Ինչպես պահպանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում

Ինչպես պահպանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում

Համաձայն Մայր Աթոռի պաշտոնական հաղորդագրության՝ մարտի 29-ին տեղի է ունեցել Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը։ Նախարարին ուղեկցել է փոխնախարար Արա Խզմալյանը։ Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների եւ առաքելական եկեղեցու միջեւ առկա ներկայիս բավականին բարդ հարաբերությունները՝ այս հանդիպումը կարելի է համարել ուշագրավ, եթե, իհարկե, կաթողիկոսն ինքը չի խնդրել-հրավիրել, որ նրանք այցելեն իրեն եւ կամուրջ դառնան՝ դեպի «Նիկոլ Փաշինյանի սիրտը» տանող ճանապարհը հաղթահարելու համար։

Դատելով Մայր Աթոռի հաղորդագրությունից՝ հանդիպման օրակարգը եղել է բավականին հագեցած։ Սակայն առավել հետաքրքրական է, որ անդրադարձ է կատարվել «Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկային, որը Հայաստանի ներկայիս իշխանությունների սրտով չէ, եւ նրանք ցանկանում են այն դուրս թողնել դպրոցական առարկայացանկից։ Իհարկե, որոշում կայացնողն իշխանություններն են, սակայն մի քանի նկատառում կա, որ անհրաժեշտ է նշել։

Նախ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան կարեւոր է որպես անձակերտման գործոն, աշակերտի, հայ էթնոսին պատկանող անձի ինքնության կերտման, հայեցի կրթման եւ դաստիարակման համար։ Իհարկե, առարկան ունի կրոնական բաղադրիչ, որովհետեւ որոշակի պատկերացումներ է տալիս առաքելական եկեղեցու դավանանքի, աստվածաբանական պատկերացումների, ծիսական-արարողական համակարգի, պատմության եւ այլ ասպեկտների մասին, սակայն զուգահեռաբար, որպես պատմական առարկա, էական է մատաղ սերնդի՝ սեփական ազգային պատմության յուրացման տեսակետից։

Որպես քաղաքացի, անձամբ կարծում եմ, որ «Հայ եկեղեցու պատմությունը», ամեն դեպքում, պետք է մնա դպրոցական առարկայացանկում, սակայն պետք է որոշակիորեն բարեփոխվի։ Բանն այն է, որ ժամանակակից աշխարհում, որքան էլ այն համարենք սեկուլյար, կրոնն ունի կարեւոր տեղ՝ սկսած քաղաքականությունից եւ բիզնեսից, մինչեւ հումանիտար ոլորտ։ Ուստի, կարեւոր է, որ ՀՀ ապագա քաղաքացին ունենա որոշակի կրոնական գիտելիքներ։ Սա նշանակում է, որ կարելի է առարկան բարեփոխել, դարձնել ընդհանուր կրոնների պատմության եւ տեսության մասին առարկա։ Բացի այդ, կարեւոր է, որ ապագա ՀՀ քաղաքացին ունենա նաեւ որոշակի պատկերացումներ Հայաստանի հարեւան երկրների, տարածաշրջանի ժողովուրդների կրոնական հավատալիքների, տոնական եւ ծիսական սովորությունների մասին։ Սա էական է, եւ կարծում ենք, որ թե՛ Մայր Աթոռը, թե՛ ՀՀ իշխանությունները պետք է հաշվի առնեն այս նկատառումները եւ կարողանան հանգել փոխզիջումային տարբերակի՝ առարկան պահպանելով դպրոցում՝ բարեփոխված տարբերակով։