Հաճույքին տրված

Հաճույքին տրված

«Ինձ համար պատիվ ու հաճույք է Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունենալ Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին»,- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ անցկացվող առցանց միջոցառման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Առաջին հայացքից՝ ինչպիսի՛ մուտք… Իսկ ի՞նչ է ստացվում, երբ մի քիչ խորանում ես Փաշինյանի գոհարակերտ հայերենի մեջ: Փաստորեն, Փաշինյանի համար Բայդենի համաժողովներին մասնակցելը նաեւ հաճույք է: Չգիտեի, թեեւ, ճանաչելով Փաշինյանին, կարող եմ ասել, որ եթե այդ համաժողովը չլիներ, նա իր համար այլ հաճույք կգտներ: Բայդենին էլ երեւի թվում է, թե ինքն այնքան կարեւոր միջոցառում է կազմակերպել, որ էլ չասելու: Խեղճ Բայդեն, դու ընդամենը 3 րոպեանոց հաճույք ես պատճառել վարչապետ Փաշինյանին, մինչդեռ ղեկավարում ես աշխարհի առայժմ թիվ մեկ գերտերությունը: Չի կարելի, չէ՞, այդքան անլրջանալ, պարոն Բայդեն: Ձեր մասին ի՞նչ կմտածեն այդ նույն համաժողովի մասնակից մյուս «գագաթները»: Մի՞թե չեն հարցնի՝ այս ո՞ւմ ես բերել առաջին պլան…

Եվ Նիկոլ Փաշինյանը, իրեն լսող այդքան առցանց պարապ ականջներ տեսնելով, սկսեց խոսել: Խոսեց, խոսեց, խոսեց… Անգլերեն… Հաճույքից հալվում, մաշվում էր ուղղակի: Պատմում էր, թե ժողովրդավարացման ինչպիսի աննախադեպ ճանապարհ է անցել Հայաստանն իր իշխանության տարիներին… Եվ այդ ամենը՝ չնայած համաշխարհային ու տարածաշրջանային մարտահրավերներին: Խոսեց, խոսեց, անուններ տվեց՝ էլ Freedom House, էլ Economist Intelligence Unit, էլ Energy Trilemma Index 2021, ասաց՝ այս «տղաները» բարձր են գնահատել մեր ժողովրդավարության ինդեքսը: Եվ այսպես հաճույքներին տրված էլ Փաշինյանը մոռացավ ԱՄՆ պետդեպի՝ վերջերս հրապարակած զեկույցի մասին, որով հանրապետությունը ներկայացված էր որպես մասամբ ազատ եւ ամբողջությամբ կոռումպացված տարածք՝ իր ամենաճղճիմ թերություններով հանդերձ:

Եվ այսպես խոսելով էլ Նիկոլ Փաշինյանը հասավ իր ելույթի այն մասին, որտեղ մի քիչ խելք էր պետք՝ տակից դուրս գալու համար: Կուզենայի այդ հատվածը ներկայացնել ամբողջությամբ. «Մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը զուգընթաց, մենք 2022 թվականի սեպտեմբերին ստիպված էինք բախվել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի, ինչը հանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացմանը։ Դեռեւս սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականությունը եւ նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից եւ մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին եւ մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին մեզ՝ կասեցնել հետագա ներխուժումը»: Ես, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ընդամենը 10 օր եմ բացակայել Հայաստանից, չեմ հիշում մի դեպք, որ մենք, թեկուզ ուրիշի օգնությամբ, կասեցրած լինեինք ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու որեւէ փորձ:

Հիշեցրեք մի այդպիսի դեպք, եթե դուք հիշում եք: Փոխարենը ես լավ եմ հիշում, թե Հայաստանի տարածքներն Ադրբեջանին տվող Նիկոլ Փաշինյանն ինչպես էր մեզ համոզում, որ Շուռնուխը Հայաստան չէ, որ Գորիս-Կապան ճանապարհի առանձին հատվածներ Հայաստան չեն, որ Սեւ լճի 20 տոկոսի համար չարժե կռվել, որ մեզ ձյունապատ սարեր պետք չեն, Գորիս-Կապան ճանապարհը մերը չէ՝ Տաթեւով կգնանք Մեղրի… Այսինքն, մենք այդ ե՞րբ ենք կռվել մեր տարածքների համար, որ մի հատ էլ Բայդենի ու մյուս գործընկերների օգնությամբ (դիվանագիտական) կասեցնեինք Ադրբեջանի ներխուժումները: Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպես էր նույն Նիկոլ Փաշինյանը մեզ համոզում, թե միջազգային հանրությունն Արցախի հարցում պահանջում է իջեցնել նշաձողը, եւ մենք պետք է համակերպվենք Արցախից հրաժարվելու մտքի հետ: Եվ ուրեմն ինչո՞ւ է Փաշինյանը շնորհակալություն հայտնում այդ նույն միջազգային հանրությանը՝ Բայդենի գլխավորությամբ: Նկատենք, այո, Փաշինյանը միայն ԱՄՆ-ի անունն է տալիս, որ մեզ դիվանագիտորեն օգնել է՝ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիան: Իսկ Ռուսաստա՞նը: Վախեցա՞վ Փաշինյանն արտաբերել այդ երկրի անունը, երկիր, որի զինուժի առկայությունն է զսպում Ադրբեջանին՝ լինի Հայաստանում թե Արցախում: Իսկ ո՞ւր է Հայոց բանակը… Փաշինյանը ժամանակ չունե՞ր իր ելույթի այս հատվածում խոսելու մեր զինվորների ու սպաների մասին, որոնցից 200-ն ընկան հենց սեպտեմբերյան ներխուժումների ժամանակ:

«Ժողովրդավարությունը շարունակական աշխատանք է, եւ մենք կշարունակենք ստանձնել նոր պարտավորություններ՝ Հայաստանի համար նոր նշաձող սահմանելով համաշխարհային ժողովրդավարական վարկանիշային աղյուսակում։ Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին՝ հանուն խաղաղության, հանուն ազատության, հանուն երջանկության»,- այս խոսքերով է իր հաճույքի գագաթնակետին հասել Փաշինյանն այդ գագաթնաժողովի ժամանակ։ Այս մարդու համար, գոնե ինձ այդպես է թվում, երկիր ղեկավարելը նշանակում է ժողովրդավարական վարկանիշային աղյուսակներում վեր բարձրանալ եւ ուրիշ ոչինչ: Մենք, հավանաբար, ինչ-որ շատ լուրջ առաջնության ենք մասնակցում, որտեղ եթե պարտվենք, վերջներս կգա: Կարծում եմ՝ առնվազն հիմարություն է, երկրի դարդուցավը թողած, Բայդենին այսպիսի խոստումներ տալը: Բայդենը շատ լավ է հասկանում, որ «դեմոքրսի» չի կարող լինել մի երկրում, որի ղեկավարը հանուն իր աթոռի պատրաստ է զիջել ու զոհաբերել ամեն ինչ ու ամենքին: