Այս թեմայից պետք է «յան տան»՝ շենքը հանգիստ թողնեն, խոսակցությունները, որ այնտեղ մեծ փողեր են ֆռռում` միֆ է
«Հրապարակի» զրուցակիցը գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն է:
- Տևական ժամանակ է գրողները` ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ բարձրաձայնում են միության շենքի հարցը: Հայտնի է, որ դատախազությունը դիմել է դատարան՝ ստեղծագործական միությունների սեփականաշնորհման որոշումները չեղարկելու եւ պետականացնելու հայցերով։ Գրողները բողոքում են, մենք նկատեցինք, որ այդ քննարկումներին միայն ավագ սերնդի գրողներն են մասնակցում՝ երիտասարդ գրողներից գրեթե ոչ մեկը չի խոսում այս թեմայով, ակտիվ չէ: Ինչո՞ւ: Ի դեպ, Դուք էլ այդ մասին ոչինչ կարծես չեք ասել:
- Երիտասարդների մասով, այո, կարող է և էդպես է: Բայց ամեն դեպքում այդ շենքը նախ և առաջ պատմություն է, որովհետև դա Հայաստանի գրողների միության շենքն է և ինքնին սիմվոլ է, մեծ արժեք: Այլ հարց է, որ շենքն իր բոլոր կաողություններով, հնարավորություններով չի օգտագործվում, բայց դրա համար էլ կան օբյեկտիվ պատճառներ: Գրողների միությունը պետք է գոյատևի, իսկ այդ գոյատևման համար շենքի տարբեր սենյակներ վաձով են տրվել, տարբեր կազմակերպություններ ու անգամ թատրոն կա վարձակալության տրված: Այլ հարց կլիներ, եթե Գրողների միությունն ունենար ֆինանսական միջոցներ, լիներ ապահոված, շենքն իսկապես կարող էր շատ լավ գրական ֆունկցիա կատարել, նույնիսկ տարիներ առաջ առաջարկվել է, որ շենքի տարբեր սենյակներ տրամադրվեն տարբեր երիտասարդական խմբերի. Խմբագրությունների, մարդկանց, ովքեր զբաղվում են գրականությամբ, սակայն տարբեր հանգամանքների բերումով իրավիճակն այլ է: Գրողների միությունը պետք է համազգային գրողների հարթակ լիներ, միություն լինելուց բացի: Չեմ կարծում, թե այս մտահոգությունը միայն Միլիտոնյանին է վերաբերում, սակայն երիտասարդ գրողները, ճիշտ եք նկատել, այդ շենքի համար տաք սիրտ չունեն, որովհետև չունեն նաև հիշողություններ: Կոնկրետ իմ սիրտը ցավում է, որովհետև իմ սերնդի գրական մուտքը հենց այդ շենքի հետ է պայմանավորված: Ժամանակին մեր հավաքներն այդ կլոր սրահներում ենք արել, այնտեղ եք հավաքներ արել, ծանոթացել: Ես ինքս աշխատել եմ այդ շենքում` «Գրական թերթ»-ում: «Գրեթերթի»-ի խմբագրությունն է այնտեղ և այլն, և այլն: Եթե գլոբալ առումով գնահատենք, սա անձնական մտահոգություն չէ, այլ հարց է, որ ավագ սերնդի կողմից ավելի շատ է բարձրաձայնվում, որովհետև նրանք ավելի մոտ են պատմությանը, գիտեն շենքի ամենատարբեր մանրամասները, որոնք մինչ օրս մեզ հասու չեն: Օրինակ, ես մինչ օրս անգամ տեղյակ չէի շենքի սեփականաշնորհված լինել-չլինելու հարցի, ում է պատկանում և այլն: Այնուամենայնիվ այդ շենքը խորհրդանիշ է, մի վայր է, որը մեր երկրի ու քաղաքի համար ունի խորհրդանշական արժեք:
- Իսկ վարձով տրված աշխատասենյակների գումարներով ի՞նչ ծախսեր են հոգում: Քանի՞ գրողի գիրք է տպագրվում դրանցով:
- Գրողների միությունը մի կառույց է, որն ունի 500-ից ավելի անդամ: Անկեղծ ասեմ` ես այդ կառույցի գործունեությանն այնքան էլ մոտ չեմ, բայց որքանով գիտեմ, կա գրական ֆոնդ, ՀԳՄ-ն ունի աշխատակազմ, որին պետք է պահել, աշխատավարձ տրամադրել: Գրողների ֆոնդից պաբերաբար կարիք ունեցող գրողները ֆինանսավորվում են: Ես` ինքս տարներ առաջ օգտվել եմ օժանդակությունից: Թեպետ մեծ գումարների մասին չէ խոսքը, սակայն այն ժամանակ այդ 20-30 հազար դրամն էլ ինձ համար շատ մեծ գումար էր: Կան մի շարք գրողներ, որոնք հրատարակիչների հետ չեն համագործակցում, կան նաև հրատարակիչներ, որոնք իրենք գրողների հետ չեն համագործակցում…. Մի խոսքով այսպիսի հարցեր էլ կան, իսկ Գրողների միությունը պաբերաբար գրքեր է հրատարակում, տասնյակ միջոցառումներ են կազմակերպում և այլն: Ամեն դեպքում պետք է այս թեմայից «յան տանք», շենքն էլ հանգիստ թողնենք: Այն խոսակցությունները, որ այնտեղ մեծ փողեր են ֆռում` միֆ է:
- Այսինքն` Դուք էլ եք դեմ շենքի պետականացմանը:
- Եթե անգամ Գրողների միությունը չեն կարևորում, ապա պետք է բուն շենքը կարևորեն: Այսօր մարդիկ այդ շենքը իրենց «կայֆի» համար չէ, որ վարձակալության են տվել, վարձակալության են տվել բազմաթիվ հարցեր լուծելու համար: Ի վերջո, մի շատ կարևոր բան էլ` երբ մենք խոսում ենք գրական կայքերից, թերթերից, ամսագրերից, պետք է հիշել, որ դրանց շուրջ հավաքված են տասնյակ մարդիկ, իսկ ՀԳՄ-ն մի կառույց է, որը համախմբում է 500-ից ավելի մարդու: Չեք պատկերացնի, թե ինչ կլինի, եթե 500 գրող մնա առանց համախմբման, կընկնեն պետության ջանը: Հավատացեք, եթե գրողները տարբեր սոցիալական հարցեր չեն բարձրաձայնում, պատճառն այն է, որ կա Գրողների միությունը:
Կարծիքներ