Կապիտուլյացիա լինելու է. Նիկոլ Փաշինյան
Կապիտուլյացիա լինելու է… Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ կառավարության նիստի «հարգելի մասնակիցներին, սիրելի ժողովրդին եւ միջազգային հանրությանը» հղած ուղերձը ես հենց այդպես էլ ընկալեցի: Նա պարզորոշ ասաց՝ խաղաղության պայմանագիր լինելու է եւ լինելու է մինչեւ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։ Իսկ թե այս խայտառակ վիճակում հայտնված երկրի համար ինչ է նշանակում «խաղաղության պայմանագիր» ասվածը, կարծում եմ՝ շատերն են հասկանում: Դա նույն կապիտուլյացիան է, բայց արդեն՝ փաստաթղթավորված: Կապիտուլյացիայի առաջին փուլը տեղի ունեցավ Շուշին հանձնելու հաջորդ օրը: Դրանից մոտ երեք տարի անց, իսկ ես կարծում եմ, որ մինչեւ 2023թ. նոյեմբերի 9-ը մեզ ոչ մի «խաղաղության պայմանագիր» էլ չի սպառնում, հնարավոր է՝ թեւակոխենք կապիտուլյացիայի երկրորդ՝ արդեն փաստաթղթավորված փուլ: Այսինքն՝ հնարավոր է ստորագրվի մի թուղթ, որին կտան «խաղաղության պայմանագիր» անունը, բայց դա կդառնա մեր Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի վկայականը: Եթե կուզեք՝ այն անվանեք ատեստատ, ՀՀ գործող իշխանության աշխատանքային գրքույկ, Ադրբեջանի հետ զագսի գրանցման հավաստագիր… Ինչ ուզում եք՝ անվանեք, բայց դա լինելու է կապիտուլյացիայի թուղթ, իսկ Փաշինյանի ձեւակերպմամբ՝ բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթուղթ:
Իսկ հիմա անդրադառնանք Փաշինյանի հայտարարության գործնական կողմին: Մի քիչ դժվար է, իհարկե, Փաշինյանին պատկերացնել գործի մեջ, բայց, այնուամենայնիվ, փորձենք: Ահավասիկ, ինքը տմբտմբալով մտնում է մի մեծ սենյակ, որտեղ Ալիեւն ու Պուտինն արդեն իրեն են սպասում: Գլխով մի թեթեւ բարեւում է, աթոռ են մատուցում, նստում է: Նրանից հետո նստում են նաեւ Ալիեւն ու Պուտինը… Դե դուք պատկերացրեք սիրելի ժողջանի հպարտության աստիճանը… Մի երկարոտն «բլանդինկա» Նիկոլի առջեւ է դնում կապույտ թղթապանակը եւ մատիկով ցույց տալիս այն տեղը, որտեղ ժողվարչապետը պիտի ստորագրի… Դե հիմա կարգ է, թե չէ մեր վարչապետը, ինչ է, չգիտի՞ որտեղ պետք է ստորագրի… Հետո թղթապանակը դնում են Ալիեւի առաջ: Ալիեւը վախվխելով վերցնում է գրիչը… Պաուզա… Ռեժիսորներն այդ պահին որսում են Նիկոլի հայտնի հայացքը… Աչքերով ուտում է Ալիեւին… Պուտինը նրա ականջին շշնջում է՝ ստորագրի, քանի Նիկոլը չի կատաղել: Վերջապես ստորագրում է: Փաշինյանի «զիբարը» բացվում է: Հերթը հասնում է Պուտինին… Նա ժպտում է, հետո հոնքերը կիտում մի տեսակ՝ իբր լուրջ գործ է անում, բայց արագ ստորագրում է թուղթն ու տալիս «բլանդինկային»՝ վերցրու, աղջիկ ջան, կտանես, կդնես իմ ցույց տված դարակի մեջ:
- Ո՞ր դարակի, պարոն նախագահ, Դուք ինձ այնքա՛ն դարակներ եք ցույց տվել:
- Կամաց խոսիր, ախչի, կլսեն… Էն որսորդական պատմությունների դարակի մեջ: Հասկացա՞ր:
Հաջորդ օրը ամերիկյան թերթերը կգրեն՝ Պուտինը մի կրակոցով երկու նապաստակ սպանեց…
Այսքանով «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին Փաշինյանի հայտարարության գործնական կողմն ավարտվում է, բայց մենք հասկանում ենք, որ դեռ պետք է հասնենք այդ օրվան: Իսկ կհասնե՞նք արդյոք: Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ դժվար է պնդել, որ ապառնի ժամանակով նրա արած որեւէ հայտարարություն կհասնի իր տրամաբանական նշանակետին կամ, առհասարակ, կիրականացվի: Մինչ օրս ինչ ասել է, հակառակն է եղել կամ մոռացվել է: Ասել է՝ չեմ տալու, տվել է, ասել է՝ հաղթելու ենք, պարտվել ենք, ասել է՝ զարգանալու ենք՝ հետադիմել ենք, ասել է՝ կրթվելու ենք, դարձել ենք անկիրթ, ասել է՝ ներդրումներ են լինելու, ներդրողները փախել են, ասել է՝ բնակչության թիվն աճելու է, հակառակն է տեղի ունեցել, խոստացել է ներգաղթ՝ արտագաղթն սպանում է: Դե արի ու Նիկոլին հավատա, որ «խաղաղության պայմանագիր ստորագրվելու է»: Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես հրաժարվում եմ հավատալ դրան: Գրեթե վստահ եմ, որ մինչեւ նոր պատերազմ չլինի, ու մենք չհաղթենք, չվերադարձնենք մեզնից կողոպտվածը, ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի ստորագրվելու:
Ինձ նույնիսկ թվում է, որ Փաշինյանն էլ չի հավատում իր հայտարարությանը: Հապա լսեք նրան: Էն հայտնի ֆիլմի հերոսի պես ասում է՝ ես կգնամ, ծաղիկա-մաղիկա կջրեմ, իսկ դուք… Նա մեզ հանձնարարական է իջեցնում. «ՀՀ կառավարությունն ու հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգն ուժեղացնելով։ Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման ու մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից»: Հայերեն ասած՝ սա նշանակում է՝ դուք ձեր քարկտիկը շարունակեք խաղալ ու չնկատել, թե ես ինչպես եմ ստորագրում ձեր վերջնական կապիտուլյացիան: Այստեղ են ասել՝ բարով ես եկել: Բավական է՝ ինչքան փչեցիր ու հիմարություններով զբաղեցրիր ժողովրդին: Գլխիդ կպնի քո խաղաղությունն էլ, խաղաղության պայմանագիրն էլ: Հրաժարական տուր՝ գնա…
Կարծիքներ