Գնա՞լ, թե՞ չգնալ Աղավնո
Համացանցում մեկ-երկու օր առաջ քաղաքացիական նախաձեռնություն էր ծագել Լաչինի միջանցք, հատկապես Աղավնո գնալու առումով: Որպեսզի կասեցվի բնակիչների տարհանումը մինչև սեպտեմբերի 1-ը: Սակայն գնալու հարվը միանշանակ չէ՝ ծագում են բազմաթիվ հարցեր: Ի՞նչ կտա Աղավնո գնալը: Բայց մինչ այդ տանք մեկ այլ հարց՝ որքա՞ն մարդ կգնա Աղավնո: Իսկ այնուհետև մյուսը՝ կթույլատրվի արդյո՞ք այդ անձանց մուտքը Արցախ: Թե՞ ռուս խաղապահները դեմ կլինեն դրան: Եթե նույնիսկ ինչ-որ քանակի մարդ հասնի Աղավնո՝ որքա՞ն ժամանակ է մնալու այնտեղ: Եվ այդ դեպքում ո՞րն է լինելու ռուս խաղաղապահների դերը: Նրանք պե՞տք է պաշտպանեն Աղավնո մտած մարդկանց, թե՞, ընդհակառակը, փորձեն հեռացնել նրանց այդտեղից: Եվ վերջին հարցը՝ ի՞նչ կարող են անել անզեն մարդիկ, եթե ադրբեջանական զինվորներն ավտոմատներով փորձեն նրանց հեռացնել միջանցքից: Մի հարց էլ՝ վերջին հարցը: Կհաջորդի արդյո՞ք այդ այցին Փաշինյան Նիկոլի հեռացումը վարչապետի պաշտոնից: Թե՞ դա կլինի ընդամենը մեկ ակցիա, որից հետո ամեն ինչ կշարունակվի նախկինի նման:
Բնականաբար, այս հարցերի պատասխանները չունի ոչ ոք: Իհարկե, շատ ավելի հեշտ կլիներ նման քայլ անողների վիճակը, եթե նախապես ունենային այս հարցերի պատասխանները: Եվ մի զարմանալի դիտարկում՝ քաղաքական ուժերը կարծես թե որևէ արձագանք չեն տվել այս առաջարկին: Չի ասվել՝ կողմ են, թե դեմ, միանում են, թե ոչ: Ընդհանրապես, նման քայլերը կարող են ավարտվել հաջողությամբ կամ տապալվել՝ 50-50: Պատմությունից մի օրինակ բերեմ, որ հեռավոր նմանություն ունի այս պատմության հետ: Դա 1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի մանուկների կողմից Երուսաղեմի ուղղությամբ իրականացված խաչակրած արշավանքն էր: Այն չհասավ իր նպատակին, արդյունքում տասնյակ հազարավոր մանուկներ մահացան կամ վաճառվեցին ստրկության Եգիպտոսում: Միայն մի մասին հաջողվեց հետ վերադարձնել Եվրոպա:
Մեկ այլ դիտարկում ևս:
Դեպի Արցախ մարդկանց պաշտպանելու, կամ, ընդհակառակը, նրանց հոսքը կասեցնելու և կամ այնտեղ հայտնվածներին հեռացնելու համար, որքան հասկանում եմ, ստիպված է լինելու միջամտել ռուսական խաղաղապահ ջոկատը: Դա նշանակում է վերջինիս նկատմամբ բացասական վերաբերմուքի կտրուկ աճ Հայաստանում (վերջին երկու տարբերակի դեպքում): Ինչը չեմ կարծում, թե օգտակար է մեր երկրի տեակետից: Բայց այն օգտակար կլինի Ադրբեջանին և այդպիսին կարող է լինել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար: Եթե վերջինս որոշի, որ հանուն իր խաղաղության օրակարգի Արցախը պետք է ամբողջությամբ հանձնվի: Եվ ինքն այլևս չունի ռուսական զորաջոկատի կարիքը, և այն կարող է հեռանալ: Այնուհետև հերթը կհասնի նաև ռուսական ռազմաբազային: Այնպես, որ այդ քայլի բացասական կողմերը բավական լուրջ են:
Իհարկե, կարելի ուշադրություն չդարձնել վերը նշված հարցերին ու բացասական կողմերին և փորձել կյանքի կոչել այդ գաղափարը: Այդ դեպքում կարող է այնպես ստացվել, որ այդ մտահղացումը կաջողությամբ պսակվի: Իսկ դրանից հետո շղթայակապ իներցիայով հաջողվի պաշտոնից հեռացնել Նիկոլին: Ի վերջո, միշտ էլ առկա է ռուսական «Кто не рискует - тот не пьёт шампанского» արտահայտությունը:
Կարծիքներ