Աղավնի Գրիգորյան. Հա-նուն, Հա-մար

Աղավնի Գրիգորյան. Հա-նուն, Հա-մար

***
Ամենն ասվել է «հանուն», թե «համար»
Տրուբադուրների երգով հոգեթով,
Իսկ երբ ճեմել են փերիներ չքնաղ,
ՍԵՐԸ ծաղկել է կարմիր վարդերով:
Փուշը հաղթել է… փերիներ չկան,
Տավիղն աշուղի՝ փոշին է կերել,
Ու խռովել է ԵՐԳԸ սիրավառ,
Վարդերն էլ՝ կե´ղծ են, ուզում է ԼՌԵ´Լ:

***
Ամենակարեւոր բառերիս վրձինը
սիրո գույնի մեջ եմ թաթախում
ու գրում անունդ սրտիս եկեղեցում.
շարականն աղոթքիս:

***
Երանի՜ ինձ. 
գրկում եմ քեզ՝ միջով տողիդ։
Տողադարձին`
գուցե քեզնով` ինձ հանդիպեմ:

***
Կաթիլ եմ, 
ու ջրերիդ 
թե՜լ, թե՜լ ալիքվող երազը` 
ի՛մն է։ 
Նավակ եմ, 
ու թիերիս 
ծի՜լ, ծի՜լ բողբոջած արեւը` 
սեր է։ 
Լողում եմ. աչքերդ չթարթես։ 

***
Մայրամուտից տաս է պակաս, 
իսկ մրջյունը վազո՜ւմ է դեռ... 
Քո պարտեզում թիթեռնիկը թեւ-թեւո՜ւմ է. 
աղոթք ունի, որ ուշ մթնի օրը միակ։ 
Մայրամուտից տաս է պակաս, 
իսկ դու չկաս յոթ լուսաբաց... 

***
Դու սիրում ես. 
ըստ հարմարության,
ըստ տրամադրության,
ըստ զբաղվածության։ 

Ես սիրում եմ: 

Դու  հաղթում ես. 
Ես պարտվում եմ, 
որ դո՛ւ հաղթես։ 

Դու նավատորմ ես կառուցում,
Հայտնագործում ես մոլորակներ…
Ամեն գիշեր մի օվկիան ջուր եմ նվիրաբերում ծովին, 
որ նավդ խութի չբախվի
ու պատմում աստղերին քո մասին:

Դու ցավն արհամարհում ես,
Ես կծկվում եմ ցավից, գոռում անզորությունից 
Ու հեկեկում երջանկությունից,
երբ որդուդ դնում են կրծքիս.
ժպտում է, կուշտ է:
Ես՝ կին 

***
Ես խաղամոլ չ'եմ։ 
Դնում եմ կյանքս քո սիրո դիմաց։ 
Պտտի՛ր անիվը։ 
Թվերից բացի՝ ոչինչ չկա՛։ 
Գիտեմ։ 
Դնում եմ կյանքս թվերի դեմ։ 
Պտտի՛ր անիվը։ 
Ռուսական ռուլետկա: 

***
Բժշկի էի.
Սրտիս համար դեղեր չգրեց, 
միայն անունդ՝
«Հակացուցված է անժամկետ» 
ու կնքեց ստորագրությամբ:

***
Դու չասացիր, 
Ես չհարցրի՝ 
ի՞նչ գույնի է մոռացումը։ 
Տե՛ս, մատներս ծակծկվել են, 
երբ կարմիրը հավատներիս 
քամին փշրեց։ 
Դու չհարցրիր, 
Ես չասացի. 
քո՛ մասին էին կարոտներս արեւակեզ:

Է՛լ կարմիր չեմ, 
ո՛չ էլ դեղին, 
Աստվա՜ծ գիտի գույնս անգույն, 
ու մրմուռը հին վերքերի
քարացել է
ծակ ափերում։ 
Ես չհարցրի, 
Դու էիր ասել` 
աչքերս առած աչքերիդ մեջ. 
«Ի՛մ խենթուհի, 
քո անո՛ւնն է գույնը միակ` 
երկնքիս մեջ։
Oblivion in c-moll, գունազրկում


Գտնված երազ

Հեռո՜ւ, հարազատ զարկեր,
Քո սրտից պոկվել` քեզ մոտ են կանչում, 
Պատուհանիս տակ մի կիսալուսին
Անքուն գիշերում ծամերն է հյուսում:

Հյուսքը կախ գցել` ջրերի հայելում
Գտնված կեսն է ուզում համբուրել, 
Ու սփռվում են քնած աշխարհին 
Բյուր-բյուր երազներ:

Հեռո՜ւ, հարազատ զարկեր` 
Քո սրտից պոկվել` հասել են սրտիս,
Ու երազիս մեջ մի լիալուսին
Սիրո ճամփեքին աստղ է շաղ տալիս:


Գնացքը

Ու բաժանվում ենք կրկին,
Անգամ բարեւ չառած.

Նույն վագոնում`
Իրար կողքի, 
Իրար կորցրած…

Տարբեր կողմեր է ինձ ու քեզ տանում
Գնացքը ուշացած.

Նույն վագոնում`
Իրար կողքի, 
Իրար կորցրած…

Ճռռո՜ւմ է. մաշվել է անիվը պողպատին,
Շտապելուն էլ ի՜նչ իմաստ,
Տարբեր կողմեր է ինձ ու քեզ տանում
Գնացքը` մի կյանք ուշացած:

Ու բաժանվում ենք ընդմիշտ`
Անգամ բարեւ չառած.
Իրար կողքի, 
Իրար կորցրած…

 

Լուսանկարը` Լուիզա Գրիգորյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ