Գալուստ Գյուլբենկյանի մասին․ «Պարոն հինգ տոկոս»

Գալուստ Գյուլբենկյանի մասին․ «Պարոն հինգ տոկոս»

Աշխարհահռչակ գործարար եւ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքն ընթերցողի սեղանին է: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ միանգամից երկու լեզվով․ հայերեն եւ ռուսերեն։ Գիրքը թարգմանել է Սիլվա Հովակիմյանը: Ջոնաթան Քոնլինի՝ վերջերս հրատարակված եւ արդեն բեսթսելեր դարձած գիրքը բացահայտում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա: 

«Նախորդ տարի մեր հրատարակչությունը հայերեն թարգմանեց, այնուհետեւ հանրության դատին հանձնեց Քրք Քրքորյանի մասին պատմող Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը» գիրքը, որը շատ մեծ արձագանք գտավ ու դարձավ բեսթսելեր: Վստահ ենք, որ Գյուլբենկյանի մասին այս գիրքն էլ նման հաջողություն կունենա»,- իր խոսքում նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը՝ հավելելով, որ շուտով հրատարակչությունը մեկ այլ հայ բարերարի մասին գիրք կներկայացնի: 

Ամբողջ կյանքում Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից՝ այն աստիճան, որ այսօր նրանք, որոնց ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին հանրաճանաչության ձգտող իր որդու՝ Նուբարի հետ: Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ հիմնական փաստերը հիմնավորելը։

Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որեւէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ եւ այսքան երկարատեւ։