Հնարավո՞ր է, որ Օնիկ Գասպարյանը դառնա ՀՓՇ-ի խորհրդանիշն ու առաջնորդը

Հնարավո՞ր է, որ Օնիկ Գասպարյանը դառնա ՀՓՇ-ի խորհրդանիշն ու առաջնորդը

Նրանից թե իրավական ինչ մեկնաբանություններ են տրվում, ելքը 3 սցենարներից որն է հանգուցալուծումը, կախված է նրանից, թե, Օնիկ Գասպարյանը մնու՞ւմ է Գլխավոր շտաբի պետ։ Եթե չի մնում, ապա հնարավո՞ր է, որ այլևս զինվորական ուսադիրներով չկաշկանդված Օնիկ Գասպարյանը դառնա «Հայաստանն առանց Նիկոլի» պայմանական անունով շարժման խորհրդանիշը, ինչու ոչ՝ առաջնորդը, որն այս իրավիճակում առանցքային ֆիգուր է անգամ աշխատանքից ազատված վիճակում։ Ինչու, որովհետև որքան էլ իշխանությունները փորձեն Գասպարյանի ըմբոստացումից հետո նրա ուղղությամբ ցեխարձակումներ կազմակերպել, միևնույն է՝ այն այնքան էլ չի կպնում գեներալ-լեյտենանտին՝ մի կողմից, մյուս կողմից էլ իշխանությունները որոշակիորեն կաշկանդված են այս հարցում։ 

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքն է Օնիկ Գասպարյանին նշանակել այս պաշտոնում՝ որպես անբասիր և պրոֆեսիոնալ զինվորականի։ Հարցն ուղղում ենք քաղաքագետ Գարիկ Քեռյանին։ Վերջինս նման սցենարը քիչ հավանական է համարում։ «Օնիկ Գասպարյանը կադրային զինվորակական է, նա իր ողջ կյանքում զինվորական ծառայության մեջ է, իսկ քաղաքական և ընդդիմադիր պայքարի համար բավական չէ բարձր վարկանիշը։ Հիմա Օնիկ Գասպարյանը փաստացի առճակատման մեջ մտնելով վարչապետի հետ, ընդդիմությունը նրան դարձրել է ամենապոպուլյար, ընդունելի և սիրված։ Բայց քաղաքական-հանրային պայքարի համար այլ հատկանիշներն էլ են անհրաժեշտ, պետք է հռետորական ձիրք, քաղաքական-հոգեբանական գիտելիքներ»։ Ավելին՝ Քեռյանի կարծիքով այն, որ ընդդիմությանը դեռևս չի հաջողվում հավաքել կրիտիկական զանգված՝ ստիպելու, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնցից մեկն էլ այն է, որ Բաղրամյանում առանձնապես փայլուն հռետորներ չկան։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ եթե Օնիկ Գասպարյանը դուրս գա իր պաշտոնից, հնարավոր է դառնա քաղաքական ֆիգուր, բայց կարծում է, որ այդ պարագայում չի լինի 16-ի մեջ, այլ կլինի երրորդ բևեռ՝ որպեսզի չասոցացվի ո՛չ նրանց, ո՛չ էլ իշխանությունների հետ։ «Իհարկե, մինչև օրս, Օնիկ Գասպարյանի վարքագծից երևում է, որ քանի դեռ նա պաշտոնի է, նա զինվորական է ու քանի դեռ զինվորական է, նա որևիցե քաղաքական հայտարարություն չի անում»։

Օնիկ Գասպարյանի և Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակի հանգուցալուծումները կարող են տարբեր լինել՝ տարբեր ելքերով ու ժամանակային առումներով՝ կախված Սահմանադրության մեկնաբանություններից։

Այնունամենայնիվ, ի՞նչ կլինի, եթե իշխանությունը «հաղթած դուրս» գա և Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Հարցն ուղղեցինք քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։ Վերջինս ասում է՝ հարցը Օնիկ Գասպարյանի անձը չէ, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ «Որովհետև Օնիկ Գասպարյանը ներկայացնում է բանակի վերնախավի տեսակետը և այդ հայտարարության տակ ստորագրել է, փաստորեն, ողջ բանակային վերնախավը։ Այսինքն՝ այստեղ խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերն անվստահություն են հայտնում երկրի քաղաքական ղեկավարությանը և մեղադրում են, որ նա ունակ չէ ղեկավարելու Հայաստանը, ունակ չէ լուծել խնդիրները, որոնք Հայաստանի առաջ կանգնած են»,-ասաց Դանիելյանը։

Նրա մեկնաբանությամբ՝ այս լուրջ մեղադրանքն ավարտվում է նրանով, որ միակ հանգուցալուծումը կառավարության հրաժարականն է։ Իսկ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը՝ քաղաքական-պետական ճգնաժամի արտահայտությունն է։ Ու եթե անգամ ինչ-որ եղանակով իշխանություններին հաջողվի Օնիկ Գասպարյանին հանել ԳՇ պետի պաշտոնից, դրանով ճգնաժամը չի լուծվում։