Աստծո սիրուն, հեռացեք, հեռացեք անցնցում

Աստծո սիրուն, հեռացեք, հեռացեք անցնցում

Աստված դարեր շարունակ՝ մանանայի պես, պետականություն չունեցող հայերիս պետականություն տվեց, չգնահատեցինք: Առաջին ղեկավարը եկավ, մեր հայրերի ու պապերի ստեղծածի վրա կառուցելու փոխարեն քանդեց, նորը չշինեց, երկրորդը եկավ, գնահատական չտվեց, քանդելը շարունակեց, երրորդը եկավ` նույն պատմությունը, չորրորդին հավատացինք, ասինք` ջահելներ են, մի բան կանեն, էն էլ՝ հոնքը սարքելու փոխարեն տվին, աչքն էլ հանեցին։ 

Երեսուն տարի շարունակ ով ինչքան կարող էր, քանդեց ու քանդեց... Ով եկավ, ջոկջոկեց, թայֆա-թայֆա արեց, իմն ու քոնն արեց, երկիրը շենացնելու փոխարեն իրեն շրջապատեց հավատարիմ ծառայողներով ու օտարածին գրանտներով...

Անկշտությունը՝ փող, փող, էլի փող ունենալու տենչանքը, մեր տունը քանդեց:
Մեծամտություն չհամարեք՝ ուզում եմ թավշյա (այն ես անվանել եմ ֆեյսբուքյան) հեղափոխությունից առաջ «Հրապարակ» թերթում տպագրված իմ հոդվածից մեջբերում անել:
 Երեք տարի առաջ եմ գրել․ «Ժամանակն է հասկանանք, որ աշխարհում հինգ հազարից ավելի ազգություն կա, եւ միայն երկու հարյուրին է բախտ վիճակվել պետություն ունենալ: 60-70 տարի է՝ հնամենի Պաղեստինը պայքարում եւ ուզում է պետություն ստեղծել, չի կարողանում: Եկեք այնպես անենք, որ խնդրո առարկա չդառնա, թե չորրորդ հանրապետությունն ինչպես ստեղծենք: Մենք կորցնելուց հետո է, որ կորցրածի արժեքն իմանում ենք: Հիմա մենք մի շատ պատասխանատու խնդրի, շրջանի առջեւ ենք կանգնած՝ երկիշխանության առջեւ․․․ Իսկ երկիշխանությունը հղի է պետականության անդառնալի կորստով:

Աստծո սիրուն, հեռացեք, հեռացեք արժանապատիվ, քանի դեռ ուշ չէ․․․ Ես շատ կցանկանայի, որ առանց ամբիցիաների, դուք ձեր խորհուրդներով նորերին սատար կանգնեիք, օգնեիք երիտասարդ կառավարությանը, ի վերջո՝ բոլորս նույն նավի մեջ ենք։ Եվ հրաշալի է, որ վենդետա չի լինելու։ Իսկ նոր եկող իշխանություններին առաջարկում եմ չկրկ­նել ժամանակի կոպիտ սխալը՝ «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի»։ Մեր տունը քանդողներից մեկը նաեւ այդ կարգախոսն էր»:
Եվ ի՞նչ՝ սխալը կրկնեցին, այն էլ ինչպե՜ս... 

Հիմա առանց վերապահման, երեք տարի առաջվա ասելիքս  ուժի մեջ թողնելով՝ ուզում եմ  միայն մի քանի տող ավելացնել․ ձեր նախորդները հազար ու մի թերություններ ունենալով հանդերձ, ժողովրդական լեզվով ասած, «աբուռ» ունեին՝ հեռացան: Հասկացան, որ եթե չհեռանան, Աստծո տված պետականությունը կկորցնենք։
Հարգելիներս, ինչո՞ւ եք կառչել։

Խորհրդային Կոմկուսի հայ ղեկավարներն աթոռից չկառչեցին՝ հրաժարվեցին...
Առաջին, երրորդ նախագահները աթոռից չկառչեցին՝ հրաժարվեցին: Նապոլեոնից սկսած՝ պարտությունից հետո իշխանությունից չեն կառչել՝ ինքնակամ հրաժարվել են։
Էս երեք տասնամյակ է՝ մեր ժողովուրդը իշխանությունների ձեռքին տառապեց։
Կարճ ու երկար պատերազմների մղձավանջից տառապեց։ Ինքնամաքրման Դանթեի քավարանն անցնելով՝ տառապեց։

Խորհուրդս. 

Որպես հինգ տասնամյակի կենսափորձ ունեցող խմբագիր, Ձեր կոլեգա՝ մարտիմեկյան այս ձյունախառն լուսաբացին կոչ եմ անում՝ Աստծո սիրուն, հեռացեք...
Հեռացեք անցնցում...

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ