Ո՞վ կկանգնեցնի Փաշինյանին

Ո՞վ կկանգնեցնի Փաշինյանին

Բոլոր առումներով ձախողված ուղերձի տպավորությունը ցրելու նպատակով Փաշինյանը որոշեց անձամբ «լայվ» մտնել եւ «դոզա» տալ հանրությանը, որպեսզի հանրությունը «սխալմամբ» չմտածի, թե վարչապետը հայտնվել է պարապ հացակերի կարգավիճակում եւ, ըստ էության, ուրիշ անելիք չունի կորոնավիրուսի մասին հեքիաթներ պատմելուց բացի: Բայց, ինչպես միշտ, այս անգամ էլ ոչինչ չստացվեց նրա բռնած գործից: Տպավորություն էր, որ կառավարության տան պատշգամբում տեղի ունեցող աննորմալությունը շարունակվում էր, բայց արդեն Փաշինյանի բնակարանից: Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել կառավարության տան պատշգամբում, եւ ինչու են մարդիկ, «հույժ կարեւոր» ուղերձը թողած, քննարկում տեղի ունեցած խայտառակությունը:

«Իմ ուղիղ եթերին նախորդող տեխնիկական կադրերի որոշ ռեակցիաներ ինձ զարմացնում են։ Սովետական տարիներին երեխաները մտածում էին, որ ուսուցիչները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում, որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն է թողել»,- տեղի ունեցածի իր գնահատականն է տալիս Փաշինյանը՝ տնային «լայվում»: Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ լա՞մ, թե՞ խնդամ նրա տպավորության վրա: Իրեն թվում է, որ մարդիկ զարմացել են վարչապետի հազալու, դեղ խմելու, շշով ջուրը գլխին քաշելու, լեզվով ատամների արանքը մաքրելու, գլուխը քորելու եւ մնացած ոչ ստանդարտ շարժումների ու դիմախաղի վրա: Փաշինյանն ասում է՝ այնպես եք զարմացել, ինչպես սովետական տարիների երեխաները, եթե հանկարծ պարզվեր, որ ուսուցիչներն էլ են հաց ուտում, զուգարան գնում… Կարելի է մտածել՝ մարդիկ ո՛չ իր հազալն էին տեսել մինչ այդ, ո՛չ «բխկալը», ո՛չ զուգարան մտնելը, ո՛չ փիփերթով ճաշ ուտելը, ո՛չ էլ Իջեւանի խոզի խորոված խեղդելը: Մարդիկ, պարոն Փաշինյան, Ձեզ ո՛չ Աստծո, ո՛չ էլ, մանավանդ, ռահվիրայի հետ չեն շփոթում, հետեւաբար, նրանք «զարմացած» են ոչ թե նախաուղերձյան կադրերում տեղի ունեցող խայտառակությունից, այլ այն բանից, որ նման բան ընդհանրապես կարող էր պատահել ՀՀ վարչապետի հետ: Էլ չեմ ասում, թե ինչ շոկ ապրեցին մեր օրինապաշտ քաղաքացիները, որոնք ամենայն բծախնդրությամբ են պահում կորոնավիրուսի դեմ պայքարի հենց Ձեր կողմից  ամեն օր հիշեցվող անվտանգության կանոնները: Կարճ ասած՝ պարոն Փաշինյան, Ձեզ չհաջողվեց մեղմել նախաուղերձյան կադրերի առաջացրած հիստերիան: Դուք երեւի պետք է ավելի շատ խոսեիք Ձեր թիմի պահվածքի մասին՝ այն մասին, թե ինչպես նրանք արձագանքեցին իրենց առաջնորդի հերթական «կիքսին»:

Մինչ այսօրվա բուն ասելիքին անցնելը մի բան պատմեմ, որ, կարծում եմ, օգտակար կլինի բոլորի համար: Եվ ուրեմն՝ բազմաթիվ հոգեբաններ, երբ ցանկանում են պատկերացում կազմել «պացիենտի» մտավոր ունակությունների մասին, վերջինիս անսպասելիորեն առաջարկում են գլուխը քորել: Պացիենտը ձեռքը տանում է գլխին ու քորում՝ կատարելով բժշկի հրահանգը: Ինչո՞ւ են բժիշկները նման՝ առաջին հայացքից անհեթեթ «առաջադրանք» տալիս: Նպատակը մեկն է՝ նրանք ուզում են հասկանալ, թե ում հետ գործ ունեն՝ խելացի ու մտածո՞ղ, թե՞ թափթփված, անելիքը չիմացող, ընդհուպ՝ իր դիրքն ու պաշտոնը չհասկացող մարդու հետ: Առաջիններն ինքնաբերաբար քորում են ճակատը, մյուսները՝ ծոծրակի կողմը: Ես սա պատմեցի իրեն քորել սիրող Նիկոլ Փաշինյանի համար, որ հետագայում, ձեռքը գլխին տանելիս, հաշվի առնի:

Եվ ամենակարեւորը՝ Փաշինյանն իր վերջին տնային լայվում զուգահեռաբար փորձել է բացատրել նաեւ հասարակության հիասթափության պատճառները: Փաստորեն, հասարակությունը հիասթափված է, այո՞: Դեռ երեկ հանրության 80 տոկոսի քվեի մասին խրոխտ հայտարարություններ անող վարչապետը, փառք Աստծո, իջել է գետնին ու խոսում է իր հանդեպ եղած հասարակական հիասթափությունից: Իմ կարծիքով՝ սա լուրջ հաջողություն է Փաշինյանի պարագայում: Սա նրա կողմից իրավիճակի ճիշտ գնահատման հրաշալի եւ աննախադեպ քայլ է: Բայց եթե ընդունում ես, որ երկրում հիասթափություն կա կամ գաղջ մթնոլորտ, ապա պետք է ասես նաեւ, թե որն է դրա պատճառը: Սերժ Սարգսյանը, օրինակ, լրագրողներին էր մեղադրում գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ: Փաշինյանի բացատրությունները, մեր կարծիքով, ավելի հիմնավոր չեն՝ վնգստացող դատավորներ, կորոնավիրուսային ՍԴ, դժկամությամբ հարկ վճարող գործարարներ, մարդիկ, որոնք իշխանությունից մասնաբաժին ունենալու ակնկալիք ունեն: Ու քանի որ իրեն չի հաջողվել վնգստացող դատավորներից ազատվել, ՍԴ կազմը փոխել, բոլոր գործարարներին բերել հարկային դաշտ, հանրությունը հիասթափվել է: Բա հիմա ի՞նչ անենք…

Փաշինյանն առաջարկում է սպասել. «Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկ չի կարող կանգնեցնել, բացի ժողովրդից»: Հարց՝ ո՞ր ժողովուրդը կկանգնեցնի Փաշինյանին: Բնականաբար՝ ոչ թե նրանով խանդավառված, այլ նրանից հիասթափված ժողովուրդը: Իսկ ժողովուրդը, ինչպես Փաշինյանն է ասում՝ հիասթափված է արդեն, եւ պարզ չէ նույնիսկ՝ կսպասի՞ եւս մի քանի տարի, որ Փաշինյանը գնա մինչեւ վերջ: Ինչպե՞ս չհիշես ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ-ում նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ժողովրդի սահմանադրական իրավունքն է՝ քշել մեզ: Բա որ սկսվի, բա որ կորոնավիրուսի դեմ այս անլուրջ պայքարից զայրացած ժողովուրդը որոշի հենց վաղը քշել այս իշխանություններին, ու պրոցեսը գնա՞… Կարծում եք՝ Փաշինյանն աչքը կթարթի՞: Բնավ, երբեք: Կհայտարարի՝ ես ուզում էի լավ-լավ բաներ անել, բայց, ավաղ, ժողովուրդն ինձ կանգնեցրեց…