Ինչու՞ է ընտրակաշառքի թեման այսքան պոպուլյար դարձել

Ինչու՞ է ընտրակաշառքի թեման այսքան պոպուլյար դարձել

Մեզ շարունակ մեղադրում են, թե նախկինների ժամանակ «ինչու չէիք քննադատում»։ Մեր արխիվից ներկայացնում ենք հերթական նյութը․ հեղինակ՝ Սերոբ Մարության, տպագրվել է 2017 թվականի մարտի 9-ին։

Ընտրություններն ու դրանց նախորդող շրջանը դարձել են ազգի բարոյական նկարագիրն աղավաղող ամենաարդյունավետ միջոցը: Չկա մեկը՝ տնային տնտեսուհուց մինչեւ պետական պաշտոնյա, որ չխոսի ընտրակաշառքի մասին: Սոցհարցումներով են լցվել ոչ միայն սոցցանցերը, այլեւ փողոցներն ու բակերը: Գործի են անցել հատկապես նախընտրական շտաբների «սոցիոլոգները»: Ամենապոպուլյար հարցը, որի շուրջ ծավալվում եւ անգամ «բազար» են անում, ընտրակաշառքն ու դրա գումարային արժեքն են:

Բանը հասել է նրան, որ գին բարձրացնողը դարձել է ընտրողը: «Լֆիկը մի ձայնի դիմաց 200 դոլար է տալիս, ես ինչի՞ պիտի ձայնս 10 հազար դրամով վաճառեմ»,- ասում է տաքսու վարորդը: Նրա ձեւակերպմամբ՝ ընտրությունը մոլախաղ է, որտեղ հաղթում են հնարամիտներն ու ամուր նյարդեր ունեցողները: «Թեկնածուները ժողովրդին են խաբում՝ խոստումներ են տալիս ու չեն կատարում, ժողովուրդն էլ էդ կեղծիքի միջից իր փայն է փախցնում: Միակ բանը, որ ընտրողի աչքը տեսնում ու ձեռքը շոշափում է, ընտրակաշառքն է: Իսկ ինչի՞ չպետք է վերցնի…»,- իր տրամաբանությունն է բացատրում վարորդը։

Եթե ասվածն իրական չլիներ, այդքան ցավալի չէր լինի, հասարակության քննարկման թեման էլ ոչ թե ընտրակաշառքը, այլ թեկնածուների նախընտրական ծրագրերը կլինեին: Բայց արի ու տես, որ դրանք որեւէ մեկին չեն հետաքրքրում, որովհետեւ կենացի մակարդակից չեն բարձրանում:
Ի՞նչ է ստացվում՝ մի կողմից կոռուպցիայի ու կաշառակերության դեմ պայքարի հանձնաժողով ենք ստեղծում, միջոցներ ու ռեսուրսներ ծախսում՝ չարիքն արմատախիլ անելու համար, մյուս կողմից՝ բացահայտ խոսում ենք ընտրակաշառքի մասին՝ սպասելով հարմար պահին՝ այն փողի կամ այլնի տեսքով գործի մեջ դնելու համար: Եվ նման խոսակցությունների մեջ թաղված ժողովուրդը մոռանում է, որ հանցագործություն է ինչպես կաշառք տալը, այնպես էլ վերցնելը, եւ օրենքը խիստ պատիժ է նախատեսում դրանցից յուրաքանչյուրի համար։

Ո՞ւմ է ձեռնտու ընտրակաշառքի թեման շրջանառության մեջ դնելը: Ինչո՞ւ են շտաբները նման մեսիջներ հղում ընտրողներին: Միամիտ կլինի կարծել, թե բաշխված կամ բաշխվելիք գումարը թեկնածուին 100 տոկոսանոց երաշխիք է տալիս: Թեկնածուն ինքն էլ գիտի, որ ընտրողների որոշակի զանգված իրեն «քցելու» է՝ կաշառվելու է, բայց ձայնն իրեն չի տալու: Այդ դեպքում ինչո՞ւ է գիտակցաբար գնում ինքնախաբեության: Միգուցե՝ որովհետեւ ընտրողին առաջարկելու այլ բան չունի՞, թե՞ խաղադրույք անելու առաջադրանքը նաեւ իր «վզին» է:

Փաստ է, որ ընտրակաշառք բաժանողներն ունեն երկու հաշվարկի մեխանիզմ՝ մեկն իրենց բաժանված փողերն են, մյուսը՝ իրական ձայների ակնկալիքները, որոնք իրատեսները գնահատում են մոտ երեք անգամ պակաս։ Այսինքն՝ յուրաքանչյուր երեք կաշառվողից միայն մեկն է ձայն տալու փողը բաժանողի օգտին։

Ընտրությունների անվան տակ հասարակությանն իրար դեմ հանելու, ազգը բարոյալքելու եւ հասարակական արժեհամակարգը «պլինտուսի» մակարդակի իջեցնելու ողջ պատասխանատվության կրողը, անշուշտ, իշխանությունն է: Հենց նրա «դաբրոյով» է տեղի ունենում այս խայտառակ առեւտուրը՝ «ինչքանով վաճառվեցիր, այնքան էլ կստանաս» տրամաբանությամբ հասարակության յուրաքանչյուր անդամին միտումնավոր մասնակից դարձնելով իրենց խաղին եւ հիմնովին փչացնելով հասարակությանն ու վարկաբեկելով ընտրություն կոչվող ինստիտուտը: Այլապես ի՞նչն է խանգարում, որ ամենաբարձր մակարդակից եւ օրենքի ողջ խստությամբ արգելվի այս հանցավոր երեւույթը: