Երեխաները վիրավորվում են սրտով, մեծահասակները՝ մտքով․ Կոկո Շանել

Երեխաները վիրավորվում են սրտով, մեծահասակները՝ մտքով․ Կոկո Շանել

«Մանկական վիրավորանքներն ամենից ուժգինն են եւ հիշվում են մնացած վիրավորանքներից ավելի երկար, քանի որ երեխաները սրտով են վիրավորվում, մեծահասակները՝ մտքով։ Միտքը ի զորու է հաղթահարել վիրավորանքը, սիրտը՝ ոչ։ Սրտի վրա մշտապես դաջվում ու մնու մեն այն սպիերը, որոնք հնարավոր չէ հարթեցնել, ինչպես կտորի դարձածալը։ 

Սակայն թերեւս ամեն ինչ պետք է ներկայացնել ըստ պատշաճի, թերեւս։ Փորձեմ ․․․

Մանկությունից լավ հիշում եմ հորս, վատ՝ մորս։ Չեմ հիշում, թե չեմ ուզում հիշել։ Թերեւս երկրորդը։ 
Նա հաճախ էր հազում, շնչահեղձ լինում։ Հետագայում ինձ թվում էր, որ նա թոքախտով է տառապել։ Ամենայն հավանականությամբ, այո, թոքախտով։ Մայրս խորհրդանշում էր աղքատությունը, տառապանքներն ու սպասումները։ «Այ, հայրիկը կգա ․․․» Նրա պատմածներից կարելի էր կարծել, որ հայրս վերադառնալու էր տոնովաճառներով իր անվերջանալի ուղեւորություններից, եւ մենք գնալու էին մի ավելի լավ կյանք, որտեղ ցուրտը չկար եւ ուր ամեն ինչ միշտ լուսավոր, էր, տաք ու կուշտ։ Եւ նաեւ՝ ուրախ։ Հայրս ասոցացվում էր այդ կյանքը եւ հույսի հետ։ 
Աստիճանաբար ինձ սկսեց թվալ, որ հենց մայրս էր մեղավոր, որ նա չէր ապրում մեզ հետ, ինչպես մյուս հայրերը։ Երեւի նա զզվել էր կնոջ հիվանդ լինելուց եւ նվնվոցից։ 

Մի անգամ ես հետաքրքրվեցի, թե ինչու հայրիկը մեզ էլ չի տանում իր հետ այդ հիասքանչ հեռուները։ Գուցե այնտեղ նա ուրիշ ընտանիք ունի։ Մայրս զայրացավ ու սկսեց ինքն էլ բացակայել։ Նա գնում էր ամուսնու հետեւից եւ ծննդաբերում երեխաներ։ Իսկ հետո՝ մահացավ։ 

Հինգ երեխաներին ինչ որ տեղ պահել էր պետք։ Չէ որ հայրս այդպես էլ օրհնյալ վայրեր չգտավ։ Սակայն ազգականները մեզանից հրաժարվեցին։ Հնարավորություն չունեին որբերին օթեւան տալու։ «Որբ»։ Ատում եմ այդ բառը։ Որբը դա այն է, երբ դու ոչ մեկին պետք չես։ Ընդ որում, ցանկացած մեկը կարող է քեզ մատով ցույց տալ ու այդ մասին ասել բարձրաձայն։ Դուք կուզենայիք նման մանկություն հիշել։ 

Թվում էր, թե մենք քույրերով բավականաչափ մեծ ենք, որպեսզի այդ գեղեցիկ կյանքը հայրիկի հետ փնտրենք։ Չէ որ նրա հետ անիվների վրա էր մայրս։ Սակայն նա այլ կերպ էր կարծում եւ մեզ տարավ Օբազինի որբանոց։ «Ես կվերադառնամ, անպայման կվերադառնամ ձեր հետեւից ․․․»։ 
-Երբ գեղեցիկ կյանքը գտնես։
-Այո, անպայման։ 

Նայում էի հորս հետեւից եւ հասկանում, որ նա չի վերադառնա եւ որբությունն ընդմիշտ է մեզ համար։ Սակայն միթե կարելի է հավատալ նրան, որ ոչ մեկին պետք չես, երբ դու տասներկու տարեկան ես։ Սրտի վրա արդեն սպի կար, բայց այն դեռ նախընտրում էր հուսալ»։ 

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրական գրքից

Արամ Յանին