Ես հրաշքների չեմ հավատում

 Ես հրաշքների չեմ հավատում

Հարցազրույց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ

- Արդեն երեք ամիս է՝ Հայաստանը չունի մարդու իրավունքների պաշտպան: Ի վերջո` իշխանությունները գտել են իրենց սրտի ՄԻՊ-ին: Նա Անահիտ Մանասյանն է՝ գլխավոր դատախազի տեղակալը եւ, ըստ մամուլի հրապարակումների` ընկերուհին: Խնդրահարույց չէ՞, որ դատախազության աշխատակիցը դառնում է ՄԻՊ: Դատախազության եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ չկա՞ հակասություն:

- Նախ ուզում եմ ասել, որ, ի տարբերություն նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի, Անահիտ Մանասյանը բավականին փորձառու է եւ չունի պրոֆեսիոնալիզմի խնդիր: Ես լավ ճանաչելով եւ դասավանդելով նրան՝ կարող եմ ասել, որ Մանասյանը շահեկանորեն տարբերվում է Քրիստինե Գրիգորյանից: Բայց աստեղ կա այլ խնդիր: Շահեկանության լիմիտը սպառվում է, որովհետեւ մենք գործ ունենք քաղաքական իշխանության առաջադրած թեկնածուի հետ: Ես խիստ կասկածներ ունեմ․ Անահիտ Մանասյանը չի կարող որպես ՄԻՊ իր բարձր առաքելությունն իրականացնել պատշաճ՝ հաշվի առնելով, թե որ քաղաքական ուժն է առաջադրում նրան: Շատ կոնկրետ օրինակ կարող եմ բերել: Կարո՞ղ է արդյոք Անահիտ Մանասյանն օբյեկտիվ գնահատական տալ դատական իշխանության դեմ արվող գործընթացներին: Շատ ցավալի է այս ամենը, ես չէի ցանկանա, որ Անահիտ Մանասյանն այնպիսի գործառույթ ստանձնի, որը պատշաճ կատարել չի կարող:

- Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր կանխատեսումներին հակառակ՝ Անահիտ Մանասյանն արդարացնի իրեն:

- Հրաշքներ, իհարկե, լինում են, Քրիստինե Գրիգորյանն էլ կարող էր նորմալ աշխատել, հրաշքի ձեւաչափով, սակայն ես հրաշքների չեմ հավատում: Չեմ բացառում, որ Անահիտ Մանասյանը կարող է պատշաճ կատարել իր աշխատանքը, եւ հենց այդ պատճառով կոնկրետ հարց եմ տալիս. հրապարակային գործընթացներ են տեղի ունեցել, օրինակ՝ նույն դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ կապված: Ամեն ինչ հրապարակել էինք, որպես մասնագետ՝ Անահիտ Մանասյանը դիրքորոշում ունի՞ այս մասով: Ասել, թե տեղյակ չեմ, փաստերին չեմ տիրապետում, անհնար է: Ամեն ինչ հրապարակված է:

- Մի պահ պատկերացնենք՝ Անահիտ Մանասյանն իրեն արդարացնում է, բայց այն հանգամանքը, որ նա դատախազության աշխատակից է, խոչընդոտ չէ՞ ՄԻՊ դառնալու համար:

- Այո, խոչընդոտ է՝ լուրջ: Տեսականորեն այն գուցե հաղթահարելի փաստ է, սակայն եթե այդ գործոնին ավելացնում ենք այն հանգամանքը, թե որ քաղաքական ուժն է նրա թեկնածությունն առաջադրել, լուրջ խնդիր է առաջանում: