«Հրապարակ». Արթուր Աբրահամը մանրամասներ է ներկայացրել իր մարզադպրոցի մասին

«Հրապարակ». Արթուր Աբրահամը մանրամասներ է ներկայացրել իր մարզադպրոցի մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով: 

Հիշեցնենք, որ կառավարությունը, Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում կկառուցի նրա անունը կրող մարզահամալիր: Այս մասին կառավարության նիստում հայտնել է հենց Նիկոլ Փաշինյանը:

Մարզահամալիրի կառուցման հետ կապված մի շարք մանրամասներ փորձեցինք ճշտել հենց Արթուր Աբրահամից, մասնավորապես, թե որ փուլում է նախագիծը, երբ են սկսվելու շինարարական աշխատանքները, ինչպիսին է լինելու մարզահամալիրը։

«Կառավարությունում երեկ քննարկեցինք իմ մարզահամալիրի հետ կապված մանրամասներ: Այնտեղ լինելու է ոչ միայն բռնցքամարտ, այլ նաեւ ըմբշամարտ, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձյուդո, ծանրամարտ, երգ, պար, երաժշտություն, կանանց ֆիթնես, տղամարդկանց ֆիթնես եւ այլն: Աշխատանքները երեւի թե կսկսվեն մյուս տարի եւ կշարունակվեն 2-3 տարի: Ամեն դեպքում, դեռ հստակ որոշված չեն ժամկետները, ՀՀ կառավարության հետ միասին աշխատանքները շարունակվում են: Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը, որ այդպիսի մարզահամալիր է ուզում կառուցել Ներքին Չարբախում: Դա մեծ հնարավորություն է սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպ ունենալու համար: Իսկ հետագայում ովքեր ցանկանան պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ, ես կաջակցեմ երկրից դուրս կարիերա կերտելու հարցում»: 

Արթուր Աբրահամից նաեւ հետաքրքրվեցինք՝ ՀՀ կառավարության միջոցներո՞վ է կառուցվելու, թե՞ իր։ Բացի այդ, մոտավորապես որքա՞ն գումար կպահանջվի մարզահամալիրի կառուցման համար։ «ՀՀ կառավարության հետ համատեղ ենք իրականացնելու, մոտավորապես 6-8 միլիոն դոլար»,- եզրափակեց Արթուր Աբրահամը: