Ուղերձ «երեք միլիոն վարչապետերից» մեկից՝ համար մեկ վարչապետին

Ուղերձ «երեք միլիոն վարչապետերից» մեկից՝ համար մեկ վարչապետին

Ծնվել եմ Գարդմանի Չարդախլու գյուղում, զույգ մարշալների գյուղն է դա․․․ ստացել եմ երկու բարձրագույն կրթություն, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Սանկտ Պետերբուրգում։ Կառավարել եմ հազարավոր մարդկանց՝ Ղազախստանում, Ուզբեկստանում, Ռուսաստանում եւ Հայաստանում։
Կնոջս հետ ծնել ու բարձրագույն կրթության ենք տվել երեք երեխաների, որոնցից հիմա ունեմ 6 թոռ եւ 7 ծոռ։ Երբ 2008 թվականին կինս մահացավ, երեխեքիս վիճակն էլ անտանելի դարձավ, ստիպված բնակարանս վաճառեցի, որ օգնեմ երեխաներիս՝ լքել Հայաստանը, ու հիմա նրանք ցրվել են աշխարհով մեկ՝ ԱՄՆ-ից մինչեւ Ռուսաստան։

Ես էլ միակն տերն եմ հարազատներիս գերեզմանների, ապրում եմ վարձով, Երեւանում։ Այսքանը շարադրեցի, որպեսզի ցույց տամ, որ ունեմ այնպիսի կյանքի փորձ, որ իրավունք ունեմ ուղերձ հղել երկրիս ղեկավարին, խորհուրդ տալ նրան։

Նիկոլ, տղա ջան։ Կներես, բայց քեզ եզակի եմ դիմելու։ Կարծում եմ՝ հոգնակիի դեպքում դու շատ հեռու կզգաս ինձանից։ Եվ այսպես․ ես հիշում եմ, որ երբ դեռ սկիզբն էր «թավշյա հեղափոխության», «Ազատություն» ռադիոյի թղթակիցը քո հորը հարցրեց՝ արդյոք Նիկոլն ի վիճակի՞ է երկիրը ղեկավարել։ Հայրդ, որը բոլորից լավ էր ճանաչում քեզ, բացասական պատասխան տվեց։ Բայց դու չլսեցիր հորդ ու «մերժեցիր Սերժին» եւ զբաղեցրիր նրա աթոռը։
Երկու տարուց ավելի է անցել այդ օրից, բայց, ախր, «բայց»-երն այնքան շատ են․․․ ու քանի որ համատարած բոլորին են հայտնի այդ «բայց»-երը, Նիկոլ ջան, տղա ջան, եթե թվարկեմ այդ բոլոր «բայց»-երը, շատ ժամանակ է պետք, ուստի անցնեմ բուն ուղերձին։

Հայաստանում եւ աշխարհով մեկ սփռված մեր հայերի մեջ շատ ու շատ են տաղանդավոր, ունակ, երկիրը ղեկավարելու, կյանքի հարուստ փորձ ունեցող հայերը։ Նիկոլ ջան, տղա ջան, հանգիստ նստիր ամառանոցում եւ լավ ուսումնասիրիր այդ ցանկը, կազմիր ցուցակ ու դրան համապատասխան՝ բոլորին հրավիրիր Երեւան, հայտարարիր, որ ներողություն ես խնդրում հայ ժողովրդից վերը նշված բացթողումների համար, ու, հրաժարական տալով, խնդրիր վերը նշված խմբի անդամներին՝ զբաղվել երկրի հետագա ճակատագրով։ Չորս երեխաներդ, որոնց դեռ շատ ես դու պետք, գոնե նրանց մասին մտածիր եւ հետեւիր ուղերձիս․․․

Երեւանի 89-ամյա «հպարտ» քաղաքացի՝
Խաչատուր ՄԱՆԱՍՅԱՆ