Պետական կառավարման համակարգի և պետական ծառայության տրանսֆորմացիան Հայաստանում

Պետական կառավարման համակարգի և պետական ծառայության տրանսֆորմացիան Հայաստանում

ՄԱՍ 2

Աշխարհում կան հանրային ծառայության համակարգերի հարյուրամյակների կենսագրությամբ եւ պատմությամբ շատ երկրներ։ Թվում էր՝ նոր հեծանիվ հորինելու կարիք առանձնապես պետք է չունենայինք՝ հաշվի առնելով զարգացած երկրների անցած ճանապարհն ու փորձը, բայց, ավաղ, մեկնարկային պայմաններն էին էապես տարբեր։ Տարբեր էին, մասնավորապես, քաղաքական համակարգի եւ քաղաքացիական հասարակության կայացվածության, ժողովրդավարության ամրության ու իրավունքի գերակայության մակարդակները, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, հոգեւոր-մշակութային առանձնահատկություններն ու ընկալումները, մարդկանց հոգեբանության, մտածելակերպի եւ ավանդույթների հետ կապված տարաբնույթ գործոններն ու իրողությունները, եւ, թերեւս, ամենաէական տարբերությունը հասարակության կրթական մակարդակն էր։

Այնուհանդերձ, անկախ այս նախադրյալներից, հանրային ծառայության խնդիրներն ու նպատակները նույնն են գրեթե բոլոր պետությունների եւ հասարակությունների համար։
ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հիմնական նպատակներ հռչակվեցին պետական կառավարման մարմինների կողմից հանրային ծառայությունների մատուցման որակի եւ մատչելիության բարձրացումը, պետական կառավարման մարմինների գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության ապահովումը, արդյունավետ կառավարման հաստատությունների զարգացումը, կառավարման մոդելների եւ մեխանիզմների բարելավումն ու ապակենտրոնացման խորացումը, հանրային (քաղաքացիական) ծառայության պատասխանատվության, թափանցիկության, հաշվետվողականության զարգացումը եւ քաղաքականության մշակման գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը։

Վերոնշյալ նպատակներն ուղղակիորեն բխում են ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածից, որը հռչակում է՝ «ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է» եւ հավելում՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»։ Սահմանադրական այս նորմը պիտի հանդիսանա կարեւորագույն բազիսային կողմնորոշիչ պետության զարգացման բոլոր ուղղությունների, այդ թվում՝ հանրային կառավարման համակարգի համար։

Միայն որակյալ եւ արդյունավետ հանրային կառավարման համակարգն է ի զորու ապահովել պետական ապարատի անխափան եւ սահուն ընթացքը։ Երբ կանոնակարգված չեն պետական կառավարմանը եւ հանրային ծառայությանը բնորոշ գործընթացներն ու ընթացակարգերը, այդ նույն պետական ապարատը, անորոշության մեջ խարխափելով, գործում է հախուռն, տարերայնորեն եւ ոչ արդյունավետ։ 

Անհրաժեշտություն էր առաջացել սահմանել իրավակարգավորումները եւ տալ համակարգային լուծումներ՝ ինստիտուցիոնալացնելով հանրային ծառայության համակարգը․ գերակա էին կառուցվածքային, կազմակերպական, իրավական, գործառութային եւ ծառայությունների մատուցման եղանակներին ու ձեւաչափերին վերաբերող հիմնախնդիրներն՝ ակնկալվող եւ ենթադրվող լուծումներով։

Այս ուղղությամբ արված սկզբնական եւ կարեւորագույն քայլերից էին հանրապետության ղեկավարության կողմից «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունը եւ համապատասխան աշխատանքային ու փորձագիտական խմբերի ձեւավորումը։ 

Վերջապես եկել էր ժամանակը կյանքի կոչելու մի համակարգ, որտեղ պետք է ձեւավորվեր քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ, կայուն, արհեստավարժ եւ մասնագիտական գործունեություն իրականացնող պետական ծառայողների բանակ։ Սա պետք է լիներ շատերիս համար դեռ խիստ անծանոթ, բայց նաեւ՝ վաղուց սպասված քաղաքացիական ծառայության համակարգը։

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծումն ուղեկցվում էր ծավալուն հետազոտական եւ վերլուծական աշխատանքով․ ուսումնասիրվում էր միջազգային փորձը, հատուկ փորձաքննության էին ենթարկվում կայացած քաղաքացիական ծառայության համակարգեր ունեցող, ինչպես նաեւ՝ բարեփոխումների ակտիվ փուլում գտնվող երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Էստոնիայի եւ այլ պետությունների արձանագրած հաջողությունները, ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Հարկ է նշել, որ այս գործընթացում նշանակալի աջակցություն էին ցուցաբերում նաեւ միջազգային մի շարք կազմակերպություններ։ Եվ այսպես, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2000 թվականի հունիսին ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով։

Նախագծից մինչեւ օրենք դառնալու ճանապարհը հարթ չանցավ։ ԱԺ-ում հարցը հայտնվել էր այդ օրերի «թոփ» նախագծերի շարքում եւ դարձել բուռն, երբեմն նաեւ ոչ բովանդակային քննարկումների առարկա։ Արդեն ճաքեր էր տվել Ազգային ժողովի «Միասնություն» դաշինքը, եւ բոլորին չէ, որ գայթակղում եւ ոգեւորում էր երկրում կանոնակարգված քաղաքացիական ծառայություն ունենալու հնարավորությունը։ Ըստ իս (ես այդ ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էի)՝ նախագծի հակալոբբինգ էր իրականացվում անգամ գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից, եւ թերեւս դրա արդյունքն էր նաեւ, որ խորհրդարանը մերժեց լրջագույն փորձաքննություն անցած, Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած օրենքի նախագիծը։

Քաղաքացիական ծառայության համակարգը կյանքի կոչելու հարցում, սակայն, անդրդվելի էր հանրապետության քաղաքական ղեկավարությունը, ուստի Կառավարության որոշմամբ օրենքի նախագիծը կրկին ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը, որը եւ ընդունվեց 2001 թվականի դեկտեմբերի 4-ին։

Հայաստանի պետական ծառայության պատմության մեջ սկսվեց մի փուլ, որ պետք է դառնար քաղաքական կոնյուկտուրայից զերծ քաղաքացիական ծառայության ձեւավորման եւ արմատավորման մեկնարկը։ Սա գործընթացի միայն սկիզբն էր, որը հետագայում պետք է ուղեկցվեր իրողությունների եւ պատրանքների մշտական բախումներով։
Շարունակելի…

Մանվել ԲԱԴԱԼՅԱՆ