Գեղեցիկը պաճուճանքների կարիք չունի
Հրաչ Քեշիշյանը հերթական սերիալն է նկարել՝ Մարկ Արենի (իսկական անունը՝ Կարեն Մարգարյան) «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը․ անատոլիական պատմություն» ստեղծագործության մոտիվներով։ Ցավալի է, սակայն, որ ֆիլմը գրական հայերենով չի հնչում։ Ցավալի է նաեւ, որ Հ1-ում լավ չեն կարդացել ո՛չ գիրքը, ո՛չ ՀՀ Սահմանադրությունը։
Մայր օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ՀՀ պետական լեզուն հայերենն է, իսկ 15-րդ հոդվածով՝ հայոց լեզուն եւ մշակութային ժառանգությունը պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են։ Բայց այսօր հայկական հեռուստաընկերությունների եթերը ողողված է ժարգոնով։ Եթե մասնավոր ընկերություններն ինչ-որ առումով կարող են իրենց նման բան թույլ տալ, ապա Հանրայինը՝ երբեք։
Այլ խնդիր էլ կա․ եթե նախկինում Հ1-ն ու այլ հեռուստաընկերություններ դաժան տեսարաններով սերիալներ էին ցուցադրում՝ հեռուստադիտողին էկրանին «գամելու» համար, ապա հիմա դասական ստեղծագործությունները «համեմում» են բաց տեսարաններով ու «խցկում» կինոյի մեջ՝ այն համոզմամբ, որ անկողնային կադրերը ֆիլմն ավելի դիտարժան են դարձնելու։
Պարզունակ մտածողությամբ էժանագին լուծում․ որտե՞ղ է գրված, որ անկողնային տեսարանները բարձրացնում են ֆիլմի արժեքը։ Միջազգային թատերական փառատոներից մեկում պարսկական մի թատրոն «Ռոմեո եւ Ջուլիետն» է ներկայացրել, ուր սիրահարները նույնիսկ իրար ձեռք չեն բռնել։ Եվ այդ ներկայացումը մրցանակ է ստացել։Անկողնային տեսարանը միայն փչացնում է «Անատոլիական պատմությունը»։ Ստեղծագործությունն արդեն իսկ գտնված է՝ հետաքրքիր կերպարներով, ասելիքի առատությամբ ու գունախաղով։ Ֆիլմին այլ «գրավչություն» հաղորդելու կարիք, կարծում եմ, չկար։ Շատերը կպնդեն՝ անկողնային տեսարանների պակաս չկա նաեւ արտասահմանյան կինոնկարներում։ Հետո՞․․․ Որոշ ժամանակ առաջ էլ մի քանի միլիոն իսպանացի, իտալացի ու գերմանացի ֆաշիստ են եղել։ Բայց դա չի նշանակում, որ ֆաշիզմը ճիշտ գաղափարախոսություն է։
Շատ ավելի առաջ էլ մի շարք երկրներում թագավորը կամ իշխանը հպատակների ամուսնության ժամանակ առաջին գիշերվա իրավունք է ունեցել։ Իսկ Հայաստանում կա՞ն այդ կարգը վերականգնելու կողմնակիցներ․․․
Կարծիքներ