Մեղավորը Նիկոլն է

Մեղավորը Նիկոլն է

Մեկ հատված երիտասարդ տաքսիստի ասածներից. «Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ Իլհամը զորք է կուտակում Հայաստանի հետ սահմանին»: Նրան կարելի է պատասխանել գրազ գալով․ «Տաքսին քշում ես դեպի սահման ու եթե ճիշտ ես դուրս գալիս, ապա քառակի վճար ես ստանում: Իսկ եթե ոչ, ապա գնալ-վերադառնալը՝ քո հաշվին»: Իհարկե, նա չի համաձայնի այդ պայմանին, եւ նրա ուղեղում, եթե այն առկա է, ինչ-որ բջիջներ կշարժվեն: Իսկ եթե լուրջ, ապա պատկերացրեք, թե ինչ է նշանակում նման մտածողություն կրողներին համոզել, որ վարչապետի պաշտոնին Նիկոլի առկայությունը սպառնալիք է Հայաստանի համար՝ Արցախի մասին էլ չասած: Ու նրանց միավորել Նիկոլի իշխանության դեմ պայքարում: Դա կանվանեի աննպատակ ջանք կամ սիզիփոսյան աշխատանք՝ անտիկ հույն առասպելական հակահերոսի անունով: 

Չնայած Փաշինյանն է այդ մտածողության շահառուն, բայց այն չի սկսվել Նիկոլով եւ, բնականաբար, չի էլ ավարտվի նրանով: Նույնիսկ եթե մեզ՝ բացառելով տվյալ տաքսիստին եւ նրա նման անձանց, հաջողվի հեռացնել Նիկոլին վարչապետի պաշտոնից: Վերջինս ընդամենը այդ երեւույթի մարմնավորումն է՝ բացասական ամենաբարձր մակարդակով: Եթե այդպես չլիներ, ապա երբեք չէր հասնի վարչապետի պաշտոնին: Որովհետեւ, ըստ բնության օրենքի, վատ միջավայրում հարմարվելու համար պետք է համապատասխանես դրա կանոններին, իսկ որպեսզի առաջ մղվես, պետք է առավելագույնս համապատասխանես դրան: Այնպես որ՝ այն, ինչ մենք այսօր անվանում ենք հենց նրա անունով, առկա էր մեր մեջ վաղուց: Դեռեւս 100 տարի առաջ հայոց մեծերը (Հ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Նժդեհ, Հ. Ասատրյան եւ այլն) բողոքում էին այդ երեւույթի առկայությունից: Իսահակյանը նույնիսկ գրել է, որ մի օր կռիվ է սկսվելու հայության՝ հայրենասեր եւ հայրենիքի զգացողությունից զուրկ հատվածների միջեւ: Աչքիս, այն արդեն սկսվել եւ ընթանում է, մի կողմից, Նիկոլի ղեկավարությամբ կիսագրագետ զանգվածների ու մյուս կողմից՝ դեռեւս չկազմակերպված ու միասնական ղեկավարություն չունեցող, մտածող անհատների միջեւ: 

Իսկ եթե ավելի հետ գնանք, ասենք, մի ողջ հազարամյակ, ապա մեր պատմության քառուղիներում կգտնենք վարդապետ Արիստակես Լաստիվերցու (11-րդ դար) «Պատմությունը», որում առկա է մեղքի եւ ապաշխարության գաղափարը: Հեղինակը բողոքում է Անիի բնակիչների բարոյական անկման երեւույթից՝ որպես Աստծո պատիժ ներկայացնելով Անիի դաժան ճակատագիրը: Եթե եւս 600 տարով հետ գնանք դեպի մեր պատմության խորքերը, ապա 5-րդ դարում կհանդիպենք Մովսես Խորենացու «Ողբ»-ին: Որում ներկայացված է բարոյական անկման այն անդունդը, որում հայտնվել էր հայությունը պարսից Սասանյան տերությունից կիսանկախ թագավորության եւ դրա անկման ժամանակահատվածում: Իսկ այդ վիճակին հասնելու համար գոնե մի քանի սերնդի կյանք էր անհրաժեշտ: Ինչպես տեսնում ենք, «նիկոլիզմի» արմատները թաղված են հարյուրամյակների խորքում, եւ այն արմատախիլ անելու համար պահանջվելու են հսկայական ջանքեր: Եվ դրա առաջին քայլը պետք է լինի նրա հեռացումն իշխանությունից:

Բայց վերադառնանք մեր օրերը: Մինչեւ 2018 թվականը որեւէ իշխանություն իր առջեւ չէր դրել արմատական փոփոխությունների իրականացման խնդիրը: 2018-ի ապրիլին Նիկոլն առաջնորդեց զանգվածներին հենց այդ կարգախոսով: Սակայն ստացվեց այնպես, որ մերժելի այդ երեւույթների ամբողջությունը, որ արմատացած էր հայաստանցիների մտածողության մեջ ու, ենթադրաբար, պետք է վերացվեր նոր իշխանության գործունեության արդյունքում, ընդամենը մի քանի տարի անց ստացավ հենց իր անունը: Որովհետեւ սեփական խոստումները կյանքի կոչելու փոխարեն Նիկոլը շարժվեց, նախ, նախկինների կողմից տրորված ճանապարհով: Եվ, ապա, գերազանցեց նրանց բոլոր այն հարցերում, որոնց առումով քննադատում էր որպես ընդդիմադիր գործիչ: Ինչը նշանակում է, որ ինքը մեղավոր է ոչ միայն պատերազմի խայտառակ պարտության մեջ, չնայած անընդհատ փորձում է այն բարդել ուրիշների վրա: Ինքը կրկնակի մեղավոր է պարտությունից հետո իրական հրաժարական չներկայացնելու առումով: Ինքը եռակի մեղավոր է նախկինների օրոք գոյություն ունեցող «Հ1-ի Հայաստանը» վերափոխելու փոխարեն, ինչի մասին բազմիցս էր արտահայտվում, այն ավելի ծաղկեցնելու մեջ:  

Նիկոլը մեղավոր է այն հարցում, որ տասնյակ հազարավոր մարդկանց փողոց հանելով՝ խոստացավ նրանց երջանիկ ապագա, սակայն դրա փոխարեն «պարգեւեց» ողբերգություն՝ ողբերգության հետեւից: Մեղավոր է, որ դա չի գիտակցում ու թշնամուց խաղաղություն մուրալով՝ հիմք է տալիս նրան, որ վերջինս ավելի ծայրահեղական դիրք զբաղեցնի Հայաստանի ու Արցախի հետ փոխհարաբերություններում: Ինչը կրկին բերելու է մարդկային ու տարածքային կորուստների: Մեղավոր է, որ սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքը դժոխքի վերածելով՝ մարդկանց խոստանում է 30 տարի անց դրախտային երկիր: Միաժամանակ, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր Նիկոլին հրաժարական պարտադրելու փոխարեն ծառայում են նրա անձնական իշխանությանը՝ հարցականի տակ դնելով հայոց պետականության ապագան: