ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով

Ռուս քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահ զորակազմի հեռանալը պատմության վերջը չէ, եթե այն հանգիստ և ռացիոնալ գնահատենք:
«Ռուսական Ֆորբսին» տված հարցազրույցում փորձագետը նշում է, որ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը սենսացիա չդարձավ, այն կանխատեսվում էր, այդ թվում նաև իր կողմից: Դրա տեղակայման մասին որոշումը կայացվել է կոնկրետ պատմական հանգամանքներում։ Երբ դրանք դադարեցին համապատասխան լինել նոր ստատուս քվոյին, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել էր, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է ռուսաստանյան տեխնիկայի շարասյունը անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով:

«ՌԴ զորախմբի հեռացումը Կովկասում զգալի փոփոխությունների հետևանք է։ Թեև ոչ միայն հետխորհրդային տարածքի այս հատվածում, այլև ամբողջ Եվրասիայում։ Մոսկվան կանգնած է աճող մրցակցության և առճակատման առջև, նրա բացառիկ դերին և գերիշխանությանը մարտահրավեր է նետված», - նշում է Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը հնարավոր չէ միասնական հայտարարով գնահատել։ Եվ կարելի է ասել, որ սա պարտություն չէ, բայց հեռանալու մասին այս խոսույթն ինքնին, որպես Մոսկվայի պարտություն, արդեն գոյություն ունի Ռուսաստանի Դաշնության ներսում և դրա սահմաններից դուրս: Նման խոսույթում կան և՛ ծայրահեղություններ, և՛ շահարկումներ։ Բայց կան նաև բաներ, որոնց Ռուսաստանը պետք է սթափ նայի և տեսնի, առնվազն, լուրջ խնդիրների առկայությունը։ Մարկեդոնովը համոզված է, որ դա ավելի կարևոր է, քան «նեղացկոտ հայրենասիրությունը»։

«Պետք է դասեր քաղել սեփական սխալներից՝ այս կամ այն խաղացողների հասցեին վիրավորանքներ թվարկելու, ինչպես նաև բազմանշանակ վշտանալու փոխարեն։ Մենք Կովկասի պատմության մեջ նոր փուլ ենք տեսնում, որում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար ավելի բարդ կլինի, քան նախկինում։ Այնուամենայնիվ, դժվարությունները կոփում են բնավորությունը։ Մենք չէ, որ բացահայտել ենք դա», - նշել է նա։

Փորձագետի կարծիքով՝ ցանկացած հեռացում դատավճիռ չէ, իսկ նահանջը ոչ միայն ռազմական գործի, այլև մեծ աշխարհաքաղաքականության միանգամայն լեգիտիմ միջոց է:
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ են մտել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի, Ալիևի և

Պուտինի ստորագրած եռակողմ փաստաթղթի համաձայն։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերին Բաքուն ուժային գործողության գնաց ԼՂ-ի 9-ամսյա շրջափակումից հետո, ինչի հետևանքով հայ բնակչությունը ստիպված լքեց հայրենի տարածքը։