Ասում են` թուրքի հետ լավ ենք ապրել. թուրքի հետ լավ ապրածը թուրքի տակ է ապրել

Ասում են` թուրքի հետ լավ ենք ապրել. թուրքի հետ լավ ապրածը թուրքի տակ է ապրել

Երեկ ներքին գործերի նախարարությունը, ավելի կոնկրետ՝ ոստիկանությունը, հաղորդագրություն է տարածել եւ բռնի տեղահանված արցախցիներին կոչ է արել՝ հանձնել ապօրինի պահվող զենքը: Թե ինչու է ՆԳՆ-ն կարծում, որ թշնամու հաշվեհարդարից մի կերպ մազապուրծ եղած արցախցիներն իրենց հետ ապօրինի զենք են բերել Հայաստան, այն դեպքում, երբ մարդիկ անգամ անձնական իրեր ու հագուստ չեն հասցրել իրենց հետ վերցնել, մեզ այդպես էլ պարզ չդարձավ: Եվ հիմա ինչու են հատուկ հաղորդագրություն տարածում` շեշտելով, որ այն ուղղված է արցախցիներին, նույնպես պարզ չէ: Ստացվում է` հայաստանցիները կարող են ապօրինի զենք պահել կամ` Հայաստանում գտնվող ռուս ռելոկանտները, միայն արցախցիներին է դա արգելված: Եվ, վերջապես, եթե ոստիկանությունը նման տեղեկատվության է տիրապետում, ուրեմն գիտի նաեւ դրա տեղը, ինչո՞ւ չի բռնագրավում այդ ապօրինի զենքը, այլ միայն հայտարարություններ է տարածում: Այս ու այլ հարցերի մասին զրուցել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ:

- Պարոն Կարապետյան, ինչո՞ւ է ներքին գործերի նախարարությունը կարծում, որ արցախցիներն իրենց մոտ ապօրինի զենք ունեն, եւ կոչ է անում հանձնել: Դա իրատեսակա՞ն է:

- Երեւի մտածել են, որ արցախցիներն իրենց հետ զենք են բերել: Դե, եթե էնտեղից զենք բերած լինեին, պրակտիկան էնպիսին է, որ պետությունը կարող է կարգավորել զենքի շրջանառությունը: Այդտեղ չկա արտառոց բան, պարզապես մի բան լավ չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարող էին արցախցիները զենք բերել Հայաստան: Եթե մարդիկ կարողանային թուրքի մոտով զենք անցկացնել, ապա փառք իրենց, բայց ո՞նց, սա է խնդիրը:

- Այսինքն` անհնար էր ադրբեջանական անցակետով զենք անցկացնելը:

- Ճիշտն ասած, ես չգիտեմ մեկին, որն իր հետ զենք բերած լինի Հայաստան: Ոչ մեկը չկա իմ շրջապատում: Չեմ էլ պատկերացնում, թե դա ինչպես կարող էր լինել: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ով փորձեր անցակետով զենք անցկացներ, ընտանիքի հետ միասին կկորեր, ինչի՞ մասին է խոսքը: Ես մարդիկ գիտեմ` ծառայողներ, որոնք զենքով են եղել, բայց անգամ նրանք են վախեցել: Զենքը չեն հանձնել, բայց չեն էլ բերել: Եթե հայերը նման բան անեին, ադրբեջանցիներն ինչ ասես կանեին, անգամ կսպանեին։ Ասածս այն է, որ զենք անցակետով չէին կարող անցկացնել: Մարդիկ վախեցած են: Ադրբեջանցիներն էդքան միամիտ չեն, որ էդպես ազատ թողնեին՝ զենք հանեին Արցախից:

- Այդ դեպքում ինչո՞ւ են իշխանությունները նոր «վհուկների որս» հայտարարել:

- Դե, հավանաբար, իրենց պարտքն են համարել` արտառոց բան չկա այդ հայտարարության մեջ, արտառոցն այն է, որ չէին կարող զենք բերել: Հայտարարությունը ֆորմալ հայտարարություն է: Եթե ճիշտն եք ուզում իմանալ, լավ կլիներ, որ կարողանային էնպես կազմակերպել, որ զենքը Հայաստան մտներ, բայց չեն կարողացել:

- Ինչպե՞ս կարող էին:

- Օրինակ` ուղղաթիռով: Բայց եթե չի եղել այդ հնարավորությունը, ո՞վ կարող էր բերել:

- Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ զինտեխնիկան մնացել է ռուսական կողմին:

- Չգիտեմ՝ ում է մնացել, բայց ես ասում եմ, թե ինչ կարելի էր անել: Դեպքեր գիտեմ, որ մարդն իր զենքը փչացրել է, որպեսզի չմնա թուրքին: Բայց դե մարդիկ վախեցել են, չեն բերել:

- Շատ է խոսվում, որ կարող է իրավիճակ փոխվել, ասվում է, որ գուցե միջազգային խաղաղապահներ տեղակայվեն Արցախում, եւ արցախահայերը վերադառնան տուն: Ի՞նչ կասեք Դուք:

- Ես դա անհնար եմ համարում: Մենք լրիվ տարբեր ազգեր ենք, տարբեր քաղաքակրթությունների տեր: Թուրքերն իսլամի հետ էլ կապ չունեն: Օրինակ, Իրանում անգամ կարող ենք ապրել, բայց ադրբեջանցիների, թուրքերի հետ` ոչ: Թուրքերի հետ որ ապրեիք, հարցեր չէին առաջանա: Թուրքն ամեն քայլափոխի ուզում է նվաստացնել հային, առիթ եղած դեպքում` կսպանեն անգամ: Հազարավոր նման դեպքեր են եղել, այնպես չէ, որ առաջ խաղաղ ապրել են: Սովետի ժամանակ էլ մի բան չի եղել: Էստեղի ժողովուրդն էս ամենը լավ չի պատկերացնում: Մի քանի խելքը թռցրած ասում են` լավ էինք ապրում էն ժամանակ, բայց նման բան չկա: Թուրքի հետ լավ ապրածը, ուրեմն, թուրքի տակ է ապրել:

- Այսինքն` Արցախի էջը փակվա՞ծ է:

- Ոչ: Արցախի էջը չենք կարող փակված համարել: Աշխարհի պատմություն որ ուսումնասիրենք, կտեսնենք, որ մե՛կ այսպես է լինում, մե՛կ այնպես: Մեզ հետ էլ է էդպես: Պատմություն չիմացող մարդիկ լավ չեն հասկանում՝ մեզ հետ ինչ է կատարվում, իսկ այսօր տանում են նրան, որ մարդիկ պատմություն չիմանան: Հայոց պատմության դասագրքեր ու ամեն ինչ: Մենակ դասագրքով էլ չէ, ամեն ինչով է….