Հանդիպեցի եհովականների, կատակեցի, ստացվեց
Աշխարհում համատարած աշխարհաքաղաքական ճգնաժամ է, շահերի մահաբեր պատերազմ: Մեր պարագայում նույնն է՝ փոքր մասշտաբով ու մեծ ճգնաժամի բեռի տակ ճզմված:
Ով չգիտի, որ մենք թույլ ենք: Չունենք ճշմարտության երեսին ուղիղ նայող մտավորականություն, չունենք ռացիոնալ մտածող ակտիվ պետական գործիչ: Լի են մտավորականի տեղին հավակնող կարիերիստները: Եթե չկա լիարժեք մտավորականություն, կհետեւի, որ չկա ժողովուրդ, այլ կա բնակչություն, այն էլ՝ հոգնած, ջարդված, զզված… Նրանք գոյատեւում են, հետն էլ՝ ձանձրույթից բեղ ու մորուք պահում, բազմաբնակարան շենքերում շուն ու կատու պահում: Կուշտ ու երջանիկ շնիկների հետ տերերը զբոսնում են, զրուցում փողոցով անցնող-գնացող ծանոթ-բարեկամի հետ, սեթեւեթում աղանդավորականների հետ ու… ընկնում նրանց թակարդը:
Երեւանը կրկին հեղեղվել է Եհովայի վկաներով: Նրանք վխտում են ամենուր՝ այգիներում, մետրոպոլիտենի կայարանների մուտքերի տարածքներում: Աղանդավորությունը վարակի նման բան է. տարածվում է այնտեղ, որտեղ սոցիալական ծանր վիճակ է՝ անգործություն, հոգեւոր, մտավոր դատարկություն: Ասել է թե՝ հանրության քաղաքակրթական պաշարը հասել է շրիշակի նիշին:
Մի զվարճալի դեպք: Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մուտքի բացօթյա տարածքը եհովականների հավաքատեղիներից է: Բարեկիթ հագնված հինգ կանանց հետ փորձեցի խոսքի բռնվել: Հարցին՝ կներեք ոչ պարկեշտ հարցի համար, որքա՞ն է ձեր աշխատավարձը, կանանցից մեկը դժկամությամբ պատասխանեց, որ իրենք հասարակական կարգով են գործ անում: Պատասխանը համոզիչ էր, այդ կանայք բերան բացել-փակելով ուռճացնում են պոռոտախոսների շարքերն ու փող աշխատում: Նրանցից մեկն էլ ինձ առաջարկեց առանձնանալ իր հետ, որ կենսափիլիսոփայական բացահայտումներով «լուսավորի» ինձ: Զրույցը երկար չտեւեց: Ասացի, որ վարակակիր եմ: Կինը լսեց, շուռ եկավ ու չքվեց:
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Կարծիքներ