Ինչպե՞ս ծավալվեց Պրիգոժին-Շոյգու դիմակայությունը երեկվանից

Ինչպե՞ս ծավալվեց Պրիգոժին-Շոյգու դիմակայությունը երեկվանից

Այն, որ Wagner Group-ի հրամանատար Եվգենի Պրիգոժինի եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջեւ գոյություն ունի երկարատեւ դիմակայություն եւ Բախմուտի համար ուկրաինական ուժերի դեմ մղվող մարտերում դա վերածվել էր անթաքույց հակամարտության, գիտեն համարյա ամենքը: Երկու կողմերի միջեւ չդադարող լեզվական փոխհրաձգություններից հայտնի էր, որ Պրիգոժինը ՊՆ ղեկավարությանը մեղադրում է ուկրաինական ճակատում տեղ գտնող ռազմական սխալերի եւ տապալումների համար ընդհանրապես եւ Wagner-ի զինյալներին բավարար ռազմամթերք եւ տեխնիկա չմատակարարելու համար մասնավորապես: 

Դիմակայության եւ փոխադարձ դժգոհությունների այդ սագայում համեմամատաբար վերջերս տեղի ունեցած զարգացմանը, երբ ՌԴ ՊՆ-ն առաջարկեց բոլոր մասնավոր զինյալ խմբերին պայմանագրեր կնքել նախարարության հետ, սակայն Wagner Group-ը հրաժարվեց, նույնպես ամենքը տեղյակ են: 

Ահա այս իրադրությունում դժվար է կռահել, թե ինչից երեկ երեկոյան սկսեցին ձնագնդի արագությամբ ծավալվել զարգացումները: Ֆորմալ առումով չհայտարարված պատերազմը Պրիգոժինի եւ ՌԴ ՊՆ-ի միջեւ սկսվեց նրանից, որ Պրիգոժինը իր տելեգրամյան ալիքներով հայտարարեց, թե ՌԴ հրամանատարության կողմից հրահանգվել է Wagner-ի ճամբարներից մեկի գնդակոծում, թե հրթիռակոծում եւ իրենք ունեն տասնյակ զոհեր, որոնց համար վրեժխնդիր կլինեն: Որոշ ժամանակ անց ՊՆ-ն հերքեց, թե որեւէ հրահանգ կամ հարձակում է եղել Wagner-ի զինյալների վրա: Երկու կողմերից ով է ստում, դժվար է որոշել, երկուսն էլ ավելի քան դրան ընդունակ են: Ամեն պարագայում սակայն, ով ճիշտ, ով` սխալ, սա էր այն հայտարարությունը եւ կետը, որից երեկ երեկոյան սկիզբ առավ զարգացումների ձնագունդը: 

Պրիգոժինը հայտարարեց, որ սպանված Wagner-ականների համար իրենք վրեժ կլուծեն ՌԴ ՊՆ ղեկավարությունից, ովքեր թշնամու դեմ պայքարելու փոխարեն յուրայինների դեմ են պայքարում: Պրիգոժինը հայտարարեց, որ ինքը շուտով կհատի սահմանը, կանցնի ՌԴ եւ ՊՆ ղեկավարության դեմ պայքարը կառաջնորդի: ՊՆ-ից եւ ФСБ-ից Պրիգոժինի քայլը գնահատեցին որպես ռազմական հեղաշրջման փորձ, նրա դեմ քրեական գործ հարուցելու մասին հայտարարվեց, բայց կարծես դա ազդեցություն չունեցավ: Պրիգոժինը իր զինյալներով առանց բարդության ոչ միայն Ռոստովի շրջան, այլ ուղիղ Դոնի Ռոստով քաղաք հասավ, իր տելեգրամյան ալիքներով պատմեց, թե ինչպես են սահմանապահները ողջունել ու ողջագուրվել Wagner-ի զինյալների հետ եւ իրենց աջակցությունը հայտնել: 

ՌԴ ՊՆ-ից տեսնելով, որ տեղերում Եվգինի Պրիգոժինի առաջխաղացմանը ընդդիմացող չկա, գիշերվա կեսին ընդհատել էին ռուսական կենտրոնական ալիքների հեռարձակումները եւ հրատապ հայտարարել, որ ՊՆ-ի կողմից Wagner-ի դիրքերի, զինյալների վրա որեւէ հարձակում չի եղել, դա Պրիգոժինի սադրանքն է։ Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարն էլ իր հերթին էր գիշերվա կեսին դիմել Wagner-ականներին` կոչ անելով կանգ առնել, չգնալ Պրիգոժինի ետեւից եւ այլն: Սակայն ՊՆ-ի բոլոր այդ բացատրությունները, կոչերը, Պրիգոժինին հրապարակավ ռազմական հեղաշրջման նախաձեռնության մեջ մեղադրելը ռուս զինվորականության վրա տեսանելի ազդեցություն չունեցավ: Ոչ ոք չկարողացավ Պրիգոժինին ձերբակալել, փոխարենը որեւէ դիմադրություն ցույց չտրվեց Պրիգոժինի առաջխաղացմանը: Առանց մի դիմակայության ՊՆ զինվորականները նրա կարգադրություններին սկսեցին ենթարկվել, եւ հունիսի 24-ին  7:30-ին Եվգենի Պրիգոժինը Դոնի Ռոստովի կենտրոնում կանգնած տեսաուղերձով հավաստեց, որ քաղաքը, օդային տարածքը ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի կենտրոնակայանը առանց դիմադրության անցել են Wagner-ի վերահսկողության ներքո: 

Ամենաէականը` Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, թե ՌԴ բանակի կեսն է պատրաստ անցնելու Wagner-ի վերահսկողության ներքո: Բոլորն ասում են, որ Պրիգոժինը նման դիմակայության գնալով եւ այն հետզհետե սրելով, հազիվ թե առանց ծրագրի է գործում: Ինչ է նա հաշվարկել եւ նախապատրաստել, որ նման բացահայտ մարտահրավեր է նետել ՌԴ ՊՆ ղեկավարությանը դժվար է կռահել: Ամեն պարագայում Պրիգոժինը հայտարարել է, որ Wagner-ը կանգ չի առնելու, եւ ճանապարհին վերացնելու է ամեն խոչընդոտ, երեկ վառվող ռազմական ուղղաթիռի տեսանյութ էր հրապարակել, հայտնելով, թե դա Wagner Group-ի դեմ էր ուղարկված եւ օդում խոցվել ու վերացվել է, եւ այդպես է լինելու ամեն մեկի հետ, ով կփորձի Wagner-ի ճանապարհին կանգնել:

Ահա այս բարդ իրադրությունում Վլադիմիր Պուտինը այսօր` հունիսի 24-ի առավոտյան հեռուստաուղերձով դիմեց ՌԴ քաղաքացիներին` ըստ էության չասելով ոչինչ, ընդամենը երկու անգամ հոլովելով Wagner Group-ի անունը, մեկ անգամ գովաբանելով նրանց մասնակցությունը Նովոռոսիայի քաղաքների` Արտյոմովսկի եւ այլնի ազատագրմանը, մյուս անգամ` մեղադրելով խռովություն բարձրացնելու եւ դավաճանության մեջ: Պուտինը խոսեց շատ ավելի կարճ եւ լղոզված քան կարելի էր սպասել, սահմանադրությունը պաշտպանելու իր կամքի մասին ընդհանուր ֆրազներով, ինչից պարզ էր, որ իրադրությունը Պուտինի վերահսկողությունից դուրս է զարգանում, եւ հստակություն չկա, թե զարգացումները ինչ ընթացք կարող են ունենալ: 

Վլադիմիր Պուտինի հեռուստաուղերձի մասին ավելի մանրամասն` հաջորդիվ: