«Օ՜, դու մեր անզուգական հերոս՝ գեղեցի՜կ»․ այսպիսի բանե՞ր պետք է ասի Հակոբ Ասլանյանին

«Օ՜, դու մեր անզուգական հերոս՝ գեղեցի՜կ»․ այսպիսի բանե՞ր պետք է ասի Հակոբ Ասլանյանին

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին այսօր հանրային տրանսպորտում «հակահայ վիժվածք» անվանած Սամվել Վարդանյանը ձերբակալվել է։ Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե այդ դրվագում խուլիգանություն կա, ապա Հակոբ Ասլանյանի գործողություններում է․

«Այնտեղ խուլիգանության դրվագներն իր վարքագծում են դրսևորվում։ Քաղաքացին իրեն ընդամենը բնորոշում է, դիմում է։ Օրինակ ցանկացած ՔՊ-ականի դավաճան ասելով բավարարվելը՝ իմ կարծիքով հաճոյախոսություն է իրենց հասցեին։ Բա եթե իրենք դավաճանություն են արել, ազգակործան սրիկայություն են արել, մտածում են, որ մարդիկ իրենց տեսնելիս  ի՞նչ պիտի ասեն։ Ասենք՝ եթե տրանսպորտում Հակոբ Ասլանյանին տեսնողը ասի՝ «Օ՜, դու մեր անզուգական հերոս, գեղեցիկ», այդպիսի բանե՞ր պետք է ասի, բա եթե դու դավաճան ես, հարցազրույցներ ես տալիս ու քո հարցազրույցների բովանդակությունը ապօրինություն ու դավաճանություն է մեր պետության ու ժողովրդի հանդեպ, և մարդիկ էլ դա տեսնում, ֆիքսում են, կարծիք են ձևավորում, իրենց կարծիքը արտահայտում։ Հիմա ի՞նչ պարտադիր է, որ քեզ ամեն անգամ մի բնորոշում տվողի վրա հարձակվես, ծեծես և այլն»,- ասաց Ղազարյանը։ 

Մեզ հետ զրույցում Ղազարյանը՝ Հակոբ Ասլանյանին հիշեցրեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, որը սահմանում է, որ «ԱԺ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները», ինչպես նաև «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների» մասին օրենքը, որը սահմանում է այդ էթիկայի նորմերը, ըստ որոնց «ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»։

«Եթե դու հանրային գործիչ ես, ապա հնարավոր է, որ մեկը հանրային վայրում քեզ գովի, ասի՝ մեռնեմ կյանքիդ, էս ինչ լավն ես, իմ հերոս։ Այդ դեպքում պետք է հավասարակշռված վերաբերմունք ցուցաբերես, նույնն էլ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը քեզ ասի՝ դու դավաճան ես, սրիկա ես, քո այս միտքը վատն էր և այլն, դրա նկատմամբ էլ պետք է հանդուրժող լինես, ոչ թե ամեն անգամ, երբ քեզ մեկը մի բան է ասում, դու հեռախոսը վերցնես, խփես, ջարդես, ծեծես և այլն»,- ասաց Ղազարյանը։

Նա նաև անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը, որ իրավապահներին ուղղորդում էր Վարդանյանին ձերբակալելուն․

«Նույն այդ Հակոբ Ասլանյանն է խուլիգանական վարքագիծ դրսևորել ինձ հետ հարաբերություններում, որովհետև ինքը այն նույն խուլիգանական խմբի անդամն էր, որը ՄԻՊ-ի թեկնածուի ընտրության ժամանակ խմբային, կոլեկտիվ խուլիգանական վարքագիծ էին դրսևորում, ինքն էլ դրանց մեջ։ Հիմա, դրանից 2 օր առաջ, Ալեն Սիմոնյանն էր թքել քաղաքացու վրա՝ ցուցաբերելով մեկ այլ խուլիգանական վարքագիծ, հիմա այդ նույն Ալեն Սիմոնյանը դատապարտող հայտարարություն է անում։ Այսինքն՝ եթե այս ամենը համադրում ենք, ստացվում է, որ այդ տղան ոչ թե Հակոբ Ասլանյանին ասեր դավաճան, այլ, որպեսզի չձերբակալվեր ու Ալեն Սիմոնյանի կողմից չդատապարտվեր, պիտի Հակոբ Ասլանյանի վրա թքեր, ականջները կտրեր, լեզուն կտրեր։ Այդ դեպքում, ըստ Ալեն Սիմոնյանի, ամեն ինչ նորմալ կլիներ, ոչ մի պրոբլեմ չէր լինի։ Նաև հետաքրքիր է, որ Ալեն Սիմոնյանն ասում է, թե այդ դեպքը իրավապահների կողմից դաժան վերաբերմունքի կարժանանա, ու այդ հայտարարությունից հետո իրավապահները ձերբակալում են, այսինքն՝ ստացվում է, որ իրավապահները կատարում են Ալեն Սիմոնյանի հանձնարարությունները, երբ դրա իրավունքը չունեն»,- ասաց Ղազարյանը։