Տարբեր գաղտնի խոսակցությունների ազդեցության տակ էին Փաշինյանի այդ օրվա հայտարարությունները

Տարբեր գաղտնի խոսակցությունների ազդեցության տակ էին Փաշինյանի այդ օրվա հայտարարությունները

Հինգշաբթի օրը Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթով հանդես եկավ՝ պայմանավորված վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շուրջ իրավիճակով։ Ելույթի ավարտին խոսեց այն մասին, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի կապն ապահովել։ Եվ հաստատեց այս պարտավորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանն ամեն օր էլ պատրաստ է, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում Հայաստանի ընձեռած հնարավորություններից։ Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը և ցանկացած օր, ցանկացած ճանապարհով կարող է ուղեւորվել Նախիջևան։ 

Զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ: 

- Պարոն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը և գնալ Նախիջևան: Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Այժմ, Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:

- Ամենակարևոր հարցերում այս իշխանություններն անկարող են խորամուխ լինել, նրանք պարզապես ի վիճակի չեն գիտակցել հարցի լրջությունը: Անտարբերությունն այսօրվա կառավարությանը շատ բնորոշ է: Սա նորություն չէ: Մի բան ասում են, հետո էլ՝ ինչ կլինի, կլինի, իրենց համար դա էական չէ: Եթե նրանք մի փոքր խորամուխ լինեին, հանգամանքները փորձեին տարբեր կողմերից դիտարկել, ապա մենք այս վիճակում չէինք լինի: Հայաստանն այսօր որդի գլխի նման է: Փաստորեն այն թեզը, թե Հայաստանի սուբյեկտայնությունը նվազում է և մենք միջազգային հարաբերություններում սուբյեկտից վերածվում ենք օբյեկտի, արդեն իրողություն է: Այս իշխանությունները միայն իրենց սեփական կաշին փրկելու մասին են մտածում: Շարժվում են միայն իրենց իշխանության կյանքը երկարացնելու մոլուցքով: Մնացածն իրենց համար կարևոր չէ:

- Այստեղ կա՞ անվտանգության խնդիր: Վարչապետը հայտարարում է, թե թշնամի պետությունից կարող են Հայաստան ազատ ելումուտ անել, սակայն չի մանրամասնում, թե ինչպես:

- Դուք որպես լրագրող ավելի շատ եք խորամուխ լինում, մտահոգվում այդ հարցերում, քան օրվա իշխանությունները: Մարդկանց ցույց տալու համար մի բան էր պետք ասել՝ ասացին: Մեծ հաշվով, թե ինչ հետևանքներ կունենա այդ ամենն, իրենց համար կարևոր չէ: Քննարկումների և տարբեր գաղտնի խոսակցությունների ազդեցության տակ էին Նիկոլ Փաշինյանի այդ օրվա հայտարարությունները, սակայն առանց բազմակողմանի գնահատման նման հայտարարությունները կարող են լուրջ վնասներ հասցնել մեր ազգային շահերին:

- Ստացվում է, որ Փաշինյանի հայտարարություններին Դուք այնքան էլ լուրջ չեք վերաբերվում:

- Լուրջ վերաբերվում ենք այնքանով, որ նա խոսում է Հայաստանի Հանրապետության անունից: Կան մի շարք անորոշություններ, որոնց մասին մենք ոչ մեկս պատկերացում չունենք անգամ: Մենք տեսնում ենք միայն այսբերգի գագաթը: Իրենք գուցե շատ բան գիտեն, շատ պայմանավորվածություններ ունեն գաղտնի և այլն: Մենք էլ մի օր կարթնանանք ու անակնկալի կգանք: Ես հիմա չգիտեմ, թե օրվա իշխանություններն ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել և ինչ ընթացք կարող է այն ունենալ, սակայն մի բան գիտեմ առավել քան հստակ` պետք չէ այդտեղ փնտրել Հայաստանի շահը….