Արցախցիները քաշքշուկների մեջ են հայտնվել 

Արցախցիները քաշքշուկների մեջ են հայտնվել 

Արցախից բռնի տեղահանվածները մեծ դժվարություններով են ստանում իրենց հասանելիք գումարները։ Թեեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն օրերս «զեկուցեց» հանրությանը, որ 100 հազար դրամները վճարվել են մոտ 100 հազար բռնի տեղահանվածների, շատերը չեն կարողանում ստանալ իրենց գումարները՝ բազմաթիվ տեխնիկական խնդիրների պատճառով։ Էլեկտրոնային համակարգերը՝ թե՛ նախարարության եւ թե՛ բանկերի, աշխատում են թերություններով, եւ մարդիկ երկար ու անպտուղ սպասում են։ 

Մարթա Քարամյանը ոչ մի կերպ չի կարողանում ստանալ իր գումարը։ Սոցապնախարարությունը նրա բանկային քարտին փոխանցել է 100 հազար դրամը, սակայն Արդշինբանկը հետ է վերադարձրել գումարը։ Կինը չգիտի ինչ անել։ Գնացել է բանկ ու սոցապ։ Անարդյունք։ «Սոցապն ասում է՝ փոխանցել ենք գումարը, իսկ բանկն ասում է՝ փոխանցում չի եղել։ Ի՞նչ անեմ, ո՞ւր դիմեմ»,- գանգատվում է նա։ Արդշինբանկից ոչ մի ստուգ տեղեկություն չեն տրամադրում՝ ասելով, որ հաճախորդը պետք է փաստաթղթերով այցելի բանկ, հնարավոր է` նա պարտք ունի բանկին։ Երբ ասացինք, որ արդեն այցելել է, մեզ խոստացան․ «Տվյալն ու խնդիրը փոխանցվել են  համապատասխան բաժին: Նրան վաղը կզանգահարեն»։ Նախարարությունից էլ պատասխանում են․ «Կենտրոնական բանկի կողմից ստանում ենք շահառուի բանկային տվյալները, փոխանցումն արվում է, եթե շահառուի բանկային քարտի հետ կապված խնդիր է լինում, գումարը հետ է վերադարձվում, եւ մեր կողմից կրկին փոխանցում է արվում ԿԲ-ի կողմից տրամադրվող հաշվին»։ Ի՞նչ անի այս կինը։ Նախարարի խոսնակ Զարուհի Մանուչարյանն ասում է․ «Մեր կողմից վճարվել է Արդշինբանկ, բանկից գումարը հետ է վերադարձվել 2023․10․25։ ԿԲ-ն մեզ կրկին հաշվեհամար կտրամադրի։ Միասնական սոցիալական ծառայությունը շահառուի գումարը կփոխանցի այդ հաշվեհամարով․ որեւէ գործողություն այս պահին կարիք չկա, որ քաղաքացին անի»։

Հրածին Աբրահամյանն էլ Հայբիզնեսբանկում վարկ ունի, եւ ամեն անգամ քարտին գումար փոխանցելու դեպքում նա պետք է փաստաթղթերը ձեռքին գնա բանկ՝ հարցը կարգավորելու։ «Ես մի քանի բանկային քարտ ունեմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում փոխել քարտը, որ այլ քարտի վրա նստեն իմ գումարները։ Ես անընդհատ քաշքշուկի մեջ եմ»,- ասում է նա։ Բռնի տեղահանված կնոջը բանկը երեկ հիշեցրել է, որ նա չմարած վարկ ունի, եւ առաջարկել է վարկի մարման նոր գրաֆիկ հաստատել։ «Ախր, ես ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ ունեցվածք։ Իմ երեխաների հետ բոլորս միասին ստանում ենք 200 հազար դրամ, որով տան վարձն ենք վճարում հազիվ, ես ո՞նց բանկի փողը տամ։ Ես նրանց ասում եմ, որ ի վիճակի չեմ, բայց նրանք, միեւնույն է, խեղդում են, իրենց փողերն են պահանջում»,- ասում է Հրածին Աբրահամյանը։