Հայկազովի նախկին հրամանատարը կուսակցություն է հիմնում

Հայկազովի նախկին հրամանատարը կուսակցություն է հիմնում

Հայկազովի հրետանային բրիգադի նախկին հրամանատար, ԶՈՒ գնդապետ Գրիգորի Սահակյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է կուսակցություն ստեղծելու մասին։ Գրառման մեջ նշված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել ձեզ մեր թիմի կողմից կուսակցության ստեղծման մասին, որի անվանումն է «Վստահություն»։ 

Կուսակցությունը նպատակ ունի սահմանադրական կարգի շրջանակներում ուղիղ ժողովրդավարության և ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձևավորմանը, մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև ապահովել իր ներկայությունն օրենսդիր մարմնում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, հետամուտ լինել Արցախում իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն հատկանիշների, առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ, Արցախի շահերի գերակայության սկզբունքի հիման վրա՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի երկարատև ու կայուն զարգացումը:

Նաև տեղեկացնեմ ձեզ, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Ստեփանակերտ քաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատի 3-րդ հարկում՝ փոքր դահլիճում։
Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնեմ առաջիկայում»: