Մանտրա

Մանտրա

Մանտրա բառը սանսկրիտում (հին հնդկերեն) բաղկացած է երկու մասից։ Ման նշանակում է խելք, խորհրդածություն, ասույթ և տրա, որի իմաստն է ազատագրում, պաշտպանում։

Մանտրան կիրառվում է այնպիսի կրոնական մշակույթներում, ինչպիսիք են ինդուիզմը, բուդդիզմը, ջայնիզմը, դաոսիզմը։ Մանտրան բաղկացած է մեկ կամ մի քանի բառերի վանկերից, որոնց արտաբերումը, ստեղծելով օդի որոշակի տատանումներ, առաջացնում է կապ կոսմիկական էներգիայի հետ։
Մանտրան պետք է արտաբերվի ամենաքիչը 108 անգամ և միայն այդ դեպքում կա հույս' հասնել նպատակին։

Մանտրա վասն «խաղաղության»

Սիրելի ժողովուրդ!
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը անհոգնել հաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն, ինչպես Ստեփանակերտ -Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափերում։

Մանտրա վասն բովանդակության

Կատոն Ավագը, որը Հռոմի հայտնի սենատորներից մեկն էր, իր Կարթագեն կատարած ուղևորությունից հետո (մ.թ.ա 153 կամ 152 թվականին) Հռոմի սենատում իր ելույթները ավարտում էր նույնակերպ. «Կարթագենը պետք է վերանա» (Carthago delenda est).

Կատոն Ավագը, ի դեմս Կարթագենի, տեսնում էր Հռոմի ամենավտանգավոր թշնամուն, որը միշտ փորձելու է ոչնչացնել իր հայրենիքը։ Ամեն անգամ կրկնելով նույն միտքը, Կատոն Ավագը նախապատրաստում էր էլիտաներին և ժողովրդին անխուսափելի պատերազմին։

Մանտրա վասն ձևի

Էդմոն Քյոսայանի հայտնի «Ռուսական կայսրության թագը» (Корона российской империи) ֆիլմում նկարագրվում է Փարիզ քաղաքում վտարանդի երկու խմբավորումների պայքարը կայսերական թագի համար։ Նրանցից մեկը, որին կերպավորել է հրաշալի դերասան Ռոլան Բիկովը, ոգեշնչված ասում է. «Ռուսական կայսրության թագը պետք է ինչ? (Корона российской империи должна что?). «Կարճ ասած, այն պետք է դրված լինի այստեղ» (Одним словом, она должна быть здесь). Հարվածելով ճաղատին. «Ահա այստեղ, այս տեղում» ( Вот тут, на этом месте)։

Ինձ թվում է՝ բացատրություններն ավելորդ են։

Հարգանքներով ՝ Աշոտ Նազարյան