Մոցարտի մեծ սերը

Մոցարտի մեծ սերը

Կոնստանցիա Վեբերը Մոցարտի կյանքում հայտնվեց վերջինիս համար բարդ ժամանակաշրջանում եւ մնաց նրա կողքին մինչեւ վերջ… հանճարի լուռ ու խաղաղ մուսան, սիրելին, ընտանեկան օջախի պահապանն ու հավատարիմ ընկերը:

Ոսկի սրտով…

Երաժշտության պատմության մեջ Կոնստանցիա Վեբերի մասին ոչ բոլոր գրվածքներն են արդարացի: Շուրջ երկու հարյուր տարի է անցել նրա հանճարեղ ամուսնու` Մոցարտի մահից, սակայն ինչ մեղադրանքներ ասես, որ չեն հնչել Վեբերի հասցեին արվեստաբանների, գրականագետների, երաժիշտների կողմից: «Կոկետուհի», «հիմար հավ», «դատարկախոս», ում տեղը, ըստ նրանց, հանճարի կողքին չպիտի լիներ:

Մոցարտի արվեստի «հետազոտողներից» մեկը նույնիսկ նրան անվանել է «անկիրթ ու ոչ երաժշտական»: Սա ասված է մի կնոջ մասին, ում Մոցարտը վստահում էր համերգներին կատարել արիաներ իր օպերաներից, ում հետ քննարկում էր իր գաղափարները, ծրագրերը, եւ ում խորհուրդներին նա հետեւում էր: Իհարկե, Կոնստանցիան ուներ թերություններ, սակայն Մոցարտը կարողացավ նրա մեջ տեսնել այն, ինչն ինքը շատ էր գնահատում, փայփայում, եւ ինչը ջերմացնում էր նրան իր կյանքի 9 լավագույն տարիների ընթացքում… սերը:
Մոցարտը հանճարեղ էր: Ամբողջ Եվրոպան էր հիանում նրա «երկնային երաժշտությամբ»: Մշտապես գտնվելով ազնվականների գովասանքների ներքո, ֆլիրտներ անելով բազմաթիվ ազնվական կանանց հետ` ի վերջո Վոլֆգանգն ամուսնանում է չկրթված ու երաժշտությունից հեռու Կոնստանցիա Վեբերի հետ: 

Հորն ուղարկած նամակում Մոցարտը գրում է` Կոնստանցիան գեղեցիկ չէ, սակայն ոսկի սիրտ ունի եւ հրաշալի տնտեսուհի է: Ո՞վ կմտածեր, որ հենց այս կնոջ հետ է Մոցարտը երջանիկ լինելու:

Հանճարի ու նրա մուսայի` Կոնստանցիայի հանդիպումը

Դեռ մանկուց Մոցարտը շրջապատված էր կանանցով, եւ նա բազմիցս է ասել, որ եթե ինքն ստիպված լիներ ամուսնանալ այն բոլոր կանանց հետ, որոնց հետ շփվել է, ապա նրա ամուսնությունների թիվը 100-ից պակաս չէր լինի:

Իր հերթական համերգներից մեկի ժամանակ Մոցարտը լուրջ սիրահարվում է 16-ամյա Ալոիզա Վեբերին: Մոցարտի հայրը դեմ էր այդ ամուսնությանը, քանի որ Վեբերների ընտանիքն ավելի ցածր սոցիալական խավից էր, քան իրենց ընտանիքը: Նա Մոցարտին հրամայում է տուն վերադառնալ: 
Մի քանի ամիս անց Մոցարտը վերադառնում է սիրելիի մոտ` հարաբերությունները վերսկսելու առաջարկով, սակայն Ալոիզայի զգացմունքներն արդեն մարել էին, եւ նա մերժում է Մոցարտին: 25-ամյա Մոցարտը հիմա էլ աչքի տակ է առնում Ալոիզայի կրտսեր քրոջը` Կոնստանցիային: Այս անգամ արդեն խաղի մեջ է մտնում աղջկա մայրը: Նա գործի է դնում կանացի բոլոր խորամանկությունները` Մոցարտին ձեռքից բաց չթողնելու համար: Խորամանկ կինն ինքն է բամբասանքներ տարածում, թե Մոցարտը շատ մտերիմ է եղել իր աղջկա հետ: Հետո Մոցարտին ասում է, որ վերջինիս ու Կոնստանցիայի կապի մասին բոլորն են խոսում, եւ որ իր աղջկա համբավը վատաբանվել է: Խորամանկ կինն ուլտիմատում է դնում Մոցարտի առաջ եւ նույնիսկ վերջինիս ստիպում ստորագրել ամուսնական պայմանագիր. եթե չամուսնանա Կոնստանցիայի հետ, կպարտավորվի տարեկան վճարել 300 գուլդեն: Մոցարտը չէր էլ պատրաստվում թողնել Կոնստանցիային, եւ ի վերջո նրանք ամուսնանում են:

Իննամյա անչափելի երջանկություն…

Նրանց ամուսնությունը բարեհաջող էր, նրանք երջանիկ էին: Այն տեւում է 9 տարի եւ ընդհատվում Մոցարտի վաղաժամ մահով: Նրանք շատ համապատասխան զույգ էին. սիրում էին վայելել կյանքը եւ գումարի պակաս չունեին: 

Լարված աշխատանքը Մոցարտից մեծ էներգիա էր խլում: Եթե նա որեւէ տեղ էր մեկնում, կնոջը գրեթե ամեն օր ջերմ ու քնքուշ նամակներ էր գրում: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Մոցարտը հավատարիմ ամուսին էր: 

Սա ամուսնություն էր սիրով լեցուն, հանճարեղ կոմպոզիտորի ու ոչ պակաս հանճարեղ մի կնոջ միջեւ, ով ամուսնուն երջանկացրեց ոչ թե իր արտաքին, այլ ներքին, հոգեկան գեղեցկությամբ:
Նրանց ամուսնությունը կրքերի փոթորիկ չէր, այն նման էր խորը, ջինջ ու լեցուն գետի, որտեղ նրանք 9 տարի լողում էին սիրո մեջ:

Մոցարտի մահից հետո Կոնստանցիան կրկին ամուսնանում է: Նրա երկրորդ ամուսինը` Նիսսանը, օգնում է Կոնստանցիային գրել Մոցարտի առաջին կենսագրականը:


Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութի աղբյուր` storyfiles.blogspot.com