«Հրապարակ». Հայկական ԱԹՍ-ները հետաքրքրել են հնդիկներին, իրանցիներին, աֆրիկացիներին

«Հրապարակ». Հայկական ԱԹՍ-ները հետաքրքրել են հնդիկներին, իրանցիներին, աֆրիկացիներին

Հայկական անօդաչու սարքերի արտադրությունը սկսված է։ Փետրվարի 20-24-ն Աբու Դաբիում անցկացված IDEX-2023 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը միասնական տաղավարով է ներկայացել, որում, ի թիվս տարբեր պաշտպանական տեխնոլոգիաների, ցուցադրվել են նաեւ հայկական ԱԹՍ-ներ։ Անօդաչուներ արտադրող ընկերություններից է «Էյրվորքեր» ՍՊԸ-ն, որը 2016 թվականից է աշխատում ոլորտում եւ 4 մոդել է տարել Էմիրությունների մայրաքաղաք։  

Ասում են, որ հայկական տաղավարի շուրջ ակտիվություն է եղել, հետաքրքրվել են Հնդկաստանը, Չինաստանը, աֆրիկյան երկրները։  Ըստ «Էյրվորքեր» ՍՊԸ ինժեներ-տեխնոլոգ Խաչատուր Մելքոնյանի՝ ցուցադրված սարքերից երկուսը հետախուզական մոդել են, երկուսը՝ հարվածային։ Աբու Դաբիում ցուցադրված հետախուզական մոդելներից մեկի թռիչքային բարձրությունը 4000 մետր է, քաշը՝ 3,5 կիլոգրամ, թռիչքի տեւողությունը՝ 1ժամ 20 րոպե, թռիչքը կատարվում է ձեռքից, օդապարիկով վայրէջք է կատարվում, նկարահանում է ու հետ գալիս, ըստ պլանի։ Նյութը՝ ապակյա մանրաթելային կտորը, ներկրվում է Չինաստանից, հավաքվում է Հայաստանում։ Այս տեղեկությունները հայթայթել ենք բաց հարթակներից։ 

«Հայկական մշակումների որոշակի հաջողություններ կան։ Բայց թեման փակ է, եւ շատ ինֆորմացիա տալ չենք կարող»,- հայտնեց բարձր տեխնոլոգիաների նախարարության մամուլի պատասխանատուն։ ԱԹՍ-ների ստեղծման մասին խոսում են արդեն մեկ տարուց ավելի։ 2022 թվականի հունվարին ՀՀ բարձր տեխնոլոգիաների այն ժամանակվա նախարար Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր, որ կան ընկերություններ, որոնք արդեն պատրաստի ԱԹՍ-ներ ունեն, եւ որ ընթանում է դրանց փորձարկումը, նաեւ կան այնպիսիք, որոնք անցել են փորձարկումների փուլը։ Որքանո՞վ է հայկական արտադրանքը հուսալի, կարելի՞ է արդյոք դրա վրա հույս դնել, փող ծախսել վրան, արտադրել զանգվածաբար, թե՞ սրանք խաղալիքներ են, որոնք սարքում ենք՝ ասելու համար, որ մեզնից հեռու չէ նման լուրջ տեխնիկա ունենալը։ 

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն ասում է, որ սա բարդ հարց է, որի պատասխանը կարող է միայն պատերազմը տալ։ «Ես չգիտեմ՝ սրանից արտադրո՞ւմ են, թե՞ չէ։ Եթե իմանայի էլ, չէի ասի, որովհետեւ դա ռազմական գաղտնիք է։ Բայց որակի հարց էլ կա։ Դա շատ նեղ ոլորտ է, դրանց որակի հարցը։ Եթե անգամ դու գիտես դրանց տակտիկատեխնիկական բնորոշումները, դու չգիտես, չէ՞, թշնամին ինչ ունի»։ 

Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում Հայաստանը կարող է անօդաչու սարքեր եւ այլ ռազմական տեխնիկա արտադրել, եւ դրա համար ընդամենը մի քանի հարյուր միլիոն դոլար է հարկավոր։ Այդ սարքերը լիովին բավարար կլինեն, որ մենք հնարավոր պատերազմում հաղթենք թշնամուն, մանավանդ՝ եթե դրանք ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական նպատակներով կիրառենք եւ թշնամու հարձակումներին հակադարձելու համար։ Եթե դրան գումարենք նաեւ այն, որ մեր զինվորներն ավելի խիզախ են եւ անձնազոհ՝ թշնամու զինուժի համեմատ, ապա մեր՝ պարտություն կրելու հավանականությունը կմոտենա զրոյի։ Մնում է, որ մեր իշխանությունները եւ զինտեխնիկայի արտադրությամբ զբաղվողները գիտակցեն սա եւ եղած ֆինանսները ոչ թե արագ փչացող ասֆալտի ու տարբեր անիմաստ ծրագրերի վրա ծախսեն, այլ՝ զինտեխնիկայի, բանակի եւ սահմանային դիրքերի ամրացման։

«Էյրվորքեր» ՍՊԸ տնօրեն Բակուր Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե հայկական ԱԹՍ-ն «խաղալի՞ք» է, թե՞ ոչ, ասաց. «Չէր կարող խաղալիքը հասնել Աբու Դաբի, չէր կարող հետաքրքրել շատ մարդկանց՝ արաբների, հնդիկնեի, իրանցիների, որոնք եկան, նայեցին, շոշափեցին։ Սա մարզային ցուցահանդես չէր, որ խաբեին ու շոու սարքեին։ Ես կարող եմ միայն դա ասել։ Ամեն ինչն էլ իրական է եւ գնում է դեպի դրական ելք, այսինքն, իրականության մեջ հայկական անօդաչուն շատ լավ օգտագործվելու է։ Բայց սա պրոցես է, որի մասին չի կարելի խոսել։ Հասկանում եք, չէ՞, որ մենք չենք կարող ասել ու գրել, թե հայոց բանակն ինչ ունի, ինչ չունի։ Եվ առաջիկայում ինֆորմացիան ավելի է փակվելու»։ Իսկ ինչո՞ւ` չէ՞ որ ադրբեջանցիները չպետք է ուրախանան, որ մենք ոչ մի բան չունենք, եւ հակառակը` մեր զինվելու, պատերազմին պատրաստ լինելու մասին տեղեկատվությունը պետք է ոչ միայն մեր հասարակությանը, այլեւ թշնամուն։ «Բայց ավելի լավ է, որ նրանք ուրախանան ու վերջում անակնկալի գան, այ, դա արդյունք է», - հակադարձեց Կարապետյանը։