35 տարի անց Փաշինյանն արցախցիներին ասում է՝ իզուր եք ապստամբել ադրբեջանական բռնապետության դեմ

35 տարի անց Փաշինյանն արցախցիներին ասում է՝ իզուր եք ապստամբել ադրբեջանական բռնապետության դեմ

Փաշինյանի իշխանության սահմանադրական բարեփոխումների գործընթացը ղեկավարող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով հունիսի 16-ի Արցախի ԱԳՆ հայտարարությանը, ասում է. «Ինչ խոսք, շատ հեշտ է ասել՝ «Ադրբեջանը վատն է, իր հետ չենք բանակցի»: Բա հետո՞: Ակնհայտ է, չէ՞, որ եթե Ստեփանակերտը հրաժարվում է Բաքվի հետ խոսելուց, դա լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից ուժային քայլերի դիմելը»: 

Փաշինյանի իշխանության ուզածն այն է, որ արցախցիները համաձայնեն Ալիեւի՝ «երկխոսելու» պահանջին՝ հրաժարվեն իրենց ազգային ինքնությունից, հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն՝ Փաշինյանին ազատելով այդ գլխացավից, իսկ իշխանական կերակրատաշտից սնվողներին թույլ տան հանգիստ եւ անդարդ մարսել ստամոքս գնացող իրենց սնունդը: «Հասկանալի է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը բացահայտ դեմ են Մոսկվայում (իրենք դա չեն էլ թաքցնում): Բայց արդյո՞ք ռուսական խաղաղապահ ուժերը կմիջամտեն, եթե Ադրբեջանը դիմի ուժի»,- հարցնում է Դանիել Իոաննիսյանը: Իսկ ինչո՞ւ նա կամ որեւէ մեկը Փաշինյանին չի հարցնում, թե արդյոք Հայաստանը կմիջամտի՞, եթե Ադրբեջանը որոշի ցեղասպանություն իրականացնել Արցախում, արդյո՞ք Փաշինյանը հրաման կտա Հայաստանի զինված ուժերին՝ անցնել 1975 թվականի ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից գծված հայ-ադրբեջանական սահմանը եւ իր ուժերի կարեցածին չափով աջակցել արցախահայերին, թե՞ Փաշինյանը կդիմի Պուտինին, Մակրոնին եւ Բայդենին, որ նրանք կանխեն ցեղասպանությունը, իսկ ինքը եւ իր փաստաբանները կհայտարարեն, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ այդ երկրի տարածքում տեղի ունեցողն այդ երկրի ներքին գործն է, ինչին իրենք չեն կարող միջամտել:

Փաշինյանի ելույթն ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում եւ նրա շրջապատի հայտարարություններն ուղղված են մի բանի. արցախցիները թող որեւէ ակնկալիք չունենան Հայաստանից եւ Հայաստանի իշխանություններից: Փաշինյանն իր ելույթում ասում է, որ պատերազմի ժամանակ դիմել է Ռուսաստանի նախագահին, որ Ռուսաստանը դրոշներ դնի Հայաստանի սահմաններին եւ ռուսական զորք կանգնեցնի, որ Ադրբեջանը չանցնի Հայաստանի սահմանը: Փաշինյանի ասածը ոչ մի կապ չունի 2020 թվականի իրադարձությունների հետ, նա հիմա խոսում է դրա մասին՝ հասկացնելու համար, որ եթե Հայաստանն ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը, ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանները, ինչպե՞ս պաշտպանի Արցախը:

Զարգացնելով այս թեման եւ ներկայացնելով իր «վստահորդի» շահերը՝ նույն Իոաննիսյանը գրում է. «Հասկանալի է, Հայաստանը պետք է մաքսիմալ աջակցի, որ Արցախի հայերի իրավունքները պաշտպանվեն։ Բայց ո՞րն է դա անելու Ստեփանակերտի պատկերացումը։ Բացի անիրատեսական ու գիտաֆանտաստիկ մոտեցումներից, ի՞նչ լուծում են տեսնում պաշտոնական Ստեփանակերտում»: Անիրատեսականը եւ գիտաֆանտաստիկը հենց Հայաստանի կողմից ռազմական միջամտության ակնկալիքն է: Իսկ գուցե Իոաննիսյանը բացատրի, թե ինչ է հասկանում «մաքսիմում աջակցել» ասելով, մի քանի երկրի նամակ գրելն ու հեռախոսով սրա-նրա հետ խոսե՞լն են համարվում մաքսիմում աջակցություն:

1988-ին, երբ Ստեփանակերտում սկսվեցին վերամիավորման պահանջով ցույցերը, դրան զուգահեռ հանրահավաքներ տեղի ունեցան նաեւ Հայաստանում: Հայ ժողովուրդը, Հայոց համազգային շարժումը, որպես ազգային շարժման առաջնորդող ուժ, հայտարարեցին, որ Հայաստանը միայնակ չի թողնի արցախցիներին: Հայաստանը եւ հայությունը մոբիլիզացրին իրենց մարդկային, ֆինանսական եւ ռազմական ռեսուրսները՝ պաշտպանելու արցախահայությանը, ինչը պսակվեց հաջողությամբ եւ հաղթանակով: 35 տարի անց Իոաննիսյանն ու Փաշինյանը արցախցիներին ասում են, որ իզուր եք ապստամբել ադրբեջանական բռնակալության դեմ եւ իզուր եք հույս դրել Հայաստանի աջակցության վրա, Հայաստանում հիմա մի իշխանություն է, որը, բացի իշխանության ու նրա փաստաբանների անվտանգությունից, ուրիշ ոչնչով հետաքրքրված չէ, գնացեք եւ նորից ընդունեք ադրբեջանական հպատակությունը կամ՝ ինչ ուզում եք, արեք, բայց մեզ մի անհանգստացրեք:

Իրականում Փաշինյանը հասկանում է, որ այդքան հեշտ չէ ազատվել արցախահայության ճակատագրի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից: Իրեն չի հաջողվելու ասել՝ երկու ելք ունեք. կա՛մ թող ռուսները ձեզ պաշտպանեն, բայց այդ պաշտպանությունն էլ հուսալի չէ, կա՛մ պետք է համակերպվեք ադրբեջանական հպատակություն ընդունելու գաղափարի հետ ու համարեք, որ դրանով ձեռքերը լվացել ենք Արցախից: Ադրբեջանը հիմա գործում է անառիկ ամրոցներ գրավելու՝ դարերով փորձված տարբերակով. նախ սովամահության հասցնել ամրոցի բնակիչներին, հետո գրոհել ամրոցը, այն հույսով, որ կա՛մ ամրոցում դավաճաններ կլինեն ու կբացեն ամրոցի դարպասները, կա՛մ իրենց կհաջողվի կոտորել ու ոչնչացնել ամրոցի բոլոր պաշտպաններին:

Երբ Ադրբեջանը հարձակում սկսի Արցախի նկատմամբ, հույս կա, որ հայ հասարակությունը կարող է իսկապես դուրս գալ ներկա անտարբերության եւ համակերպվածության վիճակից եւ կրկին գիտակցել իր պատասխանատվությունն Արցախի ու արցախցիների ճակատագրի նկատմամբ: Որովհետեւ եթե Ադրբեջանին հաջողվի հերթական ցեղասպանությունն իրագործել, իսկ հայ հասարակությունը ենթարկվի փաշինյանական տրամաբանության մեջ, թե՝ մենք ի՞նչ կարող ենք անել, Ադրբեջանն ավելի ուժեղ է, ապա ցեղասպանության պատասխանատվությունը չի լինելու միայն Փաշինյանինը եւ նրա շրջապատինը, դրա պատասխանատուն լինելու է ամբողջ հայ ժողովուրդը՝ անկախ իր բնակության վայրից եւ զբաղեցրած դիրքից: 

Ավետիս Բաբաջանյան