Արևմուտքի էքսպանսիային Ռուսաստանը, մեծ հաշվով, չգտավ ոչինչ` հակադրելու ․ Ադրեյ Արեշեւ

Արևմուտքի էքսպանսիային Ռուսաստանը, մեծ հաշվով, չգտավ ոչինչ` հակադրելու ․ Ադրեյ Արեշեւ

Պուտինի ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումները, որոնց ընթացքում նրանք իրար դիմում էին «թանկագին ընկեր»-ով, փորձագետները գնահատեցին որպես «անսահման գործընկերությունը» խորացնելու հավաստիք: Իրողությունը ցավով ընդունեցին ԱՄՆ-ում։ ԱՄՆ պաշտոնյաները քննադատեցին Պեկինին այն բանի հանար, որ նա չի պահանջում պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին` Ուկրաինայում կատարած վայրագությունների համար։ Ավելի վաղ Չինաստանի նախագահը 12 կետից բաղկացած առաջարկներ էր արել ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դադարեցման վերաբերյալ, և մոսկովյան հանդիպումների ժամանակ Պուտինը հայտարարեց, որ Չինաստանի առաջարկը կարող է դառնալ կարգավորման հիմք։ Սա նշանակում է հարաբերությունների նոր, ավելի բարձր մակարդակ Չինաստանի ու Ռուսաստանի միջև։ Ռազմական գործընկերության այս համարյա ձևավորված առանցքը ի՞նչ նշանակություն կունենա աշխարհի, մեր տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի համար։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ, Մարտավարական մշակույթի հիմնադրամ https://www.fondsk.ru/ էլեկտրոնային հրատարակչության փորձագետ Անդրեյ Արեշեւի հետ։ 

- Այս օրերին աշխարհի տարբեր փորձագետներ հակասական մեկնաբանություններ են արել Պուտին- Սի Ցզինպին պատմական հանդիպման մասին։ Դուք էլ եք հոդվածով հանդես եկել։ Եթե կարճ ձևակերպենք, ի՞նչ տվեցին այդ բանակցությունները Ռուսաստանին ու Չինաստանին։ 

- Սի Ցզինպինի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ նախ և առաջ ռուս-չինական երկկողմ հարաբերությունների սերտացում են նշանակում և ակնհայտորեն արտացոլում են ավելի սերտ ինտեգրում` տնտեսական, հնարավոր է, նաև ռազմաքաղաքական հարցերում, ընդհանուր մարտահրավերների և Արևմուտքի, մեղմ ասած՝ ոչ բարեկամական հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի և Չինաստանի հանդեպ։ Շատ է խոսվել ուկրաինական և թայվանական ճգնաժամերի մասին Հարավ-Արևելյան Ասիայում, նշել են Չինաստանի կողմից ժամանակակից նավատորմի ստեղծման մասին, որն անխուսափելիորեն բերելու է ԱՄՆ –ի հետ կոնֆրոնտացիայի։ Դրա շրջանակներում Չինաստանին անհրաժեշտ է անվտանգ, բարեկամական ու հուսալի թիկունք։ Ռուսաստանն իր շահն ունի, անխոս։ Կոշտ տնտեսական ճնշման պայմաններում Չինաստանը, որպես առևտրատնտեսական գործընկեր, այլընտրանք չունի և համեմատելի չի մյուս գործընկերների հետ` իր ներուժով։ Որպես սպառող ձեզ կասեմ, որ մենք այս չինական վեկտորը ավելի ու ավելի զգում ենք ու տեսնում խանութների վաճառասեղաններին, շուկայում, որտեղ արևմտյան ապրանքներն ու ծառայությունները մեծապես փոխարինվել են չինականով։ 

- Ի՞նչ կփոխի Ռուսաստան-Չինաստան ուժեղացող կապը Հայաստանի համար, այդ առանցքի ո՞ր մասում ենք մենք։  

- Ինչպես և Ռուսաստանը, Չինաստանը շահագրգռված չի ռեգիոնալ կոնֆլիկտների խորացմամբ Կենտրոնական Ասիայում ու Կովկասում, ինչին փորձում են հանգեցնել արևմտյան դեստրուկտիվ որոշ ուժեր։ Գիտենք, որ կոնկրետ Հայաստանի հանդեպ նման փորձեր արվում են՝ պետության ներքին գործերին խառնվելու, այդ թվում ռազմական և պսեւդոռազմական մեթոդներով։ Հնարավոր է, առաջիկայում ուժեղանան ռեգիոնալ կազմակերպությունները, որոնցում ներկայացված են և Չինաստանը, և ՌԴ-ն, և այլ երկրներ՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Խոսքը Շանհայի համագործակցության կազմակերպության մասին է։ Դրա վերաբերյալ որոշ մտքեր կան Մոսկվայում։  

- Արդյո՞ք այս ձեր ասած ուժեղացումը ենթադրում է նաև պաշտպանական, անվտանգային հարցերում համագործակցության նոր հեռանկար մեր երկրի համար։ 

- Այո, իմ կարծիքով, կարող է խոսք գնալ լիարժեք և էֆեկտիվ խաղաղապահ մեխանիզմների ստեղծման մասին Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում, որը Հայաստանին կհետաքրքրեր, նաև նկատի ունենալով ՀՀ-ում առկա քննադատական մոտեցումը ՀԱՊԿ-ին։ Ի դեպ, այդ մոտեցումը հիմնավորված է։ ՇԱՀԿ մյուս անվիճելի առավելությունն այն է, որ ռեգիոնի բոլոր երկրները, երևի, բացառությամբ Վրաստանի, այնտեղ ներկայացված են՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, որոնց միջև հիմա բարդ բանակցություններ են ընթանում։ Դրանց փորձում են միջամտել արտաքին ուժերը եւ ուղղել դրանք միայն իրենց հայտնի հունով։ Սա լրացուցիչ անորոշություն և նյարդայնություն է ստեղծում, կողմերը չգիտեն, ինչ սպասեն միմյանցից։ Նախապես սպասում են վատը։ Կարծում եմ՝ Չինաստանի դերի ակտիվացումը, որպես երկրի, որը շահագրգիր է տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերով, կարող էր օգտակար ու կայունացնող լինել։ 

- Ե՞րբ սպասենք ձեր ասած էֆեկտը։ 

- Իհարկե, գործընթացն արագ ու հեշտ չի լինելու։ Ինչպես գիտենք, չինացի ներդրողների փորձերը` մուտք գործել հայկական շուկա բազաթիվ շահավետ առաջարկներով տարատեսակ ռեակցիաներ են առաջացրել, այդ թվում ոչ կոնստրուկտիվ հայ չինովնիկների կողմից, որոնց անունները չեմ ուզում տալ։ Կարծում եմ, դուք նրանց լավ գիտեք։ 

- Նույնիսկ նեղացածություն կար չինացիների կողմից` մեր իշխանության թայվանական «սիլիբիլիների» հետ կապված։   

- Ի դեպ, թայվանյան «սիլիբիլիների» առումով՝ Չինաստանը, իմ կարծիքով, հազիվ թե թշնամական գործողություններ կատարի Թայվանի դեմ։ Գիտենք, որ այսպես, թե այնպես առևտրատնտեսական համագործակցությունը Թայվանի նեղուցի երկու կողմերում էլ ընթանում է, բայց այս հարցում չեմ ուզում խորանալ, ուղղակի ուզում եմ ընդգծել, որ Պեկինի և Թեյբեյի միջև լարվածություն հրահրելու հարցում շահագրգռված են նույն այն ուժերը, որոնք շահագրգռված են մեր սահմանների անկայունությամբ։ Իմ կարծիքով, գրագետ համագործակցության պայմաններում հնարավոր է վստահության անհրաժեշտ մակարդակի հասնել Երևանի ու Պեկինի միջև։ Այլ հարց է, որ դրա համար ջանքեր են պետք։ Ես դժվարանում եմ ասել, թե արդյոք ներկայիս ՀՀ իշխանությունները կկարողանա՞ն դա անել։ Իմ կարծիքով, այդ խնդիրը շատ ակտուալ է Հայաստանի և նրա անվտանգության համար։ 

- Կուզեի խոսենք Սերգեյ Լավրովի հայտարարության մասին` Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, որ ասաց` Արևմուտքը ուզում է կռվացնել Հայաստանին ու Ռուսաստանին։ Մի կողմից այդպես է, բայց մյուս կողմից կա որոշ անազնվություն ՀՀ ու ՌԴ հարաբերություններում, անկեղծության պակաս։ Չե՞ք գտնում, որ Հայաստան ու ՌԴ-ն պետք է այդ մասին նախ խոսեն իրար հետ` բաց ու ազնիվ դիալոգ հաստատեն, դրանից հետո նոր խոսեն Արևմուտքի մասին։ 

- Այո, գտնում եմ։ Երկու կողմերից էլ պետք է բաց ու ազնիվ երկխոսություն, որը, ի դեպ, կար նախկինում՝ ֆորմալ, ոչ ֆորմալ մակարդակներում: Օգնում էր տարբեր հարցեր լուծել՝ և ռազմական, և տնտեսական համագործակցության հետ կապված։ Այն, ինչ սկսվեց երրորդ նախագահի օրոք, պայմանավորված էր այն աշխարհաքաղաքական վերաբաշխումով, որը սկսվեց հետխորհրդային տարածքում, Արևմուտքի էքսպանսիայի դրսևորումներով, որոնց Ռուսաստանը, մեծ հաշվով, չգտավ ոչինչ` հակադրելու քաղաքական, գաղափարական, քաղհասարակության հետ համագործակցության ոլորտներում։ Այդ գործընթացները ուժ ու թափ էին հավաքում։ Այն իրադարձությունները, որոնք 2018 թվականին և հետո տեղի ունեցան, առաջին հերթին հայոց պետականության համար մարտահրավեր էին։ 

- Վերջին հարցը՝ Ղարաբաղի մասին։ Հայաստանն ու Ռուսաստանը իրար վրա են գցում Ղարաբաղը՝ որպես աղքատ բարեկամի։ Ի՞նչ պետք է անել, ճի՞շտ է, որ երկուսն էլ Արցախը մենակ են թողնում։ 

- Իհարկե, սխալ է, հատկապես ՀՀ իշխանությունների ինքնահեռացման կոնտեքստում։ Նաև ֆինանսավորումն է, հա՞, ոնց որ կրճատվելու, որը առաջ օգնում էր Արցախին զարգացնել տնտեսությունը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այն գործում է հնարավորությունների նեղ միջանցքում, փորձելով ֆորմալ և ոչ ֆորմալ ձևով բանակցել Բաքվի հետ, աշխատել երկարացնել խաղաղապահ առաքելությունը, որը ռուս-ադրբեջանական կոնսուլտացիաների առարկա է։ Բայց ռուսական կողմը գիտակցում է իր հնարավորությունների սահմանափակ լինելը այս առումով, և դրա հետ է կապված ձևակերպումների հարցում զգուշավորությունը, նույնիսկ ձևակերպումների բացակայությունը։ Որովհետև մենք չգիտենք, ինչ բանակցություններ են իրականում ու ինչ մակարդակով են ընթանում, մենք կարող ենք միայն ենթադրել, որ ռուսական կողմը փորձում է մասնակցել այդ գործընթացին։ Հաշվի առնելով Բաքվի կոշտ դիրքորոշումը, հասկանալի է, որ այս գործընթացը բարդ է ու ճահճի պես մածուցիկ, քաշող, կապված է քաղաքացիական կենսագործունեության հետ։ Պետք է ձգտենք, որ գոնե չափից դուրս տգեղ ինցիդենտներ տեղի չունենան, ինչպես վերջինը։ 

- Նկատի ունեք ոստիկանների գնդակահարությո՞ւնը։  

- Այո։ Հույս ունեմ, որ նաև ներգրավելով Արցախի իշխանություններին, հնարավոր կլինի առավել սուր պրոբլեմները լուծել։