավորի վիճակը: Այդ օրվա նիստի հետ կապված կալանավորը դիմել էր ԲԴԽ՝ իր նկատմամբ կատարվածը համարելով խոշտանգում: Կալանավորը բազմաթիվ նամակներ էր ուղղել պատկան մարմիններին, բուժհիմնարկներին, առողջապահության նախարարությանը, որոնք հրաժարվել են հիվանդ կալանավորի խնդրին լուծում տալ:  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հիվանդ կալանավորի պաշտպանը՝ փաստաբան Լիանա Բալյանը հանդես եկավ «Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ» միջնորդությամբ: «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող կալանավորը հաշվառված է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական Կենտրոն ՊՈԱԿ-ում: Նա ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել 2018 թվականի փետրվարի 9-ին՝ «Նուբարաշեն»  ՔԿ հիմնարկից, որպես ՄԻԱՎ վարակակիր: Պաշտպան Լիանա Բալյանը հղում կատարելով բժշկական բազմաթիվ տեղեկանքներին, իր հարցումների պատասխաններին, տեղեկացրեց. «Հիվանդի մոտ ախտորոշված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ  3-րդ կլին. փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն: Ստորին ծնոտի քրոնիկ դեստրուկտիվ օստիոնեկրոզ աջից»: Ըստ պաշտպանի,  ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկը չի կարողանում իրականացնել ծնոտի վիրահատությունը, ինչպես նաեւ հնարավոր  չէ ապահովել հիվանդի պատշաճ բուժումը, դեղորայքի ընդունումը եւ հատուկ սնունդը: Ի դեպ, ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում պահվող կալանավորված անձի մոտ ախտորոշված է «ծնոտների օստիոնեկրոզ՝ դեզոմորֆինի գործածման հետեւանքով», որի համար վերջինիս ցուցված է վիրահատական բուժում: Դատավորը բավարարել է միջնորդությունը՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն 5 ամսից ավելի է այն չի կատարվում: Այսօր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իմ պաշտպանյալի ՔԿՀ-ում գտնվելը շատ վտանգավոր է և սպառնալիք է նրա կյանքի համար: Ես միջնորդություն եմ ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ: Դիմումներ ենք գրել նաև ՀՀ Գլխավոր դատախազին: Սակայն պատասխան չկա: Այսօր մամուլից տեղեկացա, որ   դատավոր Ա. Դանիբեկյանը կրկին արձակուրդ է մեկնել: Ինչ պիտի լինի իմ պաշտպանյալի վիճակը, եթե նա մահանա, ով է պատասխան տալու…

Փաստաբան   Լիանա Բալյան
Արտոնագիր թիվ 271
Հեռ. 094-66-00-01