Ում կընտրեն ռեկտորների խորհրդի նախագահ

Ում կընտրեն ռեկտորների խորհրդի նախագահ

Մենք գրել էինք, որ ռեկտորների խորհրդի նիստում տհաճ իրավիճակ է առաջացել՝ երբ ԵՊՀ ռեկտորը փորձել է նստել խորհրդի նախագահի աթոռին եւ վարել նիստը։ Ռեկտորները հիշեցրել են, որ նրան չեն ընտրել խորհրդի նախագահ՝ նախկին նախագահը եղել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ինչին ի պատասխան ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նկատել է, թե՝ ավանդույթի ուժով ԵՊՀ ռեկտորն է խորհրդի նախագահ ընտրվում։ Ի վերջո, նիստը վարել է ԿԳՄՍ նախարարը, որոշել են, որ խորհրդի նախագահի հարցը այլ նիստով է լուծվելու։

Քիչ առաջ տեղեկացանք, որ փետրվարի 26-ին ռեկտորների խորհրդի նիստ է նշանակվել, որտեղ ընտրվելու է խորհրդի նախագահ եւ քարտուղար։ Նիստը կայանալու է Երեւանի պետական համալսարանի շենքում, ինչը վկայում է այն մասին, որ իշխանությունը որոշել է ռեկտորների խորհրդի կառավարելի նախագահ ունենալ՝ հանձինս ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի։ Սակայն եթե մյուս բուհերի ռեկտորներն օրինական ընտրված են եւ նրանց մեջ ժամանակավոր պաշտոնակատարներ չկան, ապա ԵՊՀ ռեկտորն ընտրված չէ եւ շուտով կլրանա երկու տարին, ինչ ԵՊՀ-ն ռեկտոր չունի։ Ավելին՝ անգամ հոգաբարձուների խորհրդի նախագահ չունի։ Եւ քիչ հավանական է, որ ընտրված ռեկտորները համաձայնեն, որ իրենց ղեկավարի չընտրված ռեկտորը։