Ինչո՞ւ են մարդիկ վախենում նոր իշխանափոխությունից

Ինչո՞ւ են մարդիկ վախենում նոր իշխանափոխությունից

Ընդդիմությանը հերթական անգամ չհաջողվեց իշխանափոխության համար փողոցում կրիտիկական զանգված հավաքել: Առաջին անգամ չհաջողվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից հետո, երբ ձեւավորվեց 17 կուսակցությունների դաշինքը: Այս անգամ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները համախմբվեցին՝ Փաշինյանին իշխանազրկելու եւ Հայաստանում արժանապատիվ ու ազգային նկարագիր ունեցող իշխանություն ձեւավորելու համար:

Մտածում եմ՝ լավ, էլ ի՞նչ պիտի աներ իշխանությունը, որ մարդիկ փողոց դուրս գային, որ պահանջեին Փաշինյանի հրաժարականը: Ոլորտ չկա, որ այս իշխանությունը ձախողած չլինի, մի հարց չկա, որ լուծած լինի, տված խոստում չկա, որ կատարած լինի: Պատերազմում Հայաստանը խայտառակ պարտության տարած, հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների պատճառ դարձած, Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները հնազանդորեն կատարող, Հայաստանի ինքնիշխան տարածքներն ու կարեւոր ճանապարհներն առանց մի կրակոցի թշնամուն զիջող, կոռուպցիայի ու անօրինականության մեջ թաղված իշխանության դեմ ընդվզում է ընդամենը 10-20 հազար մարդ: Այնպես չէ, որ մարդկանց սոցիալական վիճակը լավացել է, հակառակը՝ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, քան ապրում էին մինչեւ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը. ամեն ինչ անընդհատ թանկանում է, իսկ մարդկանց եկամուտները չեն ավելանում: 

Մարդիկ կան, որ ասում են, թե պատճառն այն է, որ ընդդիմությունը նախկիններն են, որոնց օրոք երկրում կոռուպցիա կար եւ անօրինականություն: Մարդիկ հիշում են նրանց իշխանությունը եւ չեն ուզում վերադարձ նախկինին: Այ, որ նրանց տեղը լրիվ նոր մարդիկ լինեին՝ մաքուր կենսագրությամբ, անբասիր վարքով, հարյուր հազարներ փողոց դուրս կգային: Ես համաձայն կլինեի այս ձեւակերպման հետ, եթե ներկան ինչ-որ դրական կողմերով տարբերվեր նախկինից: Բայց Փաշինյանի իշխանությունը հասավ նրան, որ ամեն մի բանական մարդ, ով հատուկ փող չի ստանում գործող իշխանությունից, նախկիններին փնովելու եւ ներկաներին գովերգելու համար կարող է համեմատություն անցկացնել նախկինի ու ներկայի միջեւ եւ, անկեղծ լինելու դեպքում, կարող է ընդունել, որ նախկինում առնվազն ավելի վատ չէր, քան ներկայում: Իսկ եթե հարցին մոտենանք Արցախի ու Հայաստանի պաշտպանության, ազգային արժանապատվության տեսակետից, ապա հիմա վիճակն ուղղակի աղետալի է: Բայց այդ դեպքում ինչո՞ւ մարդիկ չեն ընդվզում, ինչո՞ւ են համակերպվում գործող իշխանության հետ: Ես այդ հարցի իմ պատասխանն ունեմ:

Մարդկանց մոտ առաջացել է վախ փոփոխությունների նկատմամբ, որովհետեւ ամեն մի նոր փոփոխության մեջ մարդիկ տեսնում են ոչ թե նոր հույս ու զարգացման հնարավորություն, այլ՝ նոր կորուստներ ու նոր ավերածություններ: Մինչեւ 2018 թվականը հայ հասարակության մեջ կար ձեւավորված համոզմունք, որ իշխանությունները վատն են` կոռումպացված, ապօրինությունները հովանավորող, երկիրը թալանող, ազգային խնդիրները սեփական շահերին ստորադասող, իսկ ընդդիմությունը լավն է` ազնիվ, անկաշառ, ազգային ու պետական շահերին հետամուտ: Բավարար է միայն, որ ընդդիմությունը հաղթի ընտրություններում կամ փողոցային պայքարի միջոցով գա իշխանության, երկրում առկա բոլոր հարցերը կլուծվեն: Արդարությունը կվերականգնվի, մարդկանց սոցիալական վիճակը կբարելավվի, մարդիկ կապրեն արժանապատիվ եւ իրենց իրավունքներն ու ազատությունները հարգող երկրում, իսկ մեր ազգային ու պետական շահերն էլ կպաշտպանվեն ամենաբարձր մակարդակով: Մինչեւ 2018 թվականը կոռումպացված ու անօրեն իշխանությունները թույլ չէին տալիս, որ ընդդիմությունը գա իշխանության. կա՛մ ընտրություններն էին կեղծում, կա՛մ բիրտ ուժի կիրառմամբ ճնշում էին փողոցային պայքարը: 

2018 թվականին հրաշք տեղի ունեցավ. վերջապես փողոցային ընդդիմությունը հաղթեց իշխանությանը, եւ մարդկանց մոտ մեծ հույս առաջացավ, որ հիմա իրենք կսկսեն ապրել իրենց երազած երկրում, այն հույսերն ու սպասումները, որ ունեին արդար իշխանությունների հետ, միանգամից կիրականանան: Հիշում եմ, թե նույնիսկ հարազատ ծնողներս ինչպես էին վիճում ինձ հետ, երբ ասում էի, որ ոչ մի լավ բան չի լինելու, եւ դեռ ամեն ինչ ավելի վատ է լինելու: 

Հետո շատերը հասկացան, որ խաբվել են, ու կամաց-կամաց սկսեցին խոստովանել, թե չէին պատկերացնում, որ ամեն ինչ այսպես կավարտվի, որ ամեն ինչ այսքան վատ կլինի: Այս ամենի արդյունքը եղավ այն, որ մարդկանց մի հսկայական մասի մոտ մեռավ հավատը: Մարդիկ այլեւս չեն հավատում ընդդիմության խոստումներին, չեն հավատում, որ կարող է երկրում ու իրենց կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխվել: Մարդիկ սկսեցին հասկանալ, որ պետք չէ հավատալ խոստումներին ու հիմարաբար խաբվել: 2018 թվականին փողոց դուրս եկած մարդիկ հոգեբանորեն իրենց պատասխանատու են զգում գործող իշխանության ավերածությունների, Արցախի ու Հայաստանի հանձնման, իրենց երազանքների կործանման համար: Մարդկանց մի մասն ուղղակի չի ուզում պատասխանատվության նոր բեռի տակ մտնել: Չէ՞ որ մինչեւ 2018 թվականը իրենք իշխանության հետ որեւէ կապ չունեին, այդ իշխանությունն ինչ էլ անում էր, իրենք գոնե իրենց ներսում հանգիստ էին, որ դրա համար իրենք պատասխանատվություն չունեն: Իսկ ներկա իշխանությունն ավիրում ու հանձնում է նաեւ իրենց անունից:

Ավետիս Բաբաջանյան