Ինչպես են զվարճանում և հանգստանում մարզաշխարհի աստղերը

Ինչպես են զվարճանում և հանգստանում մարզաշխարհի աստղերը

Բիզնես-ավիացիայի ամերիկյան միության տվյալներով, օդային անծայրածիր տարածքներում ճախրող` մասնավոր սեփականություն համարվող շուրջ 20 հազար ինքնաթիռներից գրեթե 60-ը պատկանում է արհեստավարժ սպորտի անվանի աստղերին։ Այդ թիվը, անտարակույս, ավելի պատկառելի կլիներ, եթե մի քանի տարի առաջ Դալլասի «Մավերիքս» թիմի բասկետբոլիստները նվաճեին NBA-ի, այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ի չեմպիոնների տիտղոսը։ Բանն այն է, որ թիմի ակումբի տնօրեն Մարկ Քյուբան տղաներին խոստացել էր, որ այդ բարձունքը հաղթահարելու դեպքում բոլոր նրանց նվիրելու է․․․ ինքնաթիռներ։ Դալլասցիները, հարկ է նկատել, շատ մոտ էին գլխավոր նպատակի իրագործմանը, եթե բախտորոշ խաղի վճռական պահին անսպասելիորեն, իսկ գուցե ճիշտ կլինի ասել՝ ծայրաստիճան լարվածության պատճառով, չսայթաքեին, զրկվելով անսովոր պարգեւներից։ Իսկ այսօր «Մավերիքս»-ը ստիպված է բավարարվել համեստ ցուցանիշներով, եւ, հասկանալի է, ինքնաթիռների տեր դառնալու մասին չեն էլ երազում։

Իսկ, ահա, աժդահա տեսքով բասկետբոլիստ Շաք Օ՛նիլը, ով հանդես էր գալիս Լոս Անջելեսի «Լեյքերս» թիմում, շատ առումներով հասել է իր նպատակին, ոչ միայն խաղային բացառիկ ունակություններ, այլեւ անձնական կյանքում էլ իրեն անսովոր կերպով դրսեւորելով։ Օրինակ, շարքային պարապմունքներին նա գալիս էր․․․ մագնիտոֆոնով եւ, ի զարմանս շատերի, մարզվում յուրատեսակ ռիթմիկ շարժումներով։ Այդ մեծանուն բասկետբոլիստը, պարզվում է, մանկուց է հրապուրվել ռեպով եւ գովազդների նկարահանումների էլ ներկայանում է գնդակը ձեռքին ու անպայման անցնում կրակոտ պարերի․․․

Այսօր էլ, երբ հեռացել է մարզական ասպարեզից, այնուամենայնիվ, շարունակում է գրավել իր տաղանդի երկրպագուների ուշադրությունը, գրավել իր իսկ կողմից արտադրված տեսաերիզներով։ Ի դեպ, Օ՛նիլը, ինչպես նշվեց մամուլում, իր այս գործունեությամբ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես առաջին մարզիկ, ում հաջողվել է վաճառել մեկ միլիոն սկավառակ։ Եվ բնավ զարմանալի չէ, որ երբեմնի հանրահայտ բասկետբոլիստը, իսկ այժմ՝ նաեւ հաջողակ բիզնեսմենը, իրեն հիանալի է զգում նաեւ օդային տարածքներում։ Նրա գնած ինքնաթիռի վրա էլ նշված է TWISM հապավումը, որը բառացի թարգմանությամբ կարդացվում է՝ այս աշխարհն իմն է։ Հատկանշական է, որ ինքնաթիռը միաժամանակ գործում է որպես յուրատեսակ ստուդիա։ 

Մեծ սպորտի պայծառ աստղերի համար սեփական ինքնաթիռ ունենալը ոչ միայն շռայլ ապրելակերպի խորհրդանիշ է, այլեւ, բնականաբար՝ փոխադրամիջոց, ձանձրալի իրականությունից կտրվելու հնարավորություն։ «Միակ տեղը, որտեղ ինձ իրապես երջանիկ եմ զգում, իմ ինքնաթիռն է»,- ասում է հռչակավոր թենիսիստ, մեր հայրենակից Անդրե Աղասին։ Հարկ է նկատել, որ նա հայտնի է նաեւ ամենահեղինակավոր ֆիրմային ավտոմեքենաների կոլեկցիայով։ Ժամանակին, երբ դեռ ակտիվ մարզիկ էր, գրեթե ամեն մի խոշոր մրցաշարից հետո ավտոմեքենա էր գնում՝ միջինը 2,5 միլիոն դոլարով։ Գնած ավտոմեքենաների թիվը հասել էր 34-ի։

Աշխարհով մեկ փառք վայելող ֆուտբոլիստներ Մեսսին եւ Ռոնալդուն տրանսպորտային տարբեր փոխադրամիջոցներից ձանձրանալով, ներկայումս ժամանակ են գտնում հանգստի հաճելի րոպեներ անցկացնել տնային կենդանիների հետ։ Արգենտինացուն գայթակղել է գրեթե իր անձնական քաշն ունեցող Խալկ գամփռը, որի հետ ոչ միայն սիրում է լողավազան գնալ, այլեւ երբեմն․․․ ֆուտբոլ խաղալ։ Իսկ Ջորջինա անունով գեղատեսիլ փիսոն պորտուգալացու ուշադրությանն է արժանացել իր արտասովոր չարաճճիությամբ, եւ նրան իր ազատ ժամանակը տրամադրելու ու բավականություն ստանալու համար վճարել է 3 հազար եվրո։ Նշենք, որ Մեսսիի («Բարսելոնա», Իսպանիա) տարեկան եկամուտն ամենաբարձրն է աշխարհում՝ 131 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում Ռոնալդուն է («Յուվենտուս», Իտալիա)՝ 118 միլիոն եվրո։

Սովորաբար ամեն մտադրություն իր ուրույն նպատակն է հետապնդում։ Այս առումով իր առջեւ լուրջ խնդիր էր դրել ոչ միայն ամերիկյան բասկետբոլի լեգենդար վարպետ, այլեւ ընդհանրապես մարզաշխարհի կարկառուն դեմքերից մեկը՝ Մայքլ Ջորդանը, նա, ով տարիքի պատճառով մրցասպարեզից հեռանալու եւ բիզնեսով զբաղվելու շնորհիվ դարձել է կես միլիարդ դոլարի, ֆալկոն-900 հայտնի ինքնաթիռի տերը։ Սրանով հանդերձ, որքան էլ զարմանալի է, նրա հեղինակության նշաձողը բարձր չէր էլիտար հասարակության շրջանում։ Զգալով, որ դա լուրջ բացթողում է, Ջորդանը որոշեց անպայման փոխել իրավիճակը։ Հանուն դրա նա ի սկզբանե 2,5 միլիոն դոլար ծախսեց միայն այն բանի համար, որ սովորի, կարողանա իրեն պատշաճ ձեւով պահել ընտրյալների միջավայրում, ի վերջո՝ լուրջ հարգանք վայելող պերսոնա ճանաչվել․ հատուկ դաստիարակները նրան ուսուցանում էին ոչ միայն կոկիկ հագուստ կրել, այլեւ ազատ շփվել նրանց հետ։ Եվ միայն հատուկ դասերի հաճախելուց հետո նա նոր տեսքով ներկայացավ էլիտայի շրջապատում։ Շնորհիվ դրա, նրա բիզնեսն էլ կտրուկ առաջ գնաց։ Ջեքսոնի երկրպագուները հիացմունքով են շեշտում, որ իրենց անկրկնելի կուռքը հազարավոր դոլարների գին ունեցող սիգարետներ է ծխում, մեկ ամսում 50 կոստյում է գնում, յուրաքանչյուրը՝ 5-10 հազար դոլար արժեքով։

Ջորդանին հատկապես մեծ եկամուտներ է բերում տղամարդկանց հագուստի վաճառքը Վաշինգտոնում։ Նա նաեւ ռեստորանների լայն ցանց է ստեղծել Չիկագոյում։ Ի դեպ, երբ ռեստորաններից մեկը հիմնեց Վաշինգտոնում, «Հոլիվուդի մոլորակ» ռեստորանի հարեւանությամբ, որի տերը կինոաստղ Սիլվեստր Ստալոնեն է, քիչ էր մնում սկանդալ ծագեր։ Թերթերը գրեցին, որ սրտնեղած դերասանը նորահայտ մրցակցին հասկացնել է տվել՝ լավ կլինի, եթե նրա ռեստորանը գործի մեկ այլ վայրում։ Սակայն Ջորդանը չնահանջեց, առաջարկեց ազնիվ մրցակցության պայմաններում պարզել, թե ում աստղն է ավելի պայծառ փայլում։ Հաղթողը դեռ չի պարզվել․․․
Ամերիկյան բասկետբոլի թիմերում երբեմն հանդես են եկել նաեւ նախկին խաղացողներ։ Նրանցից մեկն ու առավել հաջողակը Ս․ Մեդվեդենկոն էր՝ ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնական ադամանդե երկու մատանիների տերը (ԱՄՆ-ում գլխավոր նվերը մատանի է), որ հանդես էր գալիս Լոս Անջելեսի «Լեյքերսում»։ Նրա հետ տեղի ունեցած մի միջադեպ լայն արձագանք ստացավ։

Մի անգամ, «Լեյքերսի» հերթական պարապմունքից հետո, երբ տղաները դուրս գալիս են լինում մարզադահլիճից, թիմի բոլոր ժամանակների լավագույն խաղացող Քոբի Բրայանտը զարմանքով նկատում է, որ Մեդվեդենկոն պատրաստվում է նստել իր հին, դարն ապրած ավտոմեքենան։ Նրա համար սա խայտառակություն էր․ ինչպե՞ս կարող էր երկրի կրկնակի չեմպիոնը նման անշուք մեքենա վարել։ Նրան առաջարկում է հետեւել իրեն, րոպեներ անց նրանք հայտնվում են ավտոմեքենաներ վաճառող մեծ խանութում, Բրայանտը մատնացույց է անում շարված ավտոմեքենաներից մեկը, թիմակցին հասկացնելով՝ հավանո՞ւմ է։ Մեդվեդենկոն չի կողմնորոշվում, բայց հայացքով դրական պատասխան է տալիս։ Եվ սովետների երկրից ժամանած մարզիկն անսպասելի նվեր է ստանում խաղընկերոջից։ Ինչ վերաբերում է Քոբի Բրայանտին, ապա նա 42 տարեկանում այս տարվա հունվարի 26-ին տեղի ունեցած ավիաաղետի զոհ դարձավ, ամբողջ մարզական աշխարհը սգում էր նրա համար։

Ֆուտբոլասերներին քաջ հայտնի անգլիացի Դեւիդ Բեքհեմը, ով մարզական կարիերան ավարտելուց առաջ պայմանագիր կնքեց Լոս Անջելեսի «Գալաքսի» թիմի հետ, շաբաթական ստանալով մոտ 1 միլիոն դոլար, ինքնաթիռից ու ավտոմեքենաներից զատ թանկարժեք զարդեր էր սիրում։ Նրա հավաքածուն բավականին հարուստ է։

Այո, օվկիանոսային առագաստանավերով եւ ամառային շքեղ առանձնատներով տարվելու ժամանակներն անցել են պատմության գիրկը։ Մեծ սպորտի կարկառուն աստղաբույլն այժմ կենտրոնանում է ոչ միայն ֆիրմային ավտոմեքենաների, ինքնաթիռների, այլեւ ուրիշ ճոխությունների վրա։ Ով իմանա՝ ինչ կլինի, ասենք, 5-10 տարի հետո։ Գուցե հերթը հասնի տիեզերական դրախտը վայելելու զվարճանքներին։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ