Այս հարցը մենք կբարձրացնենք, որ այլեւս նման տգետ հոգեւորականներ չուղարկեն մեզ

Այս հարցը մենք կբարձրացնենք, որ այլեւս նման տգետ հոգեւորականներ չուղարկեն մեզ

Գյումրիի Սուրբ Միքայել Հրեշտակապետի ուղղափառ եկեղեցու կամ, ինչպես գյումրեցիներն են ասում` Պլպլան ժամի որմնանկարները ծածկվել են սպիտակ ներկով։ Թե ով եւ ինչու է նման բան արել, այս հարցերին սոցիալական ցանցում տարբեր մեկնաբանություններ էին տրվում, մեկն այն է, որ գմբեթի ներսի հատվածում` եռանկյան մեջ պատկերված աչքը՝ որպես մասոնական սիմվոլ, դուր չի եկել սնահավատներին, մեկը՝ որ ըմբոստ ընդդիմադիրներն են պահանջել այն հեռացնել` տարված դավադրապաշտական տեսություններով։ Պարզվեց` մոտ 2 ամիս առաջ է դեպքը տեղի ունեցել, իսկ աղմուկը, ինչպես միշտ, ուշացած է:  

Ի դեպ, մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այս հարցին, նշել էր, որ եկեղեցին հուշարձանների պետական ցանկում գրանցված կառույց է, եւ անկախ այն հանգամանքից, որ ռուս ուղղափառ եկեղեցի է, եւ հարցը հայ առաքելական եկեղեցու տիրույթում չէ, ցանկացած կամայական փոփոխություն պետք է համաձայնեցվեր պետության (լիազոր մարմնի) հետ:

Մենք կապվեցինք Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ եւ փորձեցինք հասկանալ, թե որն է խնդիրը: Սրբազանը նախ մեր հարցին հարցով պատասխանեց՝ նշելով, թե ինքն ի՞նչ մեկնաբանություն կարող է տալ ռուս ուղղափառ եկեղեցու առնչությամբ, ապա, այնուամենայնիվ, մանրամասնեց, թե որն է խնդիրը. «Եկել է նոր ռուս քահանա, որը լավ չի պատկերացնում ո՛չ ռուս-հայկական հարաբերությունները, ո՛չ էլ հայ եւ ռուս եկեղեցիների հարաբերությունները, ավելի խիստ խոսքեր չասեմ, հետո, եթե պետք լինի, ավելի խիստ էլ կասեմ, եւ քանի որ եկեղեցու որմնանկարները կատարվել են հայ առաքելական նկարչի կողմից` նախկին ռուս հոգեւորականի պատվերով, ինքը համարում է դրանք սխալ, քանի որ հայ հերետիկոսի կողմից է արվել, եւ դրանք վերացնում է»: 

Ստացվում է՝ ռուս հոգեւորականը միանձնյա որոշում է կայացրել եւ եկեղեցու պատերից մաքրել բոլոր որմնանկարները, ինչի իրավունքն արդյո՞ք ուներ։ «Ինքը կարող է իր վերադասի հետ ճշտել, համաձայնեցնել, իսկ մենք իրավասություն չունենք միջամտելու: Մեր խնդիրը միայն նրա վերաբերմունքն է հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի նկատմամբ, եւ եթե ինքն այսպես շարունակի իր ընթացքը, մենք թերեւս պետք է տեղյակ պահենք իր վերադասին` նշելով, որ անցանկալի է նրա ներկայությունը մեր քաղաքում, բայց միջամտելու իրավասություն չունենք` իրենք ու իրենց եկեղեցին: Ինչպես որ իրենք չեն կարող միջամտել մեր եկեղեցու ներսում իրականացվող գործողություններին` ինչ ենք նկարում կամ ջնջում, այնպես էլ մենք չենք կարող միջամտել: Բայց, անշուշտ, այստեղ կա մեկ այլ խնդիր, թե ինչ ենթատեքստով է դա արվում, որը բոլորովին այլ հարց է: Իսկ դա արվում է այն ենթատեքստով, որ այդ աշխատանքներն արվել են հայ մարդու կողմից, որը պետք է վերացնել, ինչն էլ անում է մարդը»,- ասում է սրբազանն ու ի պատասխան մեր հարցին, թե ռուս հոգեւորակա՞նն է իր քայլն այդպես մեկնաբանել, ընդգծում. 

«Ուրիշ որեւէ մեկնաբանություն չկա, գուցեւ դա ինքը թաքցնում է, բայց միտումն ակնհայտ է, նախկին քահանան էլ ընդվզեց նրա դեմ, որ այս ինչ է անում, բայց վատառողջ էր եւ վերջերս մահացավ: Ի դեպ, նախկին ռուս քահանայի` հայր Անդրեյի հետ շատ լավ հարաբերությունների մեջ էինք, նա շատ ճիշտ ու պարկեշտ վերաբերմունք ուներ հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի նկատմամբ: Հիմա եկել է այս նոր քահանան, որը չի պատկերացնում, թե ուր է եկել եւ ինչի համար է եկել, ու իր մոլեռանդությամբ մտածում է, որ ճիշտ բան է անում»։ Սրբազանը հավելում է` քանի որ մեծ աղմուկ է բարձրացել եկեղեցու շուրջ, հավանաբար, կդիմեն Մայր Աթոռին կամ ռուսական կողմից նրա վերադասին` ներկայացնելով հարցը, մնացածը թող արդեն ռուսական կողմը որոշի` արդյոք իր քահանան իրավունք ունի՞ մնալու եւ շարունակելու  ծառայությունը Գյումրիում, թե՞ ոչ: 

«Մենք տասնյակ քահանաներ ունենք Ռուսաստանի Դաշնությունում, ոչ մեկը հակառուսական կեցվածք կամ ռուս եկեղեցականի նկատմամբ նման կեցվածք չի ցուցաբերում եւ երբեք չի ցուցաբերել: Մեր քահանաները գրեթե բոլոր երկրներում ապրում են եւ ոչ մի երկրում, ոչ մի եկեղեցու նկատմամբ նման կեցվածք չունեն, ինչպես որ այս քահանան է նման վարք դրսեւորում հայ եղեկեցու նկատմամբ»: 

Թե որն է նոր ժամանած ռուս քահանայի մտադրությունը, ինչ է ուզում անել եկեղեցու ներսում, Միքայել Աջապահյանն ասում է, որ տեղյակ չէ նրա մտադրություններից. «Մենք այդ եկեղեցում նորին սրբություն Կիրիլ պատրիարքի արտոնությամբ պատարագներ էինք մատուցում ամեն կիրակի, որովհետեւ եկեղեցին գտնվում է ամբողջությամբ հայկական թաղամասում, բայց նոր քահանան նորոգության անվան տակ խափանեց մեր պատարագները: Հիմա մենք պատարագներ չենք անում այնտեղ, ինքն էլ աջ ու ձախ հայտարարում է, որ նորոգությունից հետո թույլ չի տալու, որ հայ հոգեւորականներն այնտեղ պատարագ անեն, թեեւ ինքը նման լիազորություններ չունի, որովհետեւ պարզ քահանա է եւ իր վերեւում ունի եպիսկոպոս ու պատրիարք: Եթե ռուս պատրիարքն արտոնել է, ինքն ո՞վ է, որ փորձի խափանել մեր պատարագները»: 

Սրբազանն ասում է, որ այս ընթացքում ռուս քահանան ոչ մի անգամ իրենց չի հանդիպել, իրենց բարեւը չի առել, ավելին` անգամ հրավերներին պատասխանել է, թե կարիքը չունի հանդիպելու. «Մենք այսքան ժամանակ ձայն չենք հանել, ասել ենք` լավ, ինչ-որ քահանայի պատճառով չվատացնենք մեր հարաբերությունները, բայց հիմա հայ-ռուսական հարաբերություններն արդեն իսկ լավագույն փուլում չեն»: 

Ինչ վերաբերում է համացանցում տարածված տարաբնույթ մեկնաբանություններին եւ այն կարծիքներին, որ առաստաղին պատկերվածը մասոնական աչք է, Սրբազանն ասաց. «Ամենատես աչքն ընդունված է ինչպես մեր, այնպես էլ արեւմտյան պատկերագրության մեջ: Դա Աստծո ամենատես աչքն է եւ դեռ մասոնության ստեղծումից առաջ եղել է քրիստոնեական պատկերագրության մեջ, իսկ ուղղափառ եւ օրթոդոքս պատկերագրության մեջ թեպետ տարածված չէ, բայց բացառված էլ չէ: Հետո, էլի եմ ասում՝ հիմքը դա չէ, այլ այն, որ հեղինակը հայ է` հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, ու քանի որ հերետիկոս է, չի կարող պատկերագրել ռուսական եկեղեցին, եւ պետք է ռուս, ուղղափառ մարդ լինի պատկերագրողը։ Սա է նրա մոտեցումը: Եվ շատ ափսոս էին այդ որմնանկարները, որովհետեւ շատ լավն էին, թեպետ պատմական արժեք չունեին, հնություն չէին, բայց եկեղեցու վերանորոգումից հետո արված գործեր էին, որտեղ մենք մեր բարոյական եւ նյութական լուման էինք ունեցել, որպեսզի եկեղեցին վերաբացվի իբրեւ ռուսական եկեղեցի»։

Սրբազանն ընդգծում է, որ հանգուցյալ ռուս քահանան էր գտել հայ նկարչին, ով ռուս ուղղափառ եկեղեցու ավանդույթներով էր նկարել մանրանկարները եւ ոչ թե հայկական, «բայց դե՝ տգիտությունը սարսափելի բան է, իսկ հոգեւորականի տգիտությունը` առավել սարսափելի: Այս հարցը մենք երեւի թե կբարձրացնենք, որ այլեւս նման տգետ հոգեւորականներ չուղարկեն մեզ»: