Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի խոզաբուծարանն էկոլոգիական աղետ է առաջացրել

Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի խոզաբուծարանն էկոլոգիական աղետ է առաջացրել

Օրերս Արեւմտյան Ղազախստանի Բեստամակ գյուղում աղմկահարույց միջադեպ էր գրանցվել, որն ուղղակի առնչություն ունի Հայաստանի Հանրապետության հետ: Ակտյուբինսկի մարզի բնապահպանական վարչությունը ստուգումներ էր իրականացրել հայերին պատկանող Բեստամակ գյուղի խոզաբուծարանում եւ պարզել, որ դրա շուրջ գտնվող հողատարածքներից 13,80 հեկտարը թունավորված է: Խոզաբուծարանի շուրջ գտնվող հողատարածքում, որի մի մասը որակյալ, բերրի հողակտորներ են, հիվանդ խոզերի մարմիններ են թաղել, շարքից դուրս եկած շինանյութ, տարատեսակ այլ թափոններ՝ ահռելի վնաս հասցնելով Ակտոբա քաղաքի շրջակա համայնքներին: 

Տարածքում այնպիսի գարշահոտություն է տարածվել, որ Ակտոբայի եւ մի քանի հարակից գյուղերի բնակիչները փողոց չեն կարողացել դուրս գալ, եւ նոյեմբերի 19-ից նրանք սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել՝ պահանջելով փակել խոզաբուծարանը: Այլ խախտումներ էլ կան: Խոզաբուծարանում 10 հազար խոզ ավելի են հաշվել, քան ներկայացված է փաստաթղթերով: Փաստորեն, խոզաբուծարանի հզորությունը թույլ չի տվել այդքան խոզի աղիք եւ միս մշակել, եւ ավելցուկը լցրել են հողի տակ: Այս պատմությունը հանրայնացրել է Ղազախստանում գործող «Ազատություն» ռադիոկայանը: Քրեական գործ է հարուցվել՝ «Հողի փչացում» հոդվածով: 

Մեր տեղեկություններով, խոզաբուծարանի տերն Ակտյուբինսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանն է, որը հայ համայնքում հայտնի գործարարներից է: Նա վարչապետ Կարապետյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Մհեր Տերտերյանի հայրն է: Մհեր Տերտերյանը եւս բաժնետեր է  նշված խոզաբուծարանում: Նրա դեմ էլ խարդախության մեղադրանքով քրեական գործ է հարուցված Հայաստանում: Նախկին կինը բողոք էր ներկայացրել իրավապահներին՝ Տերտերյանին մեղադրելով իր ունեցվածքին խարդախությամբ տիրանալու մեջ: Այս տեղեկությունը հաստատեց փաստաբան Հակոբ Ճարոյանը, որը պաշտպանում է Տերտերյանի նախկին կնոջը: Մհեր Տերտերյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին, թե ճի՞շտ է, որ ինքը բաժին ունի Ղազախստանում հայտնի այս խոզաբուծարանում: 

Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը համաձայնել է փոխհատուցել իր խոզաբուծարանի գործունեության արդյունքում Ղազախստանի պետությանը եւ համայնքներին հասցված վնասը: