Պողոսի տանձն ու Նիկոլի իշխանությունը. հանրային քննարկում

Պողոսի տանձն ու Նիկոլի իշխանությունը. հանրային քննարկում

Ով պատրաստ է զոհվել Նիկոլի համար, թող ձեռք բարձրացնի… Պաուզան ինչ-որ երկարեց: Հայեր, ձեզ եմ ասում՝ ով պատրաստ է կյանքը տալ Նիկոլի համար, թող ձեռք բարձրացնի… Դե լավ, թող մեկ քայլ առաջ գա: Ոչ ո՞ք: Իսկ ո՞վ է պատրաստ մեռնել Նիկոլի գաղափարների համար, օրինակ՝ ժողովրդավարության բաստիոն դառնալու, հայկական դեմոքրսին տարածաշրջանում տարածելու, Թուրքիայի եւ Ադրբեջանի արանքում խաղաղ ապրելու եւ այլ գաղափարների համար: Խաղաղության համար, կարծում եմ, արժե կյանք տալ: Եվ, ուրեմն, ո՞վ է պատրաստ զոհաբերվել հանուն այն խաղաղության, որ Նիկոլն է բերել…

Պողո՞ս… Հասկանալի է, Պողոս ջան, բա քո տանձին պե՞տք են Նիկոլն ու նրա բերած խաղաղությունը: Լափը՝ ահա քո խաղաղությունը: Եվ դու մենակ չես, Պողոս ջան, համ էլ դու ամենավերջինն ես, որ պետք է կյանքդ տաս հանուն Նիկոլի: Քեզնից առաջ մի ողջ կառավարություն կա՝ նախարարներով, փոխնախարարներով, վարչության պետերով, բաժնի վարիչներով, մարզպետներով, փոխմարզպետներով… Քիչ առաջ, երբ հարցրի՝ ո՞վ է պատրաստ զոհվել հանուն Նիկոլի, նրանցից ոչ ոք ձեռք չբարձրացրեց, թեեւ բոլորը մեկ անուն ունեն՝ «Նիկոլ»: 

Քեզնից շատ առաջ, Պողոս ջան, խորհրդարանական մի ամբողջ անոմալ ՔՊ ֆրակցիա կա՝ ԱԺ նախագահով, փոխնախագահներով, հանձնաժողովների նախագահներով, բանով: Սրանց (60-ից ավելի են) անունն էլ է «Նիկոլ»՝ կին լինեն, թե տղամարդ: Ում անունը մոռանաս, Պողոս ջան, ասա՝ Նիկոլ: Եվ այդ ֆրակցիայում էլ չգտնվեց մեկը, որ առաջ գար ու հայտարարեր, որ պատրաստ է մեռնել հանուն Նիկոլի ու նրա գաղափարների: Այ, սրա համար եմ ասում՝ Պողոս ջան, բա քո տանձին պե՞տք ա, որ գնաս, «չուժոյ պախմել» զոհվես ու էշ-նահատակ դառնաս: Ավելի վերեւներում էշ քի՞չ կա, որ պարտավոր է նահատակվել հանուն Նիկոլի ու նրա վեհ գաղափարների: Թեկուզ նրա աշխատակազմի ամենամեծ «նիկոլներին» վերցնենք: Նրանց մեջ էլ նմուշի համար չկա մեկը, որ կգնա ու կյանքը կտա հանուն Նիկոլի ու հանուն այն պետության, որի ղեկավարը Նիկոլն է: Հանուն ինչի՞ տա կյանքը, հանուն ոչնչի՞: Լափ ա՝ ուտում է, էլի: Լիքը փողեր ունեն, էդ փողով ո՞ւր գնան, որ մի աման լափ չճարեն:

Պողոս, իսկ դու վնգստացող «Նիկոլ» տեսե՞լ ես… Չէ, Պողոս ջան, ես շների մասին չեմ հարցնում, խոսքն ամենաիսկական մարդկանց մասին է՝ վնգստացող մարդկանց. վնգստացող դատախազ, վնգստացող հակակոռուպցիոն մարմին, վնգստացող ԲԴԽ, վնգստացող դատավոր, վնգստացող ոստիկան, վնգստացող գեներալ, վնգստացող ԱԱԾ ու ՊՊԾ: Թվարկվածների ուղեղներում պետությունն ու Նիկոլը նույն բանն են, եւ ինչպես Նիկոլի, այնպես էլ պետության համար նրանցից ոչ մեկը պատրաստ չէ կյանքը դնելու:

Հլա լսի, Պողոս ջան, Հանրային հեռուստատեսությունում, որ քո հեռուստատեսությունն է, մի հատ Պետրոս է աշխատում, ճանաչո՞ւմ ես: Ուրեմն այդ Պետոն կամ Պետյան, ինչպես հարմար է, մի երկու օր առաջ հանրային քննարկում էր կազմակերպել Հանրայինի տաղավարում՝ Դանիել Իոաննիսյանի, Արթուր Սաքունցի, Արա Պապյանի, Ստյոպա Սաֆարյանի եւ Տիգրան Խզմալյանի մասնակցությամբ: Կարելի է ասել՝ մեր ապագա ողջ քաղաքական վեկտորն էր այնտեղ: Բոլորն այն կարծիքի էին, որ Ռուսաստանին պետք է վռնդել մեր տարածաշրջանից՝ հանելով 102-րդ ռուսական ռազմաբազան:
- Յաաաա…
- Ի՞նչ յաաաա, այ Պողոս, քեզ լուրջ բան եմ ասում: Գիտե՞ս ինչ հերոսներ են՝ պատրաստ իրենց կյանքը տալու ռուսներին մեր տարածաշրջանից սիկտիր անելու գործին: Եվ, որպես կանոն, բոլորը՝ Սորոսի վաստակ:
- Սորոսն ի՞նչ ա:
- Էական չէ, Պողոս ջան, էականն այն է, որ էդ «վաստակները» պատրաստ չեն նույնիսկ Սորոսի ու նրա գաղափարների համար մեռնել: Նրանք քեզ պիտի տանեն, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանես:
- Ի՞նձ…
- Հա, քեզ:
- Բա իմ տանձին պե՞տք ա:
- Ես էլ եմ դա ասում, իհարկե՝ պետք չէ: Դա իրենց է պետք, որ վերջնականապես կործանեն ամեն ինչ՝ երկիր, պետություն, ժողովուրդ…. Ամեն ինչ:
- Բա Նիկոլն ի՞նչ ա ասում:
- Իսկ Նիկոլն ո՞վ է, որ նրանց բան ասի: Նիկոլը՝ մենակ, նրանք՝ շատ: Հլա ասա՝ արեւմտյան 5-րդ շարասյուն… Ուզենան՝ Նիկոլի շալվարը կհանեն, ուզենան՝ մի շալվար էլ վրայից կհագցնեն: Ես դեռ չեմ հարցնում՝ արդյոք Սաֆարյան Ստյոպը, Դանչոն, Պապյան Արան, Խզմալյան Տիկոն կամ Ղազարյան Պետոն պատրա՞ստ են իրենց կյանքը տալ հանուն Նիկոլի:
- Պետոն է՞լ ա Սորոսի վաստակ:
- Չգիտեմ, Պողոս ջան, դու, ավելի լավ է, հարցրու՝ ինչո՞ւ է Հայաստանի վիճակն այսքան տխուր:
- Ինչո՞ւ…
- Այս ամեն ինչը, Պողոս ջան, Հայաստանի ղեկավարից ու նրա գաղափարներից է գալիս: Դեռ 20 թվին դու եւ քեզ նման շատերը ոտքի ելան՝ երկիր, պետություն ու ժողովուրդ պաշտպանելու: Այդ ժամանակ հավատում էիք Նիկոլին:

Հավատում էիք նախկինից եկող իներցիայով, հավատում էիք Նիկոլի հայրենասիրական ճղճղոցներին, պատրաստ էիք զոհվել: Իսկ հետո շատ բան փոխվեց՝ 44-օրյա պատերազմ, պարտություն, կապիտուլյացիա, մեղավորների փնտրտուք: Ու չգտնվեց մեկը, որ առաջ գար ու ասեր՝ այս ավերմունքի, այս զոհերի ու տառապանքների մեղավորը ես եմ: Իհարկե, բոլորը գիտեին՝ ով է մեղավորը, բայց լռեցին․ որը՝ վախից, որը՝ դիրքից, որը՝ լափի քանակությունից դրդված: Ու էս ստահակների բոլուկը, Պողոս ջան, որ մի բառով կոչվում է Նիկոլի իշխանություն, պատկերացրու, պատրաստ չէ եւ չէր էլ կարող պատրաստ լինել ինքնազոհողության հանուն Նիկոլի: Իսկ երբ տեղը գա, Պողոս ջան, քեզ են տանելու, որ զոհվես հանուն Նիկոլի: Այնպես որ, «տենց հաստատ մի ասա, որ քո տանձին չի»: