Անազնիվներն ու անարդարները

Անազնիվներն ու անարդարները

Այն, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյան Գագիկի ձայնագրված խոսքը հայհոյախառն է, նորություն չէ նրա հետ գեթ մեկ անգամ հանդիպած անձանց համար: Դա անցյալից եկող ավանդույթ է: Այդպիսին էր դրվածքն այն ժամանակ՝ ո՛չ խորհրդային երկիրն էր քաղաքակրթության օրրան եւ ո՛չ էլ այդ համակարգում կրթված կադրերն էին բարեկիրթ: Եվ այդ ավանդույթը շարունակվել էր անկախության հաստատումից հետո էլ: Այդ հարցը, բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ, ենթադրաբար, պետք է լուծվեր 2018-ի գարնանային իրադարձությունների համատեքստում: Բայց, ինչպես երեւում է, դրանք ոչ թե լուծվեցին, այլ ավելի տարածվեցին ու խորացան: Այդպիսին էր մեր ճակատագիրը՝ նույնիսկ հեղափոխություն կոչվածն էր կեղծիք ու չարիք, ուր մնաց թե նրա միջոցով իշխանության եկածները լինեին ազնիվ ու բարեկիրթ: Ու հասարակությանն էլ վերադաստիարակեին ազնվության ու բարեկրթության ոգով:

Մնաց ձայնագրության բովանդակային մասը: Դրանում եւս ոչ մի նորություն չկար. շատ ավելի անօրինական ու արդարադատությանը ոչ հարիր երեւույթների ենք հանդիպել թե՛ նախկինների եւ թե՛ գործող իշխանության օրոք (նախկիններ ասելով՝ տվյալ դեպքում նկատի ունեմ Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան եռյակի իշխանությունը): Ինչը բնականոն երեւույթ է, քանի որ ժողովրդավարության հաստատման գործընթացը տեւում է առնվազն մեկ-երկու դար: Այնինչ մեզանում այդ երեւույթին առնչվեցինք ընդամենը 30 տարի առաջ: Եվ կարգին չընկալած ու «չմարսած», թե դա ինչ էր, հայտնվեցինք սկզբում անցման շրջանի, իսկ 2018-ի մայիսից սկսած՝ «ժողովրդավարության բաստիոնի», այնուհետեւ՝ «ժողովրդավարության փայլող աստղի» եւ, վերջապես, «ժողովրդավարության էլիտար ակումբի անդամի» հանգրվաններում: Բնականաբար, վերջին երեքն էլ կեղծ եւ իրականության հետ որեւէ առնչություն չունեցող: 

Ե՛վ Ջհանգիրյան Գագիկի հետ խոսակցության գաղտնի ձայնագրությունը կատարած, ե՛ւ այն հրապարակած Ռուբեն Վարդազարյանի անակնկալն էլ դատական համակարգի նկատմամբ գործող իշխանության ճնշումների ընդամենը հերթական վկայությունն է: Այն սկսվել է դեռեւս հեղափոխական էյֆորիայի ժամանակաշրջանում. հիշենք «Էսօր Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը կարող է չանել» արտահայտությունը: Եվ շարունակվել է այդ էյֆորիայի անկումից հետո էլ: Իհարկե, նորություն էր ԲԴԽ անդամի մակարդակի պաշտոնյայի ինքնախոստովանությունը 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությանը կատարվելիք հնարավոր խախտումների առումով: Բայց Սահմանադրական դատարանում ընդդիմության ներկայացրած բազաթիվ փաստերը բավական էին, որպեսզի նորմալ ժողովրդավարական երկրում չեղարկվեր այն:

Այնինչ նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում որեւէ պաշտոնյայի, այն էլ՝ նախախոստովանություն, չի կարող հիմք լինել նմանօրինակ իրավական գործընթաց նախաձեռնելու առումով: Իսկ քանի որ Փաշինյան Նիկոլը դեռեւս անհրաժեշտ է արտաքին խաղացողներին, ապա արեւմտյան երկրների դեսպանությունների համար ընդդիմության հաղորդումներն այդ առումով որեւէ արժեք չեն կարող ունենալ: Եթե նույնիսկ նրանք արձագանքեն, ապա դա կլինի ոչինչ չասող ընդհանուր դատողությունների շարան: Այն, ինչ տեսել ենք մինչ օրս:

Անձամբ Ռուբեն Վարդազարյանին այդ ձայնագրության հրապարակումը, իմ կարծիքով, ոչինչ չի կարող տալ: Եթե այդ փաստը նպաստի, որ Փաշինյան Նիկոլն ազատվի Ջհանգիրյանից, ապա դրանից պարոն Վարդազարյանի խնդիրը լուծում չի ստանա: Իսկ Ջհանգիրյանից ազատվելու խնդիրը Նիկոլի անձնական շահերի տիրույթում է: Եթե դա ձեռք տա նրան, ինքը կօգտվի այդ հանգամանքից: Եթե ձեռք չտա, օրենքի խախտումով ԲԴԽ անդամ, իսկ այնուհետեւ նախագահի պաշտոնակատար նշանակված Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել: Ինչ մնում է Նիկոլի «ուսապարկերին», ապա Ջհանգիրյանի ասածների վերաբերյալ ՔՊԿ-ական ջահելների արձագանքից մարդ այնպիսի տպավորություն է ստանում, որ սրանք առնվազն 4 տարի բացակայել են Հայաստանից եւ նոր են միայն վերադարձել: Չէ, ի՞նչ Հայաստան, նրանք բացակայել են ընդհանրապես Երկիր մոլորակից, քանի որ Հայաստանից դուրս լինելու դեպքում էլ 21-րդ դարում մեր երկրի վերաբերյալ ինֆորմացիա ստանալը որեւէ դժվարություն չի ներկայացնի: Ու այդ ջահելներն էլ լուրջ-լուրջ դեմքերով փորձում են մտքեր հայտնել առ այն, թե իրենց կարծիքը կասեն իրավապահների հետաքննությունից հետո: Մնում է զարմանալ, թե որքան արագ կարող են երեկվա ազնիվ ու արդար (իբրեւ թե) ներկայացածները վերածվել իրապես անազնիվների ու անարդարների: Չէ, ավելի ճիշտ՝ վերագտնել իրենց ինքնությունը:

Ինչ վերաբերում է գաղտնի ձայնագրման հանգամանքին, ապա բոլոր նրանք, ովքեր դատապարտում են այդ երեւույթը, պետք է վկայություն ներկայացնեն, որ նույն ձեւով դատապարտել են Իոաննիսյան Դանիելի կազմակերպության կատարած գաղտնի ձայնագրությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրության քարոզարշավի օրերին: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարվել էր ցուցակագրել Հանրապետական կուսակցությանը ձայն տալու պատրաստ ընտրողների տվյալները: Իոաննիսյանի կազմակերպությունը դա բացահայտել էր իբրեւ թե ՀՀԿ շտաբներից կատարված զանգերի միջոցով: Կարծում եմ, որ Վարդազարյանին դատապարտողներից ոչ մեկը 5 տարի առաջ որեւէ ձեւով չի հայտնել իր անհամաձայնությունն Իոաննիսյանի կատարածի նկատմամբ: Եվ, բնականաբար, այսօր էլ իրավունք չունի նույնն անելու: