Խառնամբոխային «տրամաբանություն»

Խառնամբոխային «տրամաբանություն»

Որպես հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի անդամ եւ աշխատակից՝ շուրջ երկու տասնամյակ` մինչեւ 44-օրյա պատերազմը, տառապում էի արեւմտամետությամբ: Պատերազմի ընթացքում եւ հատկապես դրանից հետո աչքերս բացվեցին՝ հասկացա, որ Արեւմուտքը ձգտում էր ղարաբաղյան խնդիրը կարգավորել ադրբեջանական տարբերակով: Այսինքն՝ հայկական պատմական Արցախի հայաթափման ճանապարհով, ինչի համար էլ միամիտ ժողովրդի ձեռքով վարչապետ կարգվեց Փաշինյան Նիկոլը: Խայտառակ պարտությունից հետո եւ մինչեւ Արցախի ամբողջական հայաթափումը ենթադրում էի, որ, չնայած ռուս-ուկրաինական պատերազմին, Ռուսաստանին կհաջողվի հայկական պահել Արցախը: Ու անընդհատ հետեւում էի Ուկրաինայում ընթացող պատերազմին եւ խորանում այն տեղեկատվության մեջ, որ Հայաստանում քչերին էր հետաքրքրում, քչերը գիտեին: 

Օրինակ, Բուչա բնակավայրից ռուսական բանակի նահանջից առաջ իբրեւ թե նրա կատարած գազանությունը՝ քաղաքացիական անձանց գնդակահարությունը: 15-20 սպանվածի դիակները շարված էին փողոցի աջ եւ ձախ կողմերում: Դա նման էր թատերական ներկայացման, բայց այն արեւմտյան մամուլի կողմից ներկայացվեց որպես իրողություն, եւ նույնիսկ հաջորդ տարի նշվեց դրա տարելիցը: Շատ ավելի ուշ տեղ-տեղ տեղեկատվություն հայտնվեց, որ դա իսկապես սարքված էր: Ի դեպ, վերջերս Ուկրաինա այցելած Հակոբյան Աննային տարել են նաեւ Բուչա: Երկրորդ օրինակը, որն ավելի քան անտրամաբանական էր, Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ ռուսական հրետակոծումների հեքիաթն էր: Փաստորեն, ռուսներն իրենք իրենց թշնամին էին, քանի որ միայն այդ դեպքում կարող էին գնդակոծել իրենց վերահսկողության ներքո գտնվող ատոմակայանը: Բայց մարդիկ հավատում էին արեւմտյան մամուլում ներկայացվածին:

Իսկ ես այդ ընթացքում ձեռք էի բերել «ռուսական գործակալի, ռսաճորտի» (եւ այլն) համբավ: Փաստորեն, որպեսզի նիկոլական Հայաստանում կոչվես ռուսական գործակալ, անհրաժեշտ է ունենալ տեղեկատվություն, մտածելու ունակություն եւ այդ ամենը ներկայացնելու համարձակություն: Իսկ հիմա ներկայացնեմ այն, հանուն ինչի գրվել է այս հոդվածը: 2020 թ. հոկտեմբերի 19-ին մեկուկես տասնյակ ընդդիմադիր գործիչների հետ հանդիպմանը երբեմնի «դուխով» Նիկոլը հայտարարել էր, որ Սյունիքը պահել ենք բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության արդյունքում, քանի որ ռուսական զորաջոկատները մտել են Սյունիք եւ սահմանային վայրերում տեղադրել ռուսական դրոշներ: 

ՀՀ վարչապետի աթոռից կառչած Փաշինյան Նիկոլի ասածը, արդյոք, նշանակո՞ւմ է, որ ինքը եւս ռուսական գործակալ է: Հենց այդպես են մտածում, բայց դեռեւս առանց այս ինֆորմացիան ունենալու, քաղաքականապես ոչ այնքան հասուն արեւմտամետները: Բայց եթե նա ռուսական գործակալ լիներ, ապա, նախ, ղարաբաղյան խնդրի կարգավորման մոսկովյան հարթակը չէր փոխարինի արեւմտյաններով: Երկրորդ․ 2018 թվականից այս կողմ չէր վարկաբեկի ռուսական անվտանգային համակարգը՝ ՀԱՊԿ-ն: Եվ, վերջապես, չէր ստեղծի նախապայմաններ, որպեսզի ռուսական բանակը լքի տարածաշրջանը՝ սկզբում Արցախը, իսկ այնուհետեւ՝ Հայաստանը: Այլապես այս դեպքում եւս ստացվում է, որ ռուսներն իրենք իրենց թշնամին են: Ինչը, իհարկե, անմտություն է. կայսրապաշտ ժողովուրդը, ինչպիսին ռուսներն են, ինքն իրեն թշնամի լինել չի կարող: Ի տարբերություն հայրենիքի զգացողությունից զուրկ հայաստանաբնակ խառնամբոխի, որի համար գլխավոր հացն է: Եվ որը թքած ունի հայրենիքի մաս հանդիսացող եւ իսկական հայերով (առանձին դավաճաններին չհաշված) բնակեցված Արցախի վրա: Իսկ այդ խառնամբոխի առաջնորդն էլ Արցախի կորուստն «արդարացնելու» նպատակով նոր գաղափար է հայտնաբերել՝ հայրենիքը պետություն է: Ու դա ընկալվում է՝ առանց գիտակցելու, որ մեր հայրենիքն այն տարածքն է, որի վրա ձեւավորվել է հայ ժողովուրդը եւ ձեւավորել իր պետականությունը՝ «Հայք» անվանումով:   

Իշխանության սպասարկուների կողմից մեկ այլ գաղափար էլ է շրջանառվում. ռուսական են նրանք, ովքեր ցանկանում են Նիկոլի հրաժարականը: Այսինքն՝ եթե նորմալ, գրագետ ու հայրենասեր մարդը ցանկանում է իշխանափոխություն, ապա նա Ռուսաստանի գործակալ է: Իսկ իշխանափոխություն է ուզում, որովհետեւ Նիկոլի վարչապետության շարունակման պարագայում մենք ստանում ենք հայոց պետականությունը կորցնելու իրական սպառնալիք: Որովհետեւ «Արցախը տանք, որ լավ ապրենք» գաղափարախոսությունը վերածվել է իր հակադարձ պնդման: Այն է՝ ոչ միայն ավելի վատ ենք ապրելու, այլեւ ընդհանրապես մեր հայրենիքում ապրելն է դառնալու կասկածահարույց: Ու նման երեւույթի առկայության պարագայում իշխանափոխության ցանկությունը դիտարկվում է որպես ռուսական գործակալ լինելու հիմք:  Բազմիցս եմ ասել՝ այսօրվա Հայաստանն իսկական ծուռ հայելիների թագավորություն է: Եվ դրա արտահայտություններից մեկն էլ վերը նշված՝ ռուսական գործակալ լինելու առումով արտահայտությունն է: Որովհետեւ ստացվում է, որ ավելի լավ է պետությունը կորցնենք, քան թե իրականացնենք իշխանափոխություն, որովհետեւ իշխանափոխություն ցանկացողը ռուսական գործակալ է: Այսպիսի խառնամբոխային տրամաբանություն…