Խարդախության գործը հարուցվել է ոչ թե Մհեր Տերտերյանի դեմ, այլ խարդախության փաստով. Տերտերյանները հերքում են

Խարդախության գործը հարուցվել է ոչ թե Մհեր Տերտերյանի դեմ, այլ խարդախության փաստով. Տերտերյանները հերքում են

Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը և նրա որդին՝  նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մհեր Տերտերյանի պահանջով որոշ ձեւակերպումներ եւ տեղեկություններ, որոնք տեղ են գտել 2020 թվականի դեկտեմբերի 9-ի  «Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի խոզաբուծարանն էկոլոգիական աղետ է առաջացրել» վերտառությամբ հրապարակման մեջ, ճշգրտում ենք: 

Հիշեցնենք, որ Արեւմտյան Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի բնապահպանական վարչությունը տեղի բնակչության բողոքի ակցիաներից հետո ստուգումներ էր իրականացրել Հայկ Տերտերյանին պատկանող Բեստամակ գյուղի խոզաբուծարանում եւ պարզել, որ դրա շուրջ գտնվող հողատարածքներից 13,80 հեկտարը թունավորված է խոզաբուծարանի կողմից այնտեղ հիվանդ խոզերի մարմիններ թաղելու հետևանքով:  

Հրապարակման մեջ մենք՝ հղում կատարելով «Ազատություն» ռադիոկայանին նշել էինք, որ խոզաբուծարանում տաս հազար խոզ ավել են հաշվել, քան ներկայացված է եղել փաստաթղթերով: «Փաստորեն, խոզաբուծարանի հզորությունը թույլ չի տվել այդքան խոզի աղիք եւ միս մշակել, եւ ավելցուկը լցրել են հողի տակ», - ասված է հրապարակման մեջ: Տերտերյանների փաստաբանը ճշտում է, որ խոզերի գլխաքանակը իրականում չեն թաքցվել, իսկ 10 հազարի տարբերությունը վերաբերում է խոզերի նախագծային և փաստացի գլխաքանակի միջև տարբերությանը: 

Ըստ Տերտերյանների, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, որ ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը համաձայնվել է փոխհատուցել իր խոզաբուծարանի գործունեության արդյունքում Ղազախստանի պետությանը եւ համայնքներին հասցրված վնասը: Ակտյուբինսկի դատախազությունը տուգանել է խոզաբուծարանը 7 մլրդ 27 մլն թենգեով, սակայն վարչական ակտը գտնվում է բողոքարկման փուլում:  

Հրապարակման մեջ նշել էինք, որ Մհեր Տերտերյանի դեմ խարդախության մեղադրանքով քրեական գործ է հարուցված: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ քրեական գործը հարուցված է  խարդախության փաստով եւ ոչ թե Մհեր Տերտերյանի դեմ: Տվյալ գործի շրջանակներում Մհեր Տերտերյանին մեղադրանք առաջադրված չէ: