Պետությունը միջամտում է նաեւ դպրոցների կառավարմանը

Պետությունը միջամտում է նաեւ դպրոցների կառավարմանը

ԿԳՄՍ նախարարությունը դպրոցների կառավարման համակարգում նոր մոտեցում է որդեգրել։ Նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես ներմուծվում է դպրոցների միացյալ եւ առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է: 
Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձեւավորվում է 3 տարի ժամկետով`  իբրեւ առանձին հաստատության խորհուրդ` առնվազն 3 հազար բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրեւ միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար: Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ: 

Խորհրդի անդամներին առաջադրում են ԿԳՄՍ նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երեւանի քաղաքապետարան), մանկավարժական եւ ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Օրինակ, ԿԳՄՍ նախարարության ենթակայության հաստատություններում 4 անդամ առաջադրում է ԿԳՄՍ նախարարը,  1-ական անդամ՝ ՀՀ մարզերում համապատասխան մարզպետը, մայրաքաղաքում` Երեւանի քաղաքապետը: Իսկ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների խորհուրդներում Երեւանի քաղաքապետն է առաջադրում 4 անդամ: Դպրոցի մանկավարժական եւ ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի 2-ական անդամ:

Կառավարման խորհրդի կազմում չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ ուսհաստատության աշխատակից: Հանրակրթական դպրոցի տնօրենը եւս չի կարող լինել խորհրդի կազմում:

Դպրոցի կառավարման խորհրդի կարեւոր գործառույթներից են հաստատության տնօրենի ընտրությունը, ինչպես նաեւ  հաստիքային եւ տարիֆիկացիոն ցուցակների,  դպրոցի  ծախսերի նախահաշվի եւ բյուջեի հաստատումը: 

Ստացվում է՝ պետությունը թե՛ բուհական, թե՛ հանրակրթության համակարգում գնում է վերահսկողության ճանապարհով եւ ինչպես բուհերի ռեկտորների ընտրության  (համաձայն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի), այնպես էլ հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրության դեպքում խորհուրդների կազմը ձեւավորվում է 5/4 հարաբերակցությամբ․ 5-ին առաջադրում եւ նշանակում է լիազոր մարմինը՝ ուղղակիորեն միջամտելով դպրոցների ինքնավարության հարցերին։ 

Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանը նկատում է՝ նախկինում խորհրդի կազմը եղել է 4/4 հարաբերակցությամբ՝ 2 ծնողխորհրդից, 2 մանկավարժական խորհրդից, մնացած 4-ն էլ՝ դրսից (այս դեպքում՝ 3 հոգի քաղաքապետարանից, մեկ հոգի՝ նախարարությունից, իսկ եթե նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոց է, ապա 3 հոգի՝ նախարարությունից, մեկը՝ քաղաքապետարանից)։ Այս նոր կարգով՝ խորհրդի կազմից 4-ը դպրոցից են լինելու, 5-ը՝ դրսից։

«Դա ամենակարեւոր խորհուրդն է, որտեղ ներկայացնում, հավանության ենք արժանացնում ծրագիրը, հաշվետվությունը։ Եվ, բնականաբար, դպրոցի ներսի մարդիկ ավելի լավ գիտեն քո գործունեությունը, քան դրսից եկածները, թեպետ չեմ բացառում, որ դրսից էլ կարող են քեզ լավ ճանաչել։ Բայց դպրոցի ներսում թե՛ ծնողական համայնքը, թե՛ մանկավարժական խորհուրդը գործող տնօրենին ավելի լավ են ճանաչում, այսինքն՝ իրենք արդեն լավ գիտեն, թե դու ով ես, բացի այդ՝ կարող ես պարբերաբար հանդիպել ու ներկայացնել իրենց քո ծրագիրը, մինչ ընտրվելը։ Այսինքն՝ իրենք քո մասին ավելի լավ կարծիք կկազմեն, քան որ ամիսը կամ երկու ամիսը մեկ հրավիրում ես խորհրդի նիստ»։

Այս կարգի փոփոխությամբ պետությունն ուզում է ուղղակիորեն միջամտե՞լ տնօրենների նշանակման գործընթացին, թե՞ ոչ։ Տնօրեն Նաիրա Ավետիսյանը դժվարանում է ասել․ «Ես այստեղ այդքան վատ բան չեմ տեսնում կամ գուցե չեմ ուզում վատ բան տեսնել։ Բնականաբար, ցանկալի կլիներ, որ 5-ը լինեին դպրոցից, որովհետեւ տնօրենի գործունեությունը ներսում ավելի լավ են տեսնում, քան դրսից։ Չեմ կարող ասել՝ սա միտումնավոր արվեց, թե ոչ, ամեն դեպքում, վատ ենթատեքստեր չեմ տեսնում, գուցե ես եմ լավատես՝ չեմ կարող ասել»։ 

Դերենիկ Դեմիրճյանի անվան 27-րդ հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանն ասում է, որ կիրառման ընթացքում ավելի ակնհայտ կդառնան բացերը։ Դպրոցի տնօրենը շատ է կարեւորում խորհրդի կազմի կոմպետենտությունը։ «Դրանք կարեւոր բաներ են, որ չեն պահպանվում, երկու կառույցն է միայն կոմպետենտ՝ ծնողական համայնքը եւ մանկավարժական խորհուրդը, սակայն դրսի անդամների կոմպետենտություն վրա որեւէ սահմանափակում չի դրվում, եւ ընտրում է կառույցը, բայց ո՞ւմ է ընտրում»,- ասում է նա ու ընդգծում, որ դրսի անձնակազմն ավելի շատ ներկայացուցչական բնույթ է կրում, եւ կոմպետենտ մարդիկ քիչ են խորհրդում։

«Նախկինում դպրոցի տնօրեններ շատ կային խորհուրդներում, բայց վերջին 2 տարիների ընթացքում ոչ անթաքույց, բայց ինչ-որ ներքին հոսանքների շնորհիվ մաքրվեցին, այսինքն՝ խորհուրդներից դուրս եկան տնօրենները՝ ներքին հրահանգներով, չգիտես ինչու։ Հիմա ես, օրինակ, 153-րդ դպրոցի խորհրդի կազմում եմ, եւ ի՞նչ կարող է անել այլ դպրոցի տնօրենը, բացի լավ խորհուրդներ տալուց։ Ի՞նչ վնաս կլինի, եթե մի ավել անգամ դպրոցի տնօրենը մտնի դպրոց, եւ համեմատության մեջ լուծումներ գտնեն, լավ խորհուրդներ տա մյուս դպրոցի տնօրենին, չէ՞ որ գործ ունենք կոմպետենտ մարդու հետ։ Բայց այսօր այդ երեւույթին նայել են որպես սեւ ու սպիտակ, նախկիններ, եւ մի ստվար խորհրդակցական խումբ դուրս եկավ խորհուրդներից։ Այսինքն՝ կարեւոր է ընտրությունը, թե դրսից ում են ուղարկելու եւ ինչպես»։ 

Ս․ Սարգսյանը նկատում է՝ ի սկզբանե նախագծում հարաբերակցությունը 3/3/3 էր․ ներկայացուցիչներ՝ դրսից եւ ուսուցչական ու մանկավարժական խորհուրդներից, բայց 5/4 ձեւաչափը ոչ միայն լավ չէ, այլեւ՝ անընդունելի․ «Դա մարդու իրավունքների լուրջ խախտում է եւ դրսից թելադրվող բան է ստացվում, ինչպես որ դա արեցին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում, երբ ուղիղ միջամտություն է արվում բուհի ինքնավար գործունեությանը»։ Տնօրենը հավատ չունի պետական մակարդակում կազմակերպվող քննարկումների հետ կապված, որովհետեւ այնտեղ նույնպես ոչ կոմպետենտ մարդիկ են ներգրավվում․ «Ներկայացնելու են, որեւէ մեկը չի ընդվզելու, եւ ձայների մեծամասնությամբ անցնելու է, ինչպես որ անցավ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը։ Ի՞նչ կարողացան անել՝ չէ՞ որ բուհերն ընդվզեցին, հարցը լուծվեց ձայների քանակով եւ վերջ։ Այստեղ գաղափարը չի դրվում հիմքում, իրենք ուրիշ բանի հետեւից են գնում, ինչը, իհարկե, լավ չէ»։   

Դպրոցի տնօրենի համար ընդունելի չէ նաեւ տարիքային շեմի սահմանափակումը տնօրենների ընտրության հարցում․ «Պետության համար լավ բան անող տնօրենն ավելի լավ չէ՞ շարունակի աշխատել, չէ՞ որ գործող ուժ է եւ փոխանցում է սերունդներին իր արածը։ Այսինքն՝ գործիքակազմը պետք է ընտրել այնպես, որ այն տնօրենը, որը սպառել է իրեն եւ նոր բան չի բերում դպրոց, օրինական ձեւով խորհրդով չընտրվի»։