Արդարացված կլիներ, եթե իշխանությունը բռնության կոչերով հանդես չգար

Արդարացված կլիներ, եթե իշխանությունը բռնության կոչերով հանդես չգար

Երեկ հանգուցալուծվեց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Նրա դեմ բռնության կոչի հոդվածով քրգործ էր հարուցվել, երբ նա Արցախի հայաթափման ու կառավարության շենքի դիմաց նույն պահին տեղի ունեցող բախումների ֆոնին ֆեյսբուքյան լայվ էր հրապարակել՝ ասելով, որ դավաճանների տանը պետք է «սուրճ խմել»։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը Մալյանին մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով նրան 1 տարվա ազատազրկման, թեեւ հանրային մեղադրողը 3 տարի 3 ամիս էր ուզել։ Քանի որ Մալյանը 6 ամսից ավելի է՝ կալանավորված է, վերջնական ազատազրկում նշանակվեց 5 ամիս 7 օր։ Այս նույն մեղադրանքով Մալյանը մի անգամ արդարացվել էր՝ «Չաուշեսկուների» գործով, նույն մեղադրանքը նաեւ առաջադրվել էր Արմինե Ադիբեկյանին, նա եւս արդարացվել է, սակայն Սուսաննա Գզոգյանն առաջին անգամ մեղադրական դատավճիռ կայացրեց այս հոդվածով, որը մյուս գործերի վրա կարող է ազդեցություն ունենալ։ Հիշեցնենք, որ նույն մեղադրանքն է առաջադրվել Հրանտ Բագրատյանին, Արագած Ախոյանին եւ այլոց։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի դատարանի այս վճռի վերաբերյալ, փաստորեն՝ մարդուն դատապարտեցին խոսք ասելու համար։ «Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ իշխանությունների այն քայլերը, որոնք իրենք կատարում են՝ սոցիալական կայքերի տարբեր տիրույթներում փնտրում եւ գտնում են ինչ-որ գրառումներ, որոնք դիտարկում ու անվանում են բռնության կոչ եւ դրանով քրեական հետապնդումներ են սկսում, ընդհանրապես արդարացված չեն։ Դրանք կարող էին ինչ-որ չափով համարվել արդարացված այն դեպքում, եթե հենց իրենք՝ իշխանությունները, բռնության կոչերով հանդես չգային, ասֆալտներին փռելու ու պատերին ծեփելու կոչերով հանդես չգային։ Այսինքն՝ այն իշխանությունները, որոնք ավելի բարձր են սպառնալիքներ հնչեցնում, քան լսում են, նման դեպքերով դատական հանգուցալուծումներ տալ այդ գործերին՝ այնքան էլ իրավունք չունեն»,- ասաց Հարությունյանը։

Հարցին, թե ինչպես է այս դատական նախադեպն ազդելու խոսքի ազատության մակարդակի վրա առհասարակ, Հարությունյանը պատասխանեց․ «Սոցիալական կայքերն այսօր այնքան տարածված են, ըստ էության՝ այդ սոցիալական ցանցերը փոխարինում են բակային զրուցարաններին, որոնք գոյություն ունեին մինչեւ սոցիալական կայքերի ի հայտ գալը։ Հիմա եթե սոցիալական կայքերում արված այս կամ այն գրառումները պետք է դառնան քրեական գործերի հիմք, ուրեմն մենք, օրինակ, պետք է արդարացնենք խորհրդային ժամանակները, երբ զրուցարաններում հնչեցրած խոսքի համար էր հնարավոր մարդկանց հետապնդել»։