Եթե լինի Սարդարապատ, ապա պարտադիր չէ, որ 29 հազար քառակուսի կիլոմետրի համար լինի

Եթե լինի Սարդարապատ, ապա պարտադիր չէ, որ 29 հազար քառակուսի կիլոմետրի համար լինի

Եթե իրոք Ադրբեջանի նպատակը 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա ապրող Հայաստանի հետ հարեւանություն անելը լիներ, ապա գուցե առանձին վերապահումներով, բայց ինչ-որ տեղ հասկանալի լիներ Փաշինյան Նիկոլի՝ «խաղաղության պայմանագիր անպայման լինելու է» պնդումը:

Սակայն, մեր կարծիքով, ինչը, ցավոք, ապացուցվում է նաեւ ընթացող զարգացումների տրամաբանությամբ, Ադրբեջանի ուզածը ոչ թե 29 հազար քառակուսի կիլոմետրով սահմանափակված խաղաղասեր Հայաստանի հետ հարեւանություն անելը, այլ ամեն ինչ կորցրած եւ իրենից վասալային կախվածություն ունեցող Հայաստանի կերտումն է:

Այս առումով մենք վստահ ենք, որ այսօրվա Հայաստանի խնդիրն իրականում ընտրություն կատարելու խնդիր է: Ընտրություն, բայց ոչ թե «վատ խաղաղության եւ պատերազմի» միջեւ, այլ՝ «պատերազմի եւ Ադրբեջանի վասալը դառնալու» միջեւ: Սակայն, դատելով Հայաստանի այսօրվա իշխանությունների գործելակերպից, այս պարզ ճշմարտությունն անգամ անընկալելի է նրանց համար: Անընկալելի է, որովհետեւ նրանք` այդ շրջանակները, ոչ միայն շարունակում են տարբեր տրամաբանական հնարքներով եւ մանիպուլյացիաներով խեղաթյուրել ընտրության առարկան, այլ նաեւ փորձում են համահայկական միջավայրին համոզել, որ եթե անգամ օրերից մի օր Հայաստանն ու հայ ժողովուրդը ստիպված լինեն «Ադրբեջանի վասալը դառնալու եւ պատերազմի» միջեւ ընտրել պատերազմն ու գնալ նոր Սարդարապատի, ապա այդ նոր Սարդարապատն անպայման 29 հազար քառակուսի կիլոմետրի համար մղված Սարդարապատ պետք է լինի:

Այս իմաստով, ինչպես մեր, այնպես էլ շատերի համար, անշուշտ, սպասելի էր, որ այդպես մտածող վերը նշված շրջանակները, իրենց պատկերացումների պատճառով, կարող էին նաեւ չտեսնել այն, որ ճամփաբաժանը, որում հայտնվել է այսօրվա Հայաստանը, այս երկիրն ընտրություն կատարելու երկու հնարավորություն է թողել: Նա` այս երկիրը կա՛մ պետք է գնա Ադրբեջանի կցորդը դառնալու ուղիով, կա՛մ պետք է ընտրի Սարդարապատ տանող ճանապարհը: Բայց որ նրանք` այդ շրջանակները, այնքան կտարվեն աշխարհաքաղաքական խաղերով, որ չտեսնելով Սարդարապատ գնալու անխուսափելիությունը, չեն տեսնի նաեւ այն, որ այս երկրի ու այս ժողովրդի նոր Սարդարապատը չի կարող միայն 29 հազար քառակուսի կիլոմետրի համար ու առանց Արցախի Սարդարապատ լինել, ավելին՝ այն չի կարող նաեւ թալիշներին ու թաթերին, լեզգիներին ու ավարներին անկախություն բերող Սարդարապատ չլինել, անսպասելի էր անգամ մեզ համար:

Անսպասելի էր, որովհետեւ մենք երբեք չէինք կարող մտածել, որ այսպիսի մարտահրավերների առջեւ հայտնված մի երկրի իշխանություն կարող է չհասկանալ, որ այսպիսի պայմաններում ոչ ոք, անգամ ինքը, չի կարող պնդել, առավել եւս հիմնավորել այն, որ 29 հազար քառակուսի կիլոմետրի համար մղված Սարդարապատն ավելի ճիշտ եւ ավելի ստացված Սարդարապատ կլինի, քան 45 կամ 55 հազար կիլոմետրի համար մղված Սարդարապատը:
Չի կարող, որովհետեւ ինչպես մենք, այնպես էլ իրենք արդեն տեսել եւ համոզվել են, որ Ալիեւը չի կանգնի այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրան «լավ չենք կանգնեցրել», որովհետեւ հիմա արդեն ոչ միայն իրենք, այլ նաեւ մենք գիտենք, որ Ադրբեջանը մեր անվտանգությանը կսպառնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք կհանդուրժենք ադրբեջանական կայսրության լինելիությունն ու հարեւանությունը:

Գալուստ Սարգսյան