Սպայի պատիվը

Սպայի պատիվը

Շուրջ 900 տարի պետականություն չունենալը հայ ժողովրդին զրկել է պետական մտածողությունը կրող արքայական տոհմից եւ մեկ աստիճան ցածր մակարդակի նախարարական տոհմերից: Դրանց բացակայությունը բերել է արքայական, իսկ ժամանակի ընթացքում՝ նաեւ նախարարական զինվորական միավորումների վերացմանը: Արդյունքում ստացել ենք ընտանիքի շրջանակում սահմանափակվող մտածողություն եւ ընտանիքի պրիզմայով աշխարհը դիտարկելու երեւույթը: Եվ ընտանիք պահելն էլ դարձել է հայ տղամարդու կենսական միակ մոտիվացիան: Արտաքին վտանգի դեպքում նման մտածողությունը հազարից մեկ կարող էր ճեղքեր տալ, եւ հայության մի որեւէ հատված զենքը ձեռքին պաշտպաներ ոչ միայն ընտանիքի, այլեւ համայնքի շահերը: Արցախի կիսանկախ մելիքների դեպքում հայության մտածողությունը հասնում էր տարածքային մակարդակի, բայց դրանով էլ ավարտվում էր: 

Համարյա 200 տարի է, ինչ հայության մի հատվածի ճակատագիրը կապվել է ռուսական պետականության հետ: Իսկ ի տարբերություն հայության՝ ռուսական մտածողությունը ենթադրում է կողմնորոշում դեպի համայնքային (շարքային մարդկանց առումով) եւ ավելի բարձր՝ պետական եւ նույնիսկ կայսրապետական մակարդակի խնդիրների լուծումը: Դրա շնորհիվ ռուսական շրջանակներում ուշ միջնադարում ձեւավորվեց «սպայի պատիվ» հասկացությունը: Վերջինս զուտ ռուսական երեւույթ չէ, այն առկա է բազմաթիվ արեւմտյան եւ արեւելյան՝ պետություն ստեղծած ազգերի շրջանում: Ուղղակի նշված հասկացությունը հենց ռուսական ազդեցությամբ է թափանցել ռուսական բանակում ծառայող ազգությամբ հայ սպաների միջավայր: Եվ դրա խորհրդանշական դրսեւորումը, դժբախտաբար՝ ողբերգական, ստացել է ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետեւ Հայաստանի առաջին հանրապետության բանակի գնդապետ Հովհաննես Մազմանյանի (1892-1920) անձնասպան լինելու մեջ:

«Սպայի պատիվ» հասկացությունը հետագայում տարածում է ստացել երկրորդ համաշխարհային պատերազմի եւ հատկապես Հայրենական մեծ պատերազմի տարիներին, իսկ այնուհետեւ փոխանցվել է արցախյան առաջին ազատամարտի, 2016-ի քառօրյա պատերազմի եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեր հերոսներին: Դժբախտաբար, այն չի փոխանցվել 44-օրյա պատերազմի ավելի բարձր հրամանատարական կազմին, Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարներին: Իհարկե, դրանց շրջանում բացահայտվում են առանձին անձինք, որոնց օտար չէ այդ հասկացությունը, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մեծամասնության մեջ այն գոյություն չունի: Իսկ սպայի պատվի բացակայությունը բերում է ընդամենը ընտանիք պահելու մտածողության գերակայությանը, ինչը հայրենասիրությանը հակընդդեմ երեւույթ է, քանի որ, լինելով գերակա, անհրաժեշտության դեպքում այն վտանգի տակ է դնում պետականության եւ հայրենիքի գաղափարը: Իսկ հայոց պետականության կործանման դեպքում պատվից զուրկ սպաները կվերածվեն թուրքի ծառայող մատուցողների (լավագույն դեպքում):

ՀԳ. Կարսի անկմանը հետեւել է սպաներ, բերդի պարետ, գնդապետ Մելիք-Հովսեփյանի, Սեպուհի բրիգադի հազարապետ Չիլինգարյանի, մարտկոցի հրամանատար գլխապետ (պետ, հրամանատար) Բագրատունու եւ առաջին գնդի հրամանատար գնդապետ Մազմանյանի ինքնասպանությունը: Բայց, ինչպես նշվեց, առավել հայտնի եւ խորհրդանշական է դարձել գնդապետ Մազմանյանի մահը, որի վերջին խոսքերն են եղել․ «Մի կյանք ունեմ, Հայրենիք, Քեզ եմ տալիս»:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ