Թողեք սովորեն աշխատել

Թողեք սովորեն աշխատել

Սպանդանոցների հարցում կառավարության ժամանակավոր հետքայլն ինչպե՞ս հասկանանք. նահա՞նջ, պարտությո՞ւն, թե՞ ժողովրդի ցանկություններին ու պահանջներին ընդառաջ գնալու կամք: Փաշինյանի կառավարության համար այս տարբերակներից եւ ոչ մեկն ընդունելի չէ: Ահավասիկ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտարարում է՝ սննդամթերքի անվտանգությանն այլընտրանք չկա: Հասկանալի է, բայց մի՞թե որեւէ գործ անելու համար պարտադիր է նախ մարդկանց փողոց հանել, ճանապարհներ փակել եւ նոր միայն հասկանալ, որ ավանակին հետեւի կողմից մոտենալը լավագույն տարբերակը չէ:

Գյուղատնտեսության նախարարությունը պետք չէր փակել: Գանք այստեղից: Կառավարությունում սպանդանոցների հարցի քննարկման ժամանակ գյուղնախարարը թրաշամանուկներին հաստատ կհուշեր, որ չի կարելի անասնապահներին միանգամից կանգնեցնել այնպիսի խնդրի առաջ, ինչպիսին սեփական ձեռքով ուրիշի համար կրակից շագանակ հանելու պարտականությունն է: Գյուղացին շահ չունի իր անասունը սպանդանոց տանելուց: Արարատի մարզպետն ասում է՝ ի՞նչ է պատահել, կովը հանում ես աստիճանների վրա, «Զիլը» հետ ես տալիս, եւ կովը, «մտածելով», որ ուզում են իրեն «ալպյան մարգագետիններ» տեղափոխել տրանսպորտով, հաճույքով ցատկում է «կուզովի» մեջ: Ճիշտն ասած՝ չգիտեմ էլ, թե այդքանից հետո ինչպես կարելի է կոկորդիլոս սանձող մարզպետին բացատրել, որ կենդանին, լինի խոշոր, թե մանր եղջերավոր, սթրես է տանում այդպիսի գործողություններից, զգալի քաշ կորցնում, իսկ նրա օգանիզմում ադրենալինի չափաբաժնի զգալի ավելցուկն ազդում է մսի համի եւ որակի վրա: Իսկ դուք ասում եք՝ սննդի անվտանգություն…
Ի դեպ՝ սննդի անվտանգության մասին: Ո՞ւմ խնդիրն է սննդի անվտանգության ապահովումը: Անասնապահի՞, գյուղացո՞ւ, թե՞ կառավարության:

Կարծեմ նույնիսկ կառավարական այդպիսի մի հիմնարկ կա՝ ՍԱՊԾ է կոչվում: Իսկ ինչո՞ւ են փորձում գյուղացու գրպանի հաշվին լուծել խնդիրը: Կառավարությունը փող չունի՞: Տարօրինակ է, դեռ երեկ ասում էին, որ ՊԵԿ-ը 13 միլիոն դոլարի պարգեւավճար է բաժանել աշխատակիցներին: Երկնքի՞ց էր ընկել այդ փողը, թե՞ գտել էին: Պարզ է, որ հարկերի հավաքագրման պլաններն են գերակատարել, չէ՞: Իսկ ումի՞ց են գերհավաքագրել այդ հարկերը. մեզնից՝ գործարարներից, ուսուցիչներից, բանվորներից, գյուղացիներից, անասնապահներից… Մի խոսքով՝ ժողովրդից, որի հանդեպ կառավարությունը նաեւ պարտականություններ ունի: Հետեւաբար, կրկին հարցնում եմ՝ ինչո՞ւ պետք է սննդի անվտանգության խնդիրը լուծի անասնապահը, այն էլ սեփական փողով՝ տրանսպորտային միջոցների վարձակալում, մորթի հատուկ վճար, կենդանի քաշից զգալի կորուստներ, ու դեռ հայտնի էլ չէ՝ անասունի ոտն ու գլուխը կմնան իրե՞ն, թե՞ «ղասաբին»: Ես այսպես կասեմ՝ ոչ մի գյուղացի միտումնավոր կերպով հիվանդ անասուն չի պահում, իսկ հետո էլ միտումնավոր չի թրքոտում իր անասունի միսն ու կաթը: Գյուղացուն ճանաչելու, նրա հոգեբանությունը հասկանալու խնդիր ունի մեր կառավարությունը: Բոլորս գիտենք, որ անասունը, ինչպեսեւ մարդը, կարող է հանկարծակի հիվանդանալ: Սա արդեն այլ խնդիր է, որ պետք է լուծել կենդանուն սպանդանոց տանելուց առաջ, ինչի մասին, կարծես, սպանդանոցի ապագա գործ անողները չեն մտածել:

Իսկ հիմա՝ բուն մորթի մասին: Ավելորդ է, կարծում եմ, ասելը, որ դա էլ մշակույթ է եւ կապ ունի որոշակի ավանդույթների հետ: Այդ գործով, սովորաբար, զբաղվում են գործից հասկացող եւ ամուր նյարդեր ունեցող մարդիկ: Նոր Հայաստանում, սակայն, որտեղ բացարձակ բազմակարծություն գոյություն ունի ամեն ինչում, սպանդանոցների հարցով ակտիվացել են հատկապես ՀՀ վարչապետին կից Հանրային խորհրդի նորանշանակները: Ի մասնավորի՝ Դանիել Իոաննիսյանը, որ չգիտես ինչու բոլորից ավելի շատ է մտահոգված «վատորակ միս ուտելու» հավանականությունից, ՍԱՊԾ-ի գովքն է արել, ապա մեղադրել «հիվանդությունից մահացած աննասունի» (իր ձեւակերպումն է եւ իր ուղղագրությունը), ինչպես նաեւ ձիու միս վաճառողներին, որոնք ցույց են անում, որպեսզի խաբեն ու թունավորեն մեզ: Ստացվում է, որ փողոց ելած հազարավոր անասնապահներ էլ ուրիշ բանուգործ չունեն, առավոտից երեկո մտածում են, թե ինչպես թունավորեն իրենց քաղաքաբնակ հայրենակիցներին: Նկատի ունեցեք, որ նման բան է ասում անմիջապես վարչապետի կողմից պաշտոնի նշանակված անձը, որն առնվազն պարտավոր էր իմանալ, որ «ուտելի» կենդանիները ծառերի վրա չեն աճում, իսկ գիտությունն ու ՍԱՊԾ-ն էլ այնքան են զարգացած, որ կարող են միսը վաճառասեղանին հայտնվելուց առաջ անմիջապես որոշել՝ սատկա՞ծ անասունի միս է, տավարի՞, թե՞ ձիու:

Իսկ ի՞նչ է մտածում վարչապետ Փաշինյանը, որի բախտը վերջերս ինչ-որ չի բերում: Որ զուգարանը մտնում է, պարզվում է՝ ունիտազը լավը չէ, կաթ է ուզում խմել, պարզվում է՝ թրքոտ է, մի կտոր խորոված է ուզում ուտել, մեկ էլ հիշում է, որ խոզ մորթողը բուշլատով ու ռետինե սապոգներով է եղել, որ գոմը մտնում է, շնչահեղձ է լինում: Ասում է՝ կովերին ոչ թե տաք գոմ, այլ մաքուր օդ է պետք: Բա հիմա ի՞նչ անենք, որ իր իսկ խոսքով՝ գյուղում ծնված ու մեծացած մարդը դարձել է վարչապետ ու մոռացել, որ անասնապահին գոմի օդափոխության շուրջ «օգտակար» խորհուրդներ տալու փոխարեն պետք է ընդամենը հարցնել՝ ի՞նչն է քեզ խանգարում ավելի շատ անասուն պահել եւ էժան ու լավորակ միս մթերել:

Մի խոսքով՝ կառավարությունում որոշել են առայժմ ձեռնպահ մնալ անասնապահների հետ առճակատումից եւ քննարկել համայնքներում սպանդանոցներ հիմնելու, ինչպես նաեւ շարժական սպանդանոցների պրակտիկային անցնելու հարցը: Ի՞նչ է սա նշանակում՝ պարտությո՞ւն, սեփական սխալի գիտակցո՞ւմ, թե՞ կառավարության վերցրած կուրսի հաղթանակ, թե տեսեք՝ մենք այնուամենայնիվ գիտենք, որ ապագան սպանդանոցներինն է: Մենք երկու տարբերակին էլ համաձայն ենք, ե՛ւ այն կա, ե՛ւ այն, բայց չենք կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ են նախ ոտքի հանում մարդկանց, անհասցե վիրավորում, մեղադրում չգիտես ինչերի մեջ, իսկ հետո, երբ մի երկու ճանապարհ է փակվում, ընկրկում եւ գալիս են համաձայնության: Սա գուցե գործելաո՞ճ է՝ նախ անել ինչ խելքներին փչի, իսկ հետո՝ քննարկել: Կա, չէ՞, այդպիսի խոսք՝ թողեք աշխատել սովորեն: Իրենք էլ այսպես են սովորում, ի՞նչ կարող ես անել: